Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ սենատին նամակ է հղել

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:

«Ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է Արցախի ականազերծման և վերականգնման, շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղակայելու վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի առաջարկի իրականացման, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական և ռազմական կապերն ընդլայնելու և երկրին՝ որպես Մերձավոր Արևելքից փախստականների համար տարածաշրջանային ապաստան աջակցելու համար»:

Բաց նամակն ուղարկվել է ԱՄՆ սենատի հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանի կողմից:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն:

anca.org

Տպել Տպել