«Ապառաժ»-ի խմբագրական. Ազգային արժեքներն ու մարդու իրավունքը

Մարդկության զարգացման զանազան փուլերում հասարակության մեջ ստեղծվող միավորումները` սկսած ընտանիքից մինչեւ համայնքային կամ ավելի զարգացած ազգային հավաքականություններ, ունեն իրենց արժեքային համակարգերը: Այդ արժեքային համակարգերի յուրացման արդյունքում է, որ ի մի են գալիս անհատներ՝ կազմելով, որպես փոքր բջիջ՝ ընտանիք, ապա համայնք, ազգ եւ, ի վերջո, համընդհանուր մարդկություն:

Ելնելով այդ արժեքների էությունից եւ հիմնական նպատակ ունենալով հավաքականության պահպանումն ու զարգացումը՝ մշակվում են օրենքներ, ինչպես արձանագրված, այնպես էլ բանավոր՝ սերնդե սերունդ փոխանցման միջոցով, որոնք մեզ հայտնի են որպես ավանդույթներ: Այդ ավանդույթներն հավաքածոն այն շաղախն է, որի միջոցով կարծրանում է հավաքականության մասնիկների միավորումը և իմաստավորվում գոյատևումը:

Մյուս կողմից, հավաքականության մեջ գոյություն ունեցող արժեքների պահպանումը ինքնին իրավունք է: Դա ոչ միայն համընդհանուր, այլ նաև տվյալ հավաքականությանն անդամակցող յուրաքանչյուր անհատի իրավունքն է, իսկ այդ իրավունքը չգիտակցող հավաքականությունը դատապարտված է տրոհման:

Իհարկե, գոյություն ունեցող արժեքները ենթական են փոփոխության, սակայն այդ փոփոխությունները, որպես զարգացման հոլովույթի արդյունք, պետք է տեղի ունենան համընդհանուր համախոհությանբ: Հենց այդ նկատառումից ելնելով է, որ նոր արժեքներ սերմանելու համար հիմնական դեր է վերապահվում հասարակության կրթական մակարդակի եւ գիտակցության բարձրացմանը:

Յուրաքանչյուր հավաքականության մեջ օտարամուտ համոզմունքների ու ընկալումների ներմուծումն առաջացնում է հակազդեցության դրսեւորումներ: Այդ հակազդեցությունները յուրաքանչյուր միավոր յուրովի են բացահայտում՝ ելնելով արժեքային համակարգից: Պատմության մեջ բազում են այն փաստերը, որտեղ բիրտ ճնշման են ենթարկվել այլախոհական շարժումները:

Հենց այդ առճակատումները կանխելու համար է, որ միջազգային հանրությունը Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով ընդունել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»-ը: Հռչակագիրն ընդունվել է 1948թ: Այդ հռչակագրում հիմնականում պաշտպանվում է մարդը եւ իր իրավունքները:

Իսկ հռչակագրի 23-րդ հոդվածի առաջին կետում շեշտվում է նաեւ անհատի պարտականությունը հավաքականության նկատմամբ. «Յուրաքանչյուր ոք համայնքի առաջ պարտականություններ ունի, որտեղ եւ հնարավոր է նրա անհատականության ազատ ու լիարժեք զարգացումը»:

Իսկ նույն հոդվածի երկրորդ կետում ասվում է, որ յուրաքանչյուր մարդու իրավունքի ու ազատության սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է այլոց իրավունքների եւ ազատությունների սահմանները:

Ազգը եւս մարդկային հավաքականություն է: Վերը նշվածից ելնելով՝ որեւէ ազգի համար առկա արժեքների պահպանումը նախ եւ առաջ ազգային իրավունք է, իսկ այն անհատներն ու միավորումները, որոնք փորձում են խախտել, անտեսել, կամ ծաղրել ազգային արժեքները, խախտում են իրավունքի ու ազատության սահմանները:

«Ապառաժ»-ի խմբագրական,
30 մարտ, 2018թ

aparaj.am

Տպել Տպել