Կոալիցիայում քաղաքական ուժեր են, որոնք միասին որոշում են ինչ ճանապարհ են անցնելու

Ըստ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի ապրիլից հետո ՀՅԴ-ի պորտֆելների մասով բան չի փոխվելու:

«Չկան այդպիսի բանակցություններ: Ենթադրում եմ, որ այն ինչ դաշնակցությունն ունի կշարունակի պահպանել, եթե քաղաքական համաձայնությունը կկայանա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Լոքյանը:

Հարցին, թե նա շարունակելո՞ւ է պաշտոնավարել, Լոքյանն ասաց.

«Ես գուցե չշարունակեմ ղեկավարել, բայց կուսակցությունն այդ կառավարության կազմում կլինի: Մենք կոալիցիան շարունակելու ենք, իսկ թե ես նախարար կմնամ, թե՝ ոչ, չեմ կարող ասել»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին, թե այդ քննարկումները ՀՅԴ-ում ե՞րբ են սկսվելու՝ արդյո՞ք նախարարների փոփոխություն լինելու են, Լոքյանը նշեց, որ ներկուսակցական քննարկումները դեռ չեն սկսվել, մինչեւ ապրիլի սկիզբ չեն էլ սկսելու:

«Ես ԳՄ անդամ եմ, այդ հարցը չենք քննարկել, նման խնդիր չկա ձեւակերպված»:

Լրագրողի հարցը լսելով, թե քաղաքական որոշումները կայացնելիս ՀՅԴ ենթարկվելու է ՀՀԿ-ի՞ն, Լոքյանը նեղսրտեց:

«Ինչու՞ պետք է ենթարկվենք ՀՀԿ-ի առաջարկներին, որոշումներին, երբ մենք մեր որոշումներն ենք կայացնում»,-ասաց նա, իսկ հստակեցմանը, թե ՀՀԿ-ն կոալիցիայի մեծ եղբայրն է, Լոքյանն արձանագրեց.

«Կոալիցիայում մեծ ու փոքր եղբայրներ չեն լինում: Կոալիցիայում քաղաքական ուժեր են, որոնք միասին որոշում են ինչ ճանապարհ են անցնելու»:

«ՀԺ»-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի վարարտադրության դեմ պայքարող ուժերի գործողությունների մասին, Դավիթ Լոքյանն արձագանքեց.

«Ես կարծում եմ, որ անիմաստ է: Պետք է կարողանան ասել՝ ինչերի հետ համաձայն չեն»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»

armtimes.com

Տպել Տպել