«Հայանտառ»ի ՀԱԱՀ-ի եւ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Փետրվարի 27-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՀՀ ԳԱԱ «Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժիրայր Վարդանյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, համատեղ գիտակրթական գործունեության ուղղությամբ փոխադարձ պարտականությունների ստանձնումը, ինչպես նաև՝ բարձրորակ անտառագետ մասնագետների պատրաստումը։

Հուշագրի ստորագրումից հետո կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել և կարևորել արդյունավետ գործակցությանն ուղղված քայլերը։

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր խոսքում նշել է՝ սույն հուշագրի կնքնման նախաձեռնությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկլանինն է։ Մանուկյանն էլ իր հերթին Թարվերդյանին շնորհակալություն է հայտնել առաջարկն ընդունելու համար, ապա ընդգծել՝ «Հայանտառ»-ում իրականացվող համակարգային փոփոխությունների համատեքստում այս հուշագիրը ևս շատ կարևոր դերակատարություն ունի։

Միքայել Մանուկյանը նաև նշել է, որ անտառային ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստումն անչափ կարևոր է։ «Առաջինը պետք է սկսենք կրթելուց, մեր մասնագետներին վերապատրատելուց»,- ընդգծել է Մանուկյանը, ապա հավելել, որ «Հայանատառ»-ը պետք է իր դեմքը փոխի, այլ որակի աշխատանք պետք է կատարի։

ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն էլ իր խոսքում շեշտել է, որ հուշագրով հնարավոր է դառնում ՀԱԱՀ-ում առաջատար մասնագետների ուժերով իրականացնել չափազանց կարևոր գործ, այն է՝ արտադրությունում աշխատող կադրերի վերապատրաստման կազմակերպում: Թարվերդյանի խոսքով՝ համալսարանը շահում է կարևոր մի բան՝ ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներն անտառային տնտեսություններում կազմակերպելու առումով:

«Սա նախ հնարավորություն կտա գործնական հմտություններով մասնագետներ պատրաստել և երկրորդ՝ անտառային ոլորտի աշխատակիցների համար հեշտանում է ապագա մասնագետների ճիշտ ընտրությունը»,- ասել է Թարվերդյանը։

hayantar.am

Տպել Տպել