Ես հաճոյացող մարդ չեմ

«Իրատեսը» գրել էր, որ դաշնակցական Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը փոխվարչապետ դառնալու համար կուսակցությունում «կռիվ են տվել», սակայն պարզվել է` իշխանությունը նրանցից ոչ մեկին չի ցանկանում այդ պաշտոնում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց կուսակցությունում երբևէ նման հարց չի քննարկվել:

-Այդ հարցը փակված է,- ասաց նախարարը: Մեզ մոտ չի քննարկվել այդպիսի հարց, նույնիսկ այդ մասին չի բարձրաձայնվել:

-Մամուլը գրել էր, թե «Արքայաձոր» ռեստորանային համալիրում Կարեն Կարապետյանը հավաքել է կառավարության անդամներին, որտեղ Դուք հաճոյացել եք վարչապետին:

-Ես հաճոյացող մարդու նմա՞ն եմ: Մոտեցեք վարչապետին, բոլոր նախարարներին, հարցրեք` Լոքյանը մեկ կենաց անգամ ասե՞լ է, հետո եկեք ու ինձ ամենավերջին բառերն ասեք: Ես այդ օրն անգամ բաժակ չեմ բարձրացրել, կենաց չեմ ասել: Խնդրել են, որ ասեմ, ասել եմ՝ ոչ: Նստած եմ եղել վարչապետից մոտ տասը մետր հեռավորության վրա, կողքիս եղել են փոխվարչապետն ու էներգետիկայի նախարարը:

-Բայց շա՜տ անջիգյար նախարար եք, մի կենացն ի՞նչ է, որ խնայել եք վարչապետին:

-Նույնիսկ առաջարկել են, որ կենաց ասեմ, ես էլ ասել եմ՝ ոչ:

-Ինչու՞, հիմա էլ այլ թեմա եք տալիս մամուլին:

-Այդ օրը խոսելու ցանկություն չունեի: Ես անգամ վարչապետի հետ չեմ խոսել: Ես զարմացա, ինչպե՞ս կարելի է նման անպարկեշտ բան գրել: Էլի եմ ասում, ասել են՝ կենաց ասա, չեմ ասել:

-Լավ, հաջորդ անգամ կասեք:

-Չէ, չեմ ասի: Մարդիկ բաներ են վերագրում ինձ, որ իմ էությանը տրամաբանորեն հակառակ են: Ես սեղանների շուրջն ընդհանրապես այդպիսի բաներ չեմ անում:

Ճեպազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի

Տպել Տպել