Նախագահ Սահակյանի վաշինգտոնյան ելույթի շեշտադրումները. մեկնաբանում է Շահան Գանտահարյանը

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես, որտեղ հանդես է եկել ելույթով:

Ի՞նչ հիմնական շեշտադրումներ են եղել Արցախի Նախագահի ելույթում. «Արցախպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

– Նախագահ Սահակյանի ելույթը Վաշինգտոնում արցախյան հակամարտության էությունը պարզելու եւ ուղերձներ փոխանցելու առումներով` համապատասխան քաղաքական բառապաշարով, թեմաների եւ շեշտադրումների ճիշտ ընտրությամբ եւ անգամ քաղաքագիտական ժամանակակից եզրաբանության օգտագործումով միջավայրային ընկալելիություն ապահովեց։ Այնտեղ նկատելի է Բաքվի հակաարժեքային հանգամանքը ԱՄՆ-ի բարձրացրած կարգախոսների` մարդու իրավունքների, հակամարտության խաղաղ կարգավորման եւ ուժի բացառումով լուծելու սկզբունքների հանդեպ։ Նկատի ունենալով հակաահաբեկչական միջազգային դաշինք ղեկավարելու ԱՄՆ-ի կարգավիճակը՝ փաստերով հիմնավորված Ադրբեջանը ներկայացվեց՝ իբրեւ ահաբեկչական պետություն։

Շ. Գանտահարյանի խոսքով՝ այս հանդիպումների քաղաքական ենթահողի ձևավորումը արդյունք է Արցախի Հանրապետության համապատասխան գերատեսչութունների եւ Հայ Դատի գրասենյակների համատեղ ջանքերի, ինչը նպաստում է ԱՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին, որի գերակշռող մասը, ինչպես հաստատեց նախագահ Սահակյանը, կապված է ԱՄՆ-ին՝ հատկապես ֆինանսական օժանդակությունները, Ադրբեջանի ագրեսիան դատապարտող ամերիկյան փաստաթղթերը եւ նահանգային ու քաղաքային մակարդակների վրա ճանաչումի որոշումները նկատի ունենալով։

artsakhpress.am

Տպել Տպել