Կոնգրեսականները և Հայ դատի հանձնախումբը ողջունում են Արցախի նախագահի այցը Միացյալ Նահանգներ

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն նշանավոր դերակատարություն կունենա Արցախ-ԱՄՆ հարաբերությունների համար: Այդ մասին Կոնգրեսում տեղի ունեցած Բակո Սահակյանի և կոնգրեսականների հանդիպման արդյունքներն ամփոփելիս նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը՝ ավելացնելով, որ Բակո Սահակյանի այցն Բաքվի՝ ԱՄՆ-ի խնդրանքին ուղղված ակնհայտ էր մերժում, քանի որ ադրբեջանական կողմը հորդորել էր ԱՄՆ վարչակազմին հրաժարվել Արցախի հետ երկխոսությունից: «Արցախի նախագահի այցը նաև փաստում է ԱՄՆ-ի ու Արցախի հավատարմությունը՝ միակ կենսունակ խաղաղության ուղուն»,– ասել է Արամ Համբարյանը:

Արամ Համբարյան

Ֆրենկ Փալոնեն

Իր հերթին, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կարևորել է երկխոսության նկատմամբ արհեստական խոչընդոտների վերացումը և ընդգծել Արցախ մեկնելու անհրաժեշտությունը: «Երբ մենք նախորդ սեպտեմբերին Հայաստանում էինք՝ մենք վարչակազմի կողմից համոզվել էինք, որպեսզի չմեկնենք Արցախ, ինչը կարծում եմ, շատ սխալ էր: Այցելություններն Արցախ շատ կարևոր են, անգամ այն պարագայում, որ ԱՄՆ-ը չի ճանաչել նրա անկախությունը»,- ասել է նա: Միաժամանակ, կոնգրեսական Փալոնեն կարևորել է ԱՄՆ-ի կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակությունը և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված Ռոյս-Էնգել զույգի առաջարկությունների իրականացումը:

Ջեքի Սփայեր

Մեկ այլ կոնգրեսական Ջեքի Սփայերը նշել է, որ այս տարի գլխավորելու է Կոնգրեսի պատվիրակությունը Հայաստան և Արցախ այցելելու համար, որպեսզի բոլորին օգնի հասկանալ և գնահատել, թե ինչ մեծ ու բարգավաճ երկիր է Արցախը և որքան կարևոր է ճանաչել նրան որպեսի Հայաստանի մաս:

Ադամ Շիֆ

Իր հերթին, կոնգրեսական Ադամ Շիֆը ևս կարևորել է Ռոյս-Էնգել զույգի առաջարկությունների իրականացումը:«Դրանք, իհարկե, աջակցություն են ստանում Հայաստանի ու Արցախի կողմից, բայց Ադրբեջանը դրանք մերժում է, որը մշտապես եղել է ագրեսոր և պատերազմող: Այս պարագայում Ադրբեջանը կարող է նոր պայթյուն առաջացնել տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միլիոնավոր դոլարներ ծախսել սպառազինություն ձեռք բերելու համար: Սեփական երկրում չունենալով վստահություն՝ կա մեծ հավանականություն, որ նա կգնա այդ քայլին: Մենք պետք է պնդենք խաղաղությունը և զսպենք նրանց, ովքեր փորձում են խախտել այն»,– ասել է Շիֆը:

armenpress.am

Տպել Տպել