Պետական իշխանության մարմինների ձևավորումը. Կառավարություն

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Պետական իշխանության մարմինների ձևավորումը

Կառավարություն

Հայաստանի անկախության հռչակումից հետո շատ ավելի դժվար ու տևական էին լինելու պետականության կայացումը և երկրի դինամիկ զարգացումը: Պետականաշինության առաջին քայլը, բնականաբար, սկսվեց կառավարության ձևավորումից:

Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո առաջնային խնդիր դարձավ պետական իշխանության երեք հիմնական` գործադիր, օրենսդիր և դատական մարմինների ձևավորումը: Այդ համատեքստում անուրանալի է ՀՅԴ կուսակցության դերակատարությունը։ Նա է եղել հայոց պետական մեքենան առաջ շարժող քաղաքական գլխավոր ուժը, հիմնականում իր ուսերին է կրել անկախ պետականության, ժողովրդի ու հայրենիքի անվտանգության ամբողջ պատասխանատվությունը:

Ցարական երբեմնի նահանգի կառավարման համակարգի փոխարեն, այն էլ՝ պատերազմներից խարխլված վարչակարգի ու կիսավեր տնտեսության պայմաններում, պետք էր ստեղծվեր եվրոպական արժեհամակարգով հանրապետական-ժողովրդավարական կառավարման ձև ընդունած պետական ապարատ` նոր գաղափարախոսությամբ, պետաիրավական ու տնտեսավարման, կրթամշակութային նոր համակարգերով:

Բաթումի պայմանագրից հետո Թիֆլիսում ստեղծվեց անդրանիկ ոչ լիակազմ կա-ռավարությունը, որի նախագահ (վարչապետ) ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1938): 1918 թ. հուլիսի 17-ի վաղ առավոտյան կառավարության և Հայոց Ազգային խորհրդի անդամները Թիֆլիսից մեկնեցին դեպի Աղստաֆա, այնտեղից էլ գերմանական երկու ավտոմեքենաներով հուլիսի 19-ին ժամանեցին մայրաքաղաք Երևան և անմիջապես անցան գործի:

Հուլիսի 24-ին Թիֆլիսի և Երևանի ազգային խորհուրդների համատեղ նիստում հրապարակվեց անդրանիկ կառավարության կազմը` Հովհաննես Քաջազնունի (նախարար-նախագահ կամ վարչապետ), Ալեքսանդր Խատիսյան (արտ. գործ նա¬խարար), Արամ Մանուկյան (ներք. գործ. նախարար), Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների նախարար), Հովհաննես Հախվերդյան (զինվորական նախարար) և մի փոքր ուշ` հուլիսի 28-ին, Գրիգոր Պետրոսյան (արդարադատության նախարար): Վերջին երկուսը անկուսակցական էին: Հայոց Ազգային խորհրդի և կառավարության Հայաստանի մայրաքաղաք փոխադրումով Երևանը վերածվեց հայոց հասարակական-քաղաքական, տնտեսական և կրթամշակութային կյանքի կենտրոնի:

Իշխանության ղեկը ստանձնած կառավարության գլխավոր խնդիրներն էին` ստեղծել պետական գործուն մեքենա, պետական իրավակարգ, հաստատել կարգուկանոն, երկիրը դուրս բերել քաոսից ու անիշխանությունից, պայքարել սովի ու համաճարակների դեմ, գաղթականությանը սնունդ, բնակարան ու աշխատանք տալ, կարգավորել պարենավորումը և ֆինանսները, ոտքի կանգնեցնել տնտեսությունը, առաջ տանել կրթամշակութային գործը, ստեղծել կանոնավոր բանակ, հնազանդեցնել ներքին խռովությունները, լուծել սահմանային վեճերը, հաստատել դիվանագիտական կապեր, հասնել Հայաստանի միջազգային ճանաչման և այլն, մի խոսքով` ստեղծել կազմակերպված պետություն: Եվ այդ բազում խնդիրները լուծելու նպատակով կառավարությունը լծվեց գործի և հանրապետության գոյության 2,5 տարիների ընթացքում տարավ պետականաշի¬նու¬թ¬յան իր հասանելիք բեռը:

Խոսելով բարձրագույն գործադիր իշխանության (կառավարության) մասին` հարկ է փաստել, որ իր գոյության 2,5 տարվա ընթացքում հանրապետությունն ունեցել է չորս վարչապետ, որոնք բոլորն էլ ՀՅԴ գործիչներ էին` Հովհաննես Քաջազնունի (1918 թ. հունիսի 7-ից մինչև 1919 թ. օգոստոսի 7-ը, իսկ գործնականում` մինչև ապրիլ, երբ Հայաստանի խորհրդի որոշմամբ նա գործուղվեց Եվրոպա և ԱՄՆ` օգ¬նություն ստանալու համար), Ալեքսանդր Խատիսյան (1919 թ. օգոստոսի 7-ից մինչև 1920 թ մայիսի 5-ը), Համո Օհանջանյան (1920 թ. մայիսի 5-ից մինչ և նույն տարվա նոյեմբերի 23-ը) և Սիմոն Վրացյան (նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 2-ը): Ընդ որում, ՀՅԴ-ն երկու անգամ` 1918 թ. նոյեմբերի 4-ից 1919 թ. հունիսի սկիզբը` ՀԺԿ-ի, իսկ 1920 թ. նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը՝ Էսէռների հետ կազմել է կոալիցիոն (խառը) կառավարություն:

Հարկ է նշել, որ առանձնապես կշռելի է եղել ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիոն կառավարությունը: Հ. Քաջազնունու գլխավորած կառավարության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՅԴ-ն ընդառաջ գնաց ՀԺԿ ցանկությանը, և 1918 թ. նոյեմբերի սկզբին ձևավորվեց կոալիցիոն կառավարություն` դարձյալ Հ. Քաջազնունու գլխավորությամբ: Բանն այն է, որ Թուրքիայի պարտությունը դարձել էր օրերի հարց, իսկ Հայաստանում նշմարվում էին կայունացման որոշ միտումներ, ուստի իշխանության հակումներ ցուցաբերող ժողովրդականները ցանկություն հայտնեցին մտնել կառավարության մեջ և ՀՅԴ-ի հետ միասին կիսել պատասխանատվությունը ժողովրդի, հայրենիքի ու պետության առաջ: Այդ նպատակով Թիֆլիսից Երևան ժամանեցին ՀԺԿ ԿԿ-ի անդամներ Մինաս Բերբերյանը, Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը, Սամսոն Հարությունյանը, Լևոն Ղուլյանը և ուրիշներ:
Բանակցությունների արդյունքում ձևավորվեց ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիոն կառավարություն, որի մեջ մտան 4 դաշնակցական, 4 ժողովրդական և 1 անկուսակցական` նախարար-նախագահ (վարչապետ) Հ. Քաջազնունու գլխավորությամբ: Կոալիցիոն համատեղ աշխատանքը դրսևորվեց նաև խորհրդարանում, և ձևավորվեց ՀՅԴ-ՀԺԿ խորհրդարանական մեծամասնություն:

Հարկ է նկատել, որ հանրապետության ֆինանսատնտեսական, վարչաիրավական բնույթի գործառույթների իրականացման համար ՀԺԿ շարքերում կային բարձր կրթություն ու որակավորում ստացած մեծ թվով հմուտ մասնագետ կադրեր, որոնց կարիքը մեծապես զգացվում էր: Սակայն ժողովրդական նախարարները առանձնապես մեծ ձգտում չէին ցուցաբերում լծվելու պետական նավին: Նրանց չէին բավարարում Թիֆլիսի համեմատ Երևանի ոչ այնքան հարմարավետ պայմանները, և, բացի այդ, վախենում էին համաճարակներից վարակվելուց: 1919 թ. հունվարին միայն Երևանում կար 21000 բծավոր տիֆով հիվանդ: Բայց և այնպես, չնայած երկու կուսակցությունների մեջ առկա երբեմն տարբեր դիրքորոշումներին ու ներքին մի շարք անհամաձայնություններին` ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիան գործեց շուրջ 7 ամիս:

Բերված փաստը հաստատում է, որ Առաջին Հանրապետության հիմնական կառավարող կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, չի ձգտել միակուսակցական ամբողջատիրական (տոտալիտար) կառավարման վարչաձևին, ինչն այդքան բնորոշ էր ԽՍՀՄ կոմունիստական-բոլշևիկյան ավելի քան 70-ամյա բռնավարչակարգին:

Ընդհանուր առմամբ, տալով Առաջին Հանրապետության կառավարության պետականաշինության ամփոփ բնութագիրը, այն կարելի է բաժանել երեք փուլերի: Առաջին` Հ. Քաջազնունու նախագահության շրջանը` պետական-կազմակերպական, երկրորդ` Ալ. Խատիսյանի` քաղաքացիական-ստեղծագործական և երրորդը` Հ. Օհանջանյանի ու Ս. Վրացյանի` արտաքին ու ներքին թշնամիների դեմ կռվի շրջան, որը, ինչպես հայտնի է, ավարտվեց 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության անկմամբ ու նրա խորհրդայնացմամբ:

Արամ Մանուկյանի քաղաքական դերակատարությունը

Խոսելով ՀՀ անդրանիկ կառավարության մասին` հարկ է հատուկ անդրադառնալ Արամ Մանուկյանի քաղաքական դիմանկարին: Մինչ նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ մայրաքաղաք և գործի կանցներ, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր իրականացրել Երևանի Ազգային խորհրդի փաստացի ղեկավար, ժողովրդի կողմից դիկտատոր ճանաչված Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան), որին իրավամբ կարելի է համարել Հայաստանի Հանրապետության հիմնադիր: Այդ պատվանունին Արամն արժանի է այն իմաստով, որ նախ Մայիսյան հաղթական հերոսամարտերը մեծապես կերտվեցին նրա անձնական կամքի ու կազմակերպական ջանքերի շնորհիվ և նաև այն բանի համար, որ մինչ Հ. Քաջազնունու անդրանիկ կառավարությունը կժամաներ Հայաստան, նա արդեն վիթխարի աշխատանք էր տարել պետության կազմակերպական կառույցներ ստեղծելու ուղղությամբ:

Արամի քաղաքական վաստակը գնահատելու համար բավական է միայն մատնանշել, որ նա կազմակերպեց ու ոգեշնչեց ժողովրդին երկու հաղթական հերոսամարտերում` 1915 թ. Վանի ինքնապաշտպանության՝ 1918 թ. Սարդարապատի ու Բաշ Ապարանի ճակատամարտերի ժամանակ:

Եթե առաջինի դեպքում փրկվեց շուրջ 150 հազար վան-վասպուրականցի, ապա երկրորդի արդյունքում արևելահայությունը փրկվեց երիտթուրքական նոր եղեռնից, և դրվեց Հայաստանի անկախության հիմքը, մի անկախություն, առանց որի դժվար կլիներ խոսել ներկա Հայաստանի մասին: Արամի հուշագիրներից Օ. Մխիթարյանը այսպես է բնութագրել Վանի և Սարդարապատի հերոսին «Արամի կազմակերպչական ուժը այնքան տիրական էր, որ ոչ ոք կարող էր ընդդիմանալ: Երբ անիկա կը խնդրեր, կարծես կը հրամայեր, երբ անիկա կը բանաձեւեր, կարծես անհեղելի օրենքներ կը գծեր, կարծես ոչ թե ծրագիր էր այդ այլեւս, այլ արդեն վաղուց գործադրված իրողություն»:

1918 թ. սկզբներից Արամը Երևանում ստեղծել էր տեղական կառավարություն` «Վարիչների մարմին», որը կառավարում էր նահանգը: Նա գլխավորում էր այդ մարմինը, նաև նրա զինվորական բաժանմունքը: Արամի տարերքն էր և´ պաշտպանելը, և´ կառուցելը: Նրա գլխավորած վարչությունն ուներ ներքին գործերի, զինվորական, պարենավորման, ֆինանսների, գաղթականության և այլ բաժանմունքներ: Վարիչ մարմնում ընդգրկված էին ճանաչված հեղինակություններ Մ. Մուսինյանը, Հ. Մելիքյանը, Ս. Թորոսյանը, Ա. Շահխաթունին և ուրիշներ:

Հ. Քաջազնունու կաբինետում ՆԳ նախարարությունը, որը գլխավորում էր Արամը, համարվում էր բարձրագույն վարչական մարմինը:

Կառավարչական իրավասությունների ծավալի մեծության առումով ՆԳՆ-ն ամենախոշոր կառույցն էր: Նա էր տնօրինում ու համակարգում նահանգային ու գավառային մարմինների, քաղաքային ինքնավարությունների, գաղթականության, կրթության, առողջապահության, ոստիկանության և այլ ոլորտների աշխատանքները: Հետագայում այդ նախարարությունից տրոհվեցին ու առաջացան մի շարք նոր նախարարություններ: Բայց մինչ այդ` մինչև իր մահը, այդ աշխատանքները օրնիբուն տնօրինում և անսպառ եռանդով ու անձնազոհ նվիրումով վարում էր Արամը: Նա ամեն տեղ էր: Հենց ժողովրդի, գաղթականության, որբերի հետ շփումների հետևանքով Արամը վարակվեց բծավոր տիֆով և 1919 թ. հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն: Ասում են, որ անգամ ծանր հիվանդ վիճակում նա հրաժարվել է դեղ ընդունել` խորհուրդ տալով այդ դեղերով փրկել որևէ գաղթականի: Ժամանակագիրները նշում են, որ նրա թաղումը վերածվեց բազմահազարանոց սգո միջոցառման, որպիսին դեռ չէր տեսել Երևանը: Արամը պետական այն ազնիվ ու անկաշառ բարձրաստիճան ծառայողներից էր, որ անգամ հուղարկավորության համար խնայած որևէ միջոց չի ունեցել, և ստիպված այդ նպատակով խորհրդարանն է մի փոքր գումար հատկացրել: Կարելի է վստահաբար ասել, որ 20-րդ դարի հայոց ճակատագրական երկու տասնամյակներին Արամ Մանուկյանը իր ժողովրդի համար, հարկավ, խաղաց աստվածաշնչյան Մովսեսի դերը, իսկ վերջում, տակավին չորս տասնամյակը չբոլորած, իր կյանքն էլ զոհաբերեց հանուն նրա փրկության:

Հիրավի, անհնար է պատկերացնել Հայոց անկախ պետականության վերականգնումը առանց Արամ Մանուկյան գործչի: Մեկդարյա հեռավորությունից տալով Արամ Մանուկյանի խաղացած վիթխարի դերի գնահատականը` տեղին է մեջբերել գրաքննադատ, պետական գործիչ Նիկոլ Աղբալյանի արտասանած հրաժեշտի սրտառուչ խոսքերը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենյակը և խօսեցէք ձեր խղճի հետ և ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամ, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը»:

Տպել Տպել