ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ` վստահության մեծ քվեով

ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ընտրած Գերագույն Մարմնի անդամներից Արսեն Համբարձումյանը, Արթուր Եղիազարյանը, Արթուր Ղազարյանը և Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպումը սկսեցին` նրանց նվիրելով Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գիրքը:

ՀՅԴ նորընտիր Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշեց, որ օրերս գումարվել է Գերագույն ժողովը, որին մասնակցել են ավելի քանի 100 պատգամավոր, ինչպես նաև հրավիրյալներ Իրանի, Կանադայի և ՀՅԴ այլ կառույցներից:

«Գերագույն ժողովը քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, առկա մարտահրավերները, քաղաքական մարտահրավերները, անդրադարձել կուսակցության գործունեությանը, և ընդունվել են համապատասխան բանաձևեր»,- տեղեկացրեց նա:

Համբարձումյանի խոսքով` այդ բանաձևերն ուղենիշ են լինելու ԳՄ-ի առաջիկա գործունեության համար: «Գերագույն ժողովը վերահաստատել է կուսակցության որդեգրած ուղեգիծը` իրականացնել ակտիվ քաղաքականություն սոցիալական ոլորտում, մասնավորապես` աշխատատեղերի բացում, ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքներ, պետություն-հասարակություն վստահության քայլերի կատարում և այլ կարևոր խնդիրներ»,- ասաց նա:

Անդրադառնալով նորընտիր ԳՄ-ի կազմին` Համբարձումյանը նշեց, որ այն ընտրվում է երկամյա ժամանակահատվածով: «Նոր ԳՄ-ն բաղկացած է 9 հոգուց, որոնցից 6-ը նոր անդամներ են, ովքեր տարբեր ժամանակահատվածներում ակտիվ դերակատարում են ունեցել կուսակցության մեջ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԳՄ կազմի լուրջ փոփոխությանը, Համբարձումյանը նշեց, որ դրանք պայմանավորված են մի շարք հանգամանքներով: «Դաշնակցական նախարարներն ու պատգամավորները, ովքեր ԳՄ անդամներ էին, բազմազբաղ են: Գերագույն ժողովը կարևորել է կազմակերպչական հարցերի կազմավորումը. թե’ նախարարները, թե’ խորհրդարանականները երկու ճամբարով ծանրաբեռնված են լինում, հնարավորություն չի լինում աշխատանքները լիարժեք կատարելու: Որոշել ենք, որ այս ժամանակահատվածում աշխատանքների վերակազմակերպման համար ավելի նպատակահարմար կլինի այս կազմը: Այսինքն` այսպես ավելի արդյունավետ կլինի ԳՄ-ի աշխատանքը: Միևնույն ժամանակ չենք կաշկանդի մեր ընկերներին պաշտոնեական պարտականությունների կատարմամբ»,- ասաց նա:

Ըստ Համբարձումյանի` ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ` վստահության մեծ քվեով, ինչը հույս է տալիս, որ առաջիկա երկու տարում բոլոր առաջադրանքները կկարողանան պատվով կատարել: «ԳՄ անդամներից 6-ը Դաշնակցության ուսանողական միության նախկին անդամներ են, այսինքն` նոր սերնդի ներկայացուցիչներ: Թարմացրել ենք սաղարթը, ինչն օգտակար է ծառի աճի համար: Ծառի արմատները շատ ամուր են, բունը` հաստատուն»,- եզրափակեց նա:

Նման օրակարգ ՀՅԴ-ն չունի, հայտարարեց ՀՅԴ նորընտիր ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով հարցին` արդյո՞ք համապատասխանում են իրականությանը մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը նշանակվելու է նախարար, և դրանով է պայմանավորված ԳՄ կազմի փոփոխությունը:

«Ծանոթ եմ վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներում արված հրապարակումներին: Շատ հեշտությամբ եք մարդկանց նշանակում պաշտոնների և ազատում: Չկա նման օրակարգ, ընկերների չընտրվելը ԳՄ նոր կազմում նման հանգամանքներով պայմանավորված չէ: Նրանք որպես թեկնածու էլ առաջադրված չեն եղել»,- ասաց նա և ևս մեկ անգամ նշեց, որ Գերագույն ժողովը կարևորել է կազմակերպչական հարցերի կազմավորումը, իսկ թե’ նախարարները, թե’ խորհրդարանականները երկու ճամբարով ծանրաբեռնված են լինում, հնարավորություն չի լինում աշխատանքները լիարժեք կատարելու:

Ինչ վերաբերում է դիտարկմանը` ստացվում է` Գերագույն ժողովը գոհ չի՞ եղել նախկին ԳՄ-ի աշխատանքներից, Համբարձումյանն ասաց, որ Գերագույն ժողովը նախորդ ԳՄ-ի աշխպատանքը գնահատել է բավարար: «Դժգոհության հետ դա պետք չէ կապել»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք ԳՄ կազմի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ՀՅԴ-ն կաշկանդված չլինի խորհրդարանում քննադատել իշխանությանը, Համբարձումյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն կաշկանդվող կուսակցություններից չէ: ՀՅԴ-ն երբևէ չի կաշկանդվել, առաջիկայում էլ չենք կաշկանդվելու: Կոալիցիայի մեջ լինելով հանդերձ` ՀՅԴ-ն ազատ է իր կարծիքն արտահայտել այն հարցերի շուրջ, որոնք նախատեսված չեն կոալիցիոն հուշագրով, և որոնց շուրջ քննարկումներ ու որոշումներ չեն կայացվել»:

Նա հորդորեց` կատու չփնտրել մութ սենյակում, նման խնդիր չկա: «ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ, իսկ քաղաքական ուղղությունը մնացել է նույնը: Զուտ ներքին կազմակերպչական իմաստով է նպատակահարմար համարվել, որ կազմը ենթարկվի փոփոխության, իսկ սերդնափոխությունն այս իմաստով խրախուսելի է: Եթե ուզում ենք երբևէ ինչ-որ բան փոխել, դա պետք է անենք դեմքերի փոփոխությամբ, և այս առումով բավական համարձակ որոշում է կայացրել ԳԺ-ն»,- ասաց Համբարձումյանը:

Նա միևնույն ժամանակ հայտարարեց, որ ՀՅԴ-ի` կոալիցիայի մաս լինելը չի նշանակում, որ ՀՅԴ-ի գործողությունները պայմանավորված են ՀՀԿ-ի գործողություններով: «ԳՄ-ն միշտ ենթարկվել է փոփոխությունների: Դուք չեք կարող տեսնել մի դեպք, երբ ԳՄ-ում փոփոխություն եղած չլինի: Հավաստիացնում եմ, որ ներկուսակցական որևէ խնդիր չկա: Դրանում համոզվելու առիթը կունենաք: ՀՅԴ-ն շարունակում է մնալ մեկ թիմ, ՀՅԴ-ն մեկ անձի կուսակցություն չի եղել, չի լինի: Այս առումով ՀՅԴ-ն շահեկանորեն տարբերվում է մյուս կուսակցություններից»,- հայտարարեց Համբարձումյանը:

Ձեր տեղեկատվության աղբյուրները հավաստի չեն, ասաց Արսեն Համբարձումյանն` անդրադառնալով հարցին` արդյոք ՀՅԴ-ական նախարարների պորտֆելների փոփոխման հարց կա:

«Դաշնակցության պարագայում միակ հավաստի տեղեկատվության աղբյուրը կարող է լինել ԳՄ-ն և ես` որպես ԳՄ ներկայացուցիչ, ձեզ հավաստիացնում եմ, որ նման փոփոխությունների հարց մեր օրակարգում չունենք»,- ասաց նա, ապա նշեց, որ սակայն քաղաքականության մեջ որևէ բան բացառված չէ և եթե լինեն նման փոփոխությունների անհրաժեշտություն, ապա դրա մասին իրենք կտեղեկացնեն»,- ասաց նա:

Նա նորից նշեց, որ այս պահին նման օրակարգ չունեն և ասաց. «Մենք գործադիր իշխանության բարձրագույն օղակում աշխատող մեր երեք ընկերների աշխատանքից գոհ ենք և այստեղ որևէ խնդիր չենք տեսնում, հետևաբար նաև փոփոխության անհրաժեշտություն չենք տեսնում»:

Դիտարկմանը` նրանք շարունակելու են իրենց աշխատանքը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Ղազարյանն արձագանքեց. «Այս պահի դրությամբ, այո»:

Ինչ վերաբերում է հարցին, թե խզում կա՞ ՀՅԴ շարքերի և ղեկավար մարմինների միջև, շարքերն ավելի ընդդիմադի՞ր են, Համբարձումյանը նկատեց. «Նման խզում գոյություն չունի, ավելի ճիշտ կլինի բոնրոշեք դա շարքերից եկող խստապահանջություն, իսկ խստահպահանջ լինելը մեկ բան է, խզման մասին խոսելը` մեկ այլ բան»:

Նրա խոսքով` Դաշնակցությունը երբեք կատարված աշխատանքով չի գոհացել և բոլորը պետք է խստապահանջ լինեն և չգոհանան այն արդյուքններով ինչ կա:

Համբարձումյանը նաև անդրադարձավ 2022 թվականի ընտրություններին ՀՅԴ մասնակցելու ձևաչափին: «Դաշնակցությունը միշտ էլ ինքնավստահ է գնացել ընտրություններին, գնացել է առանձին` իր հստակ օրակարգով: Կարծում եմ` հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ավելի լավ արդյունքներ արձանագրելու հնարավորութուն կունենանք»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով` ճիշտ է, Դաշնակցությունը երբեք չի եղել մասսայական կուսակցություն և չեն էլ ակնկալում, որ մոտ ապագայում կարող է դառնալ այդպիսին, բայց կամզակերպական կառույցը ուժաեղացնելու և ավելի պատրստ գնալու ընտրությւոնների համար, հսկայական անելիք ունեն, որի ուղղությամբ էլ աշխատանքներ են իրականացնում:

Սահմանադրական բարեփոխումների ջատագովը լինելով՝ ՀՅԴ-ն երբեք քաղաքական զարգացումներն անձերով չի պայմանավորվել, ասաց Արսեն Համբարձումյանն անդրադառնալով` վարչապետի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանն առաջադրելուն:

«Մեզ համար կարևոր են համակարգային փոփոխությունները, և իշխանության խնդիրը լուծվել է Աժ ընտրություններով: Կեղծ քաղաքական օրակարգ է վարչապետի թեկնածուի արծարծումը, քանի որ այն վերապահված է քաղաքական մեծամասնությանը, և որպես կոալիցիայի կողմ՝ մենք հարգանքով կվերաբերվենք քաղաքական գործընկերոջ կողմից կայացրած որոշմանը»:

Նրա խոսքով` եթե Սերժ Սարգսյան քաղաքական գործչի մասին չունենային դրական մոտեցում՝ ամենայն հավանականությամբ կոալիցիայի մաս չէին կազմի:

Հարցին` Սերժ Սարգսյանն իրո՞ք անփոխարինելի է, Համբարձումյանը նշեց, որ այդ հարցը Նա հռետորական է : «Սերժ Սարգսյանն արդեն անդրադարձել է նախկինում արած իր հայտարարությանը և հավելյալ մեկնաբանության խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության գործողությունների գնահատականների մասին՝ կապված ավտորիտար պետության ճանապարհով գնալուն, Արսեն Համբարձումյանն ասաց, որ կա՛մ ընդդիմությունը ճիշտ օրակարգ չի ընտրել, կա՛մ չի վայելել ժողովրդի վստահությունը, և վերջին գործընթացները այդ մասին են վկայում:

«Ինչպես կասի դասականը՝ նման գործիչների համար այդ օրակարգը դարձել է «պարապ վախտի խաղալիք»: Փողոցային պայքարի արդյունավետության մասին լավ կարծիք չունենք, և փորձը ցույց է տվել, որ այդ եղանակով ոչինչ մեզ մոտ չի փոխվել, և հերթական հիասթափությունն է սպասվելու: Իլյիչի ժամանակները վաղուց անցել են՝ հարյուր տարի առաջ արած Լենինի հայտարարությունը, թե իշխանությունը փողոցում է և պետք է գնալ ու վերցնել. կարծում ենք, որ չաշխատող տարբերակ է: Չեմ կարծում, որ մարդիկ պետք է իրենց Լենինի տեղը դնեն: Լենինին դա հաջողվեց անել, քանի որ նա օտարերկրյա գործակալ էր»,- եզրափակեց նա:

Տպել Տպել