Պահպանել և սերունդներին փոխանցել առողջ, ավելի մեծ անտառածածկ տարածքներ

Այսօր Անտառների միջազգային օրն է, որի առթիվ Անտառային պետական կոմիտեն կազմակերպել էր միջոցառում՝ ներկայացնելով կոմիտեի կողմից մշակված` անտառային ոլորտի զարգացման եռամյա ծրագրի հիմնական ուղղությունները:

ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում նոր ստեղծված Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը նշեց, որ ՀՀ նախագահի և կառավարության կողմից անտառների պահպանությունը, քայքայված ռեսուրսների վերականգնումը, անտառածածկ տարածքների վերականգնումը, եղած պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը համարվել են գերակա խնդիրներ:

Նրա խոսքով՝ վերոնշյալ աշխատանքների կատարման համար արդեն իրականացվել և իրականացվելու են մի շարք օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ: «Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, իրականացվելիք ծրագրերը՝ ճշգրտված: Անտառների վերականգնման, պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներ միշտ են կատարվել: Մենք ընտրել ենք այնպիսի ուղի, որդեգրել այնպիսի քաղաքականություն, որով հնարավոր լինի առավելագույնս լուծել ոլորտի առջև ծառացած խնդիրները: Անտառների կայուն կառավարման և պահպանության ոլորտում ներդրվելու են առավել արդյունավետ մեխանիզմներ և գործիքակազմ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի անել այն, ինչ մինչ այժմ անկատար էր կամ թերի կատարված»,- ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ ճիշտ գիտակցելով անտառների նշանակությունը, հաշվի առնելով այն, որ անտառները կենսոլորտի կարևորագույն օղակներից մեկն են, չպետք է ջանք խնայել անտառների կայուն կառավարման և պահպանության համար: Մանուկյանի հավաստմամբ՝ անտառի պահպանմամբ է պայմանավորված առողջ կենսակերպի ապահովման հարցը: «Գնահատում ենք ոլորտով հետաքրքրված միջազգային և հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը և ակնկալում ավելի լայն համագործակցության շրջանակ: Նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ պատրաստակամ ենք քննարկել անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ցանկացած առաջարկ: Աշխատելու ենք թափանցիկ և տեսանելի բոլորի համար: Ոլորտի առջև դրված անելիքները հստակեցված են, բարեփոխումների մեկնարկը՝ տրված»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ իրենք վստահ են իրենց ուժերի վրա և իրականացնելու են իրենց առջև դրված խնդիրները, այն է՝ պահպանել և սերունդներին փոխանցել առողջ, ավելի մեծ անտառածածկ տարածքներ: Գյուղատնտեսության նախարարին իր երախտիքի խոսքը հայտնելով՝ նա հավելեց, որ ոլորտում բարեփոխումների շրջանակը սկսվել է, երբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը գյուղատնտեսության նախարարության կազմում էր:

Միջոցառման ավարտին բարեխիղճ աշխատանքի համար Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը պատվոգրեր շնորհեց կառույցի մի շարք աշխատակիցների:

Տպել Տպել