Ադրբեջանցիների սադրանքը տապալվել է

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել է ադրբեջանցի ուսանողների մասնակցությամբ միջադեպի մասին: Ըստ տեղեկությունների՝ «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան» «Արցախի խնդրի իրավական կողմը թեմայով» միջոցառում էր կազմակերպել Բրյուսելի Եվրախորհրդարանի շենքում, որին մասնակցել են նաև ադրբեջանցի ուսանողներ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` ազերի ուսանողներն իբր վատ վիճակում են դրել հայկական պատվիրակությանը: Սակայն տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Araratnews.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամներից ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մանրամասնեց՝ ինչ է եղել. «Ադրբեջանցի ուսանողները Խոջալուի դեպքերի մասին հարց տվեցին, երբ Արցախի փոխարտգործնախարարը խոսեց Սումգայիթի ջարդերի մասին: Ազերի ուսանողների հարցին հայկական պատվիրակության անդամ Արցախի փոխարտգործնախարարն արժանի պատասխանեց: Նրանց մյուս հարցը վերաբերում էր Ռուսաստանի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելուն: Այդ հարցին էլ ռուս մասնակիցներից մեկը պատասխանեց: Հարցերից մեկն էլ վերաբերում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւին, որին էլ ես պատասխանեցի»:

Այն տեղեկությունները, թե իբր ադրբեջանցի ուսանողները խայտառակել են հայկական պատվիրակությանը, Կիրո Մանոյանը հերքեց, դրանք իրական չեն:

Ազերի ուսանողները A4 չափսի թղթերով, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության մասին էին աղմկում, սակայն անվտանգության աշխատակիցներն արագ հավաքեցին դրանք եւ նետեցին աղբարկղը: Չնայած ազերիների այսպիսի պահվածքին` հայկական պատվիրակությունը դեմ չի եղել, որ նրանք մասնակցեն համաժողովին: «Մենք հայտարարեցինք՝ եթե ուզում են մասնակցել համաժողովին, պետք է լուռ լինեն»,- ասաց Կիրո Մանոյանը:

Սոնա Դավթյան

Չտևեց անգամ մեկ րոպե. Կիրո Մանոյանը հերքում է Արցախի թեմայով միջոցառումը տապալելու՝ ադրբեջանական կողմի զառանցանքները

Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվում է այն տեղեկությունը, թե իբր ադրբեջանցի ուսանողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիա»-ի կողմից Բրյուսելում` Եվրախորհրդարանի շենքում, անցկացված «Արցախի խնդրի իրավական կողմը» թեմայով միջոցառման ժամանակ:

Yerkir.am-ը զրուցեց հայկական պատվիրակության անդամներից ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ, ով կտրականապես հերքեց ադրբեջանական կողմի պնդումները: Նա մանրամասներ ներկայացրեց, թե իրականում ինչ է եղել:

«Դեպքը տեղի ունեցավ փետրվարի 27-ին: Ադրբեջանցի ուսանողները փորձեցին խանգարել, սակայն ձախողեցին: Նրանք ցուցանակներով, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության մասին էին աղմկում, սակայն անվտանգության աշխատակիցներն արագ հավաքեցին դրանք և նետեցին աղբարկղը: Դա չտևեց անգամ մեկ րոպե»,- ասաց Մանոյանը:

Նա հավելեց, որ միջադեպից հետո հայկական պատվիրակությունը դեմ չի եղել, որ նրանք մասնակցեն համաժողովին:`«Մենք թույլ տվեցինք, որ մասնակցեն համաժողովին` այն պայմանով, որ հանգիստ կմնան: Այդպես էլ եղավ»,- ասաց Կիրո Մանոյանը:

Տպել Տպել