Բիզնեսը դուրս բերել անտառից

Այսօր Անտառների պահպանության միջազգային օրն է: Լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Անտառային պետական կոմիտեի փոխանցումը՝ գյուղատնտեսության նախարարության կազմից բնապահպանության կազմ, նոր էջ կբացի համակարգում:

Նախարարի խոսքով՝ առաջին անգամ է, որ ստեղծվում է գերատեսչական մի կառույց, որն ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ անտառների զարգացման, պահպանության ոլորտում:

«Մեր հիմնական խնդիրը անտառների կայուն կառավարման համակարգի ձևավորումն է: Անտառային տարածքների և անտառների ներսում առողջ անտառային հատվածների ձևավորումն այնպես, որպեսզի կենսաբազմազանությունը լիարժեքորեն, ազատ և վստահ գոյություն ունենա մեր անտառային տարածքում: «Սա նշանակում է, որ էականորեն սահմանափակվելու են անտառների նկատմամբ ճնշումները, անտառների շահագործումը, այլ կերպ ասած՝ անտառներից բարիքները և անտառից օգուտը լինելու է բացառապես պահպանության սկզբունքի վրա հիմնված»,-ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն կարողանան պատշաճ ֆինանսավորում ապահովել պահպանություն իրականացնող ծառայությունների համար, այլ նաև ենթակառուցվածքների ստեղծման համար ինչպես և անտառամերձ համայնքների բնակիչներին գործընկեր դարձնել:

Ըստ նախարարի՝ մարդիկ պետք է կարողանան, օգտվելով անտառային բարիքներից, նպաստել ավելի բարեկեցիկ անտառ ունենալու ծրագրերի իրականացմանը. «Սա նշանակում է նաև մասնավոր սեկտորի ֆինանսավորում՝ թե որպես սոցիալական պատասխանատվություն, թե որպես բիզնես: Ի դեպ, բիզնես ասելով՝ պետք է հասկանանք, որ խոսքը անտառը հանգստի գոտու վերածելու հնարավորության մասին է, կամ էկոզբոսաշրջության իրականացման ծրագրերը, բայց ոչ երբեք անտառը շահագործելու, վնասելու միջոցով ինչ-որ բանի հասնելու»:

Բնապահպանության նախարարը ցավով արձանագրեց, որ մեր երկրում բավական մեծ ծավալների են հասել ապօրինի ծառահատումները, որոնք ոչ միայն հանգեցրել են ստվերային գործունեության, այլ նաև անխնա հատումների՝ առանց մասնագիտական մոտեցումների:

Նախարարի գնահատականով՝ անտառը գերշահագործվում է ապօրինի գործողությունների արդյունքում: «Մեր նպատակն է, որպեսզի սանիտարական խնամքը և օրենքով թույլատրված բնապահպանական նորմերին համապատասխանող հատումները տեղափոխվեն օրինական դաշտ, այն պետք է ունենա հստակ պատասխանատու՝ ի դեմս «Հայանտառի» կամ նրա կողմից կազմակերպված մրցույթի հիման վրա անհրաժեշտ մասնագիտական կազմի: Այսինքն՝ անտառահատումը՝ օրենքի շրջանակներում և բնապահպանական կանոններին համապատասխան, պետք է օգնի անտառի վիճակի բարելավմանը: Ըստ մասնագիտական հանձնաժողովների կողմից նախնական գնահատման՝ այս տարի նախատեսված է մինչ 90 000 խմ տարածքում հատումներ իրականացնելը: Սակայն, մինչև յուրաքանչյուր տարածքում հատում իրականացնելը, մասնագիտական հանձնաժողովը պետք է տա եզրակացություն՝ արդյոք այն համապատասխանում է բոլոր չափանիշներին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հաջորդ հատում պետք է անպայման նախորդ հատման տվյալների հիման վրա իրականացվի:

Արծվիկ Մինասյանի հավաստմամբ՝ իրենք քայլեր են իրականացնում բիզնեսն անտառից հանելու ուղղությամբ, և այս խնդիրը լուծելու համար հարկավոր է, որպեսզի վառելափայտի նկատմամբ պահանջարկը նվազեցվի:

Նախարարի խոսքով՝ անտառամերձ համայնքներում փորձում են իրականացնել ավելի ջերմախնայող տեխնոլոգիաների ներդրում, և մարդկանց եկամուտների բարձրացումն ապահովել, որպեսզի նրանք ի վիճակի լինեն վճարել բնակարանը ջեռուցելու համար:

Տպել Տպել