Գաղափարի մարդն ու նպատակի զիվորը

ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի ելույթը Խաժակ Տեր-Գրիգորյանի 77-ամյակի հուշ-երեկոյի ժամանակ

Արցախյան զարթոնքի շնչով հայրենիքում վերահաստատվելու նախօրյակին, Դաշնակցության մասին Հայաստանում աղոտ պատկերացում գոյություն ուներ:Այդ պատճառով կարեւոր էր, թե ում ձեռքերով կդրվեին անցյալի միֆական մշուշով պարուրված կուսակցության նոր կառույցի հիմնաքարերը:
Բախտավոր եղավ կուսակցության հայաստանյան նոր սերունդը, որ Դաշնակցությանը ճանաչեց Խաժակ Տեր-Գրիգորյանի եւ իր նման գործիչների կերպարներով: Սկզբում թվաց, թե եկողը դեռ Դաշնակցությունը չէ, Դաշնակցության սուրհանդակն է: Մարտական ու պետականակերտ կուսակցությունը դեռ կգա՝ շռնդալից պաթոսով ու ուժի ցուցադրությամբ: Հետո հասկանալի դարձավ, որ սխալը մեր պատկերացումն էր, իսկ արդեն եկածը հենց իսկական Դաշնակցությունն էր՝ անաղմուկ եւ քչախոս, իսկ շատ հարցերի վերաբերյալ չխոսկան, ավելի շատ լսող, համբերատար-հանդուրժող, ու մշտազբաղ:

Ճիշտ ինչպես ՀՅԴ Բյուրոյի հայաստանյան առաջին գրասենյակի պատասխանատու Խաժակ Տեր-Գրիգորյանը: Իսկապես էլ ժամանակային տարածություն պետք է անցնես այդպիսի մարդկանց եւ երեւույթների հետ՝ նրանց ինչ որ չափով ճանաչելու համար: Իրենց հետ բացահայտելու արժեքներ եւ պատասխանատվություններ, որոնք հաճախ առօրեականի չափ դյուրամարս են թվում, ակնհայտ, ինչպես դասագրքային ճշմարտությունները եւ հեշտ ընդօրինակելի՝ քանի դեռ ինքդ չես կանգնել նույնպիսի ընտրության առջեւ:

Հիմնավոր կրթություն ստացած, տարիների ինքնակատարելագործման դպրոցով անցած, լայն մտահորիզոնի, գիտելիքների հարուստ պաշարի տեր հայագետ գիտնական էր ընկեր Խաժակը՝ պատմաբան եւ բանասեր: Մարդ ով հնարավորություն էր ունեցել ընտրելու գիտության մշակի խաղաղ, բարեկեցիկ կյանքը: Նա, սակայն իր ներսի մտավորականին ստիպել էր քայլել ազգային-կուսակցական գործչի ետեւից: Գերադասել էր ապրել, որպես ազգային-կուսակցական պարտականության զինվոր եւ քարոզիչ, թաթախվել ուրիշների համար գուցե ձանձրալի կամ անհրապույր առօրյա կազմակերպական մեծ ու փոքր հարցերի մեջ, ընդ որում՝ առանց աղմուկի եւ ցուցադրության: Ու միայն անհատնում գործերից խլված ժամանակի հաշվին գրած եւ կազմված աշխատությունները պիտի բացահայտեին շրջապատի համար այն երկրորդ, համեստաբար ետեւից քայլող, գիտելիքի կրթության ու ստեղծագործության մարդուն:

Կցկտուր ակնարկներից իմացել էինք նաեւ, որ իր դաշնակցական ծառայությունը ուղեկցվել էր վտանգներով, հալածանքով ու բանտարկությամբ, որոնց վերքերը նույնպես սքողված էին բարի ժպիտի, փափուկ-ներողամիտ ու բարեկիրթ վարքի ետեւում:

Մյուս կողմից մեղմ, հանդուրժող բնավորությունը խաբկանք կթվար նրանց համար, ովքեր կփորձեին փորձության ենթարկել ընկեր Խաժակի սկզբունքայնությունը, հակադրվել գաղափարական արժեքներին, որոնց այնպես էր դավանում կարծես ձուլված էր դրանց պողպաթյա կաղապարով: Միաժամանակ եւ այն լավ ուսուցիչն էր, որ պատրաստ էր ձեռքը բռնած երկար ճանապարհ անցնել անգամ դժվար աշակերտի հետ, եթե նրա մեջ տեսնում էր ազգային սկիզբը եւ նվիրումի կայծը:

Ոչ երկար ժամանակահատված ընկեր Խաժակը գլխավորեց Դաշնակցության Հայաստանյան կազմակերպությունը եւ այդ ընթացքում դրսեւորվեց մարդկանց հետ հարաբերվելու նրա յուրահատուկ շնորհքը, համբերատարությունը, գործ կազմակերպելու եւ գործի հարաշարժ մեխանիզմ աշխատեցնելու ունակությունը՝ շրջահայացությունը եւ պահանջկոտությունը: Բացահայտվեց դավանանքի վերածված գաղափարականությունը, սերն ու սրտացավությունը նորաստեղծ պետության ու դրամատիկ ժամանակի մեջ ապրող ժողովրդի հանդեպ, ինչպես եւ ի շահ այդ ամենի, պայքարելու, ըմբոստանալու կամքը: Նրա մեջ նստած գործի եւ ոչ աղմուկի ու կեցվածքի հերոս հեղափոխականը:

Նա Հայաստան էր ներգաղթել հայրենիքի համար տագնապների ու բազում կարիքների օրերին, իմ տպավորությամբ, սակայն ընկեր Խաժակը վայելում էր հայրենիքում ապրելու երջանկությունը: Նա իր մեջ այնքան էր փայփայել հայրենիքը, որ կարծես այստեղ էր ծնվել ու մեծացել: Մանավանդ, որ չնայած բոլոր մտահոգություններին ու անհարմարություններին հոգեկան բավարարությամբ էր կիսում հայրենաբնակ հայ ժողովրդին բաժին ընկած ճակատագիրը:

Անհանգիստ էր այդ ճակատագրի համար, եւ ցավ էր ապրում, որ այդպիսի բախտորոշ ժամանակահատվածում այդպիսի բախտախնդիր իշխանություն պիտի տնօրիներ երկրի ղեկը, հասկանում էր, որ առանց հիմնարար բարեփոփոխումների երկրին լավ ապագա չի սպասվում: Սիրում ու ցավում էր տիրոջ պես, որ վերադարձել էր երկիր՝ այրելով ետեւում մնացած կամուրջները, մայր հողում արմատ ձգելու վճռականությամբ, որ չնայած բոլոր անակնկալներին իրագործվեց ու այդ իրագործումը շարունակվում է իր ժառանգների միջոցով:

Ընկեր Խաժակի համար ազգային, կուսակցական արժեքներն ու չափանիշերը անսակարկելի էին, եւ այն տեսլականները, որոնց ծառայելուն նվիրել էր կյանքը հենց կազմում էին իր գոյության իմաստը, իր երջանկության աղբյուրը:Եւ հենց այդ անշահախնդիր նվիրումի կենդանի օրինակ լինելն էր, գերում, կաշառում բոլոր նրանց, ովքեր իր հետ առնչվելով մտերմանում եւ հարազատանում էին հետը: Ինքն իր շուրջը սերմանում էր իր որակները, որոնք ծիլեր էին տալիս շրջապատողների մեջ:

Խաժակ Տեր-Գրիգորյանը Դաշնակցության ակնառու գործիչներից էր, ում փորձառությունն ու վաստակը տասնամյակների անմնացորդ, գիտակցված, անշահախնդիր եւ անկեղծ նվիրումի արդյունք էին: Երբեք իր խոսքից ու կեցվածքներից չեզրակացրեցինք եւ միայն ուրիշներից իմացանք, որ Հայաստան էր վերադարձել արդեն իսկ հարուստ ու գնահատված կենսագրության բեռով: Պարտականություններ էր իրականացրել երիտասարդության դաստիարակության մարզում, եղել էր համալսարանական դասախոս, զբաղվել էր մամուլի, քարոզչության, հրատարակչական, հարցերով, հայտնվել էր ժամանակի ազգային կյանքի փոթորկահույզ ալեկոծումների կենտրոնում, Իրանում մաս էր կազմել կուսակցական կառույցի ղեկավարման գործին եւ ապա եղել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ:

Տարիների փորձություններից չէր կոտրվել, չէր հոգնել, մնացել էր պայքարի, զրկանքի ու զոհաբերության պատրաստակամ մարտիկ, ով խորին հավատ ուներ Դաշնակցության անցյալի, ներկայի եւ ապագայի առաքելության հարցում: Նայելով նրան կարելի էր պատկերացնել Դաշնակցության անցյալի մեծերին, կարծես մեկն էր զավարյանների, աղբալյանների, վարանդյանների, նավասարդյանների փաղանգից: Նրանցից մեկը, ովքեր հետագա ընթացքի համար կուսակցությունը լիցքավորել են բարոյական էներգիայով: Հաստատել են չափանիշ, որ պարտադրում է, ինչպես հայելու առջեւ, չափել սեփական հասակը, համեմատության եզրեր փնտրել, հստակեցնել արժեչափերն ու արժեքներին հավատարմությունը, ինչ անելն ու ինչպես անելը՝ բարոյական ավանդույթի սահմանադրությանը համապատասխան:

Տպել Տպել