«Ապառաժ»ի խմբագրական. Տեղեկատվությունը որպես զենք

Տեղեկատվությունը ըստ էության զենք է: Ներքին իմաստով՝ որևէ բանից տեղյակ լինելն օգնում է ճիշտ կողմնորոշվելու և ճիշտ քայլ կատարելու, իսկ երբ տեղեկատվությունը դեպի դուրս է մատակարարվում՝ մատուցողի կողմից ճիշտ, տեղին և, ամենակարևորը, նպատակային օգտագործման պարագայում դառնում է հանրությանն ուղղորդող խթան:

Վերը նշված դիտանկյունից տեղեկատվությունը միշտ օգտագործվել է քաղաքական նպատակների իրականացման համար, իսկ տեխնոլոգիական զարգացումները հնարավորություն է ընձեռել, որպեսզի յուրաքանչյուր լուր արտադրող միավոր կամ տեղեկատվության հոսք ապահովող մարմին ունենա քաղաքականության մեջ ներազդելու հնարավորություն:

Այսօր սոցիալական ցանցերին անդամակցող յուրաքանչյուր ոք կարող է դառնալ լրատվամիջոց: Ստեղծել տեղեկատվական կամ ապատեղեկատվական լրատվադաշտ, դա ինքնին՝ քաղաքականության տեսանկյունից լծակ է և կարևորագույն զենք: Իզուր չէ, որ այսօր գերմեծ համակարգերի կողմից միգուցե բիրտ զենքի ուղղությամբ կատարվող ծախսերի համաչափ միջոցներ են ծախսվում տեղեկատվական ոլորտի համար:

Մարտի 10-12-ը Երեւանում կայացավ ՀՅԴ մամուլի և տեղեկատվական միջոցների, ինչպես նաև հանրային կապերի պատասխանատուների խորհրդաժողով: Խորհրդաժողովին մասնակցում էին՝ ինչպես հայկական զույգ պետությունների՝ ԱՀ և ՀՀ տեղեկատվական միջոցների պատասխանատուներ, այնպես էլ 12 երկրներից ավելի քան 40 ներկայացուցիչներ:

Պետք է ասել, որ ՀՅԴ տեղեկատվական դաշտի պատասխանատուների նման խորհրդաժողովները նորություն չեն Դաշնակցության կյանքում: Սակայն վերջերս տեղի ունեցած խորհրդաժողովն առանձնացավ նրանով, որ ՀՅԴ Բյուրոյի կողմից միջոցներ է ձեռնարկվում, որպեսզի դաշնակցական լրատվական դաշտը վերաձևավորվի և այդ ուղությամբ տեղի ունեցող զարգացումներին համահունչ նոր միջոցներ և մոտեցումներ կիրառվի՝ Դաշնակցության մոտեցումները, անելիքները և կատարած աշխատանքները թե՛ ներքին՝ հայկական, և թե՛ արտաքին աշխարհում ներկայացնելու ուղղությամբ:

Խորհրդաժողովում կարևորվեց ոչ միայն ՀՅԴ տեղեկատվական դաշտի հարցերը, այլ նաև ընդհանրապես հայկական լրատվական դաշտը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հիմնախնդիրների լուսաբանման և ի նպատս դրանց ծառայեցնելու ուղղությամբ:

Ինչպես վերը ասվեց՝ լրատվական-տեղեկատվական դաշտն այսօրվա աշխարհում համարվում է զենք: Իսկ այդ զենքի ճիշտ և թիրախային օգտագործման և, նամանավանդ, ազդու լինելու համար անհրաժեշտ են ցանցային կառույցներ: Դաշնակցությունն արդեն իսկ ունի այդ ցանցային կառույցը, և դա կարող է լինել այն հիմքը, որի վրա վաղ թե ուշ պարտավոր ենք լինելու կառուցել համահայկական տեղեկատվական հզոր զինանոց:

«Ապառաժ»-ի խմբագրական, 17 մարտի, 2018թ.

aparaj.am

Տպել Տպել