ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 37 անդամ միացել է Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության կոչին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնին՝ կոչ անելով աջակցել Արցախի և Հայաստանի համար 2019 ֆինանսական տարում 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Այդ մասին հայտնում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը:

«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտիքը հայտնել կոնգրեսական Փալոնին, Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» օգնության փաթեթին աջակցելուն»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին:

Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են անցած ամիս արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացրած նամակով առաջարկված օգնության ծավալներին:

Հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն: Հանձնախումբը խնդրել է նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին:

tert.am

Տպել Տպել