Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության մասին

Մեր համար անսպասելի կամ զարմանալի չէ, որ նման առաջադրում կարող է լինել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որում նա չէր բացառել՝ կարող է ընդունել վարչապետի թեկնածու առաջադրվելու առաջարկը։

«Օրերը մոտենում են, մոտ ժամանակներս խնդիրը վերջնական լուծում կստանա», – նշեց Ռուստամյանը։

Նա ընդգծեց՝ Դաշնակցությունը երբեք չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում. «Մենք չենք պայմանավորել սահմանադրական փոփոխությունները դրանով։ Մենք մեր «այո»-ն ասել ենք անկախ նրանից, հետագայում Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, թե՝ ոչ», – նշեց նա։

Ռուստամյանն անհրաժեշտություն որակեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վերջինս իր փորձում պետք է կրթի երիտասարդ քաղաքական լիդերներին։

«Սերժ Սարգսյանն ունի հսկայական փորձառություն, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Սա մեծ փորձառություն է ենթադրում։ Ես դրական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը համարում է իր թիվ մեկ գործը՝ այդ փորձը հաջորդ սերունդներին փոխանցելը։ Եթե որևէ մեկին թվում է, որ նոր մեկը կգա՝ անկախ իր ունեցած գիտելիքներից և ունակություններից ու լուրջ խնդիրների առջև չի կանգնի, ապա նա չարաչար սխալվում է։ Փորձը շատ մեծ նշանակություն ունի այս պրոցեսների մեջ», – նշեց նա։

Ռուստամյանը նաև ընդգծեց, որ հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ-ում տիրող միանձնյա ղեկավարման համակարգի փոփոխությունն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէին կարող տեղի ունենալ։

«Այդքանը մենք համարում ենք բավարար, որ հարգենք թե՛ նրա անձը, թե՛ նրա կայացրած որոշումները», – ասաց Ռուստամյանն՝ ընդգծելով, որ վարչապետի թեկնածու առաջարկելու իրավունքը Հանրապետականինն է, և եթե նրանք առաջարկեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա ՀՅԴ-ն հարգանքով կմոտենա այդ որոշմանը։

Դաշնակցությունը նորմալ է վերաբերվում Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակելու որոշմանը, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ա.Ռուստամյանը կարևորեց Հրայր Թովմասյանի գործոնը Սահմանադրության փոփոխությունների հարցում՝ նշելով, որ ՍԴ նախագահի պաշտոնում նա պետք է հետամուտ լինի դրանց կյանքի կոչմանը։

«Նա այն ճարտարապետներից մեկն է, որը Սահմանադրական փոփոխությունների հարցում մեծ դեր է ունեցել, և գտնվելով այդ պաշտոնում՝ պարտավոր է պաշտպանել Սահմանադրության տարն ու հոգին», – նկատեց նա։

Նշենք, որ ՍԴ նախագահի ընտրությունները խորհրդարանում տեղի կունենան վաղը։

aysor.am

Տպել Տպել