Ղարաբաղն ու Հայաստանը միասնական մշակութային դաշտի մեջ են

Սերգեյ Շահվերդյանը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը ստանձնել է անցյալ տարի սեպտեմբերի 25-ին: Մինչ այդ մասնագիտությամբ ֆիզիկոս, արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ Սերգեյ Շահվերդյանը Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն էր:

Տարբեր այլ պաշտոններ է զբաղեցրել, նաև որպես լրագրող արցախյան պատերազմի ողջ ընթացքում ամեն օր Հայաստանի և սփյուռքի մամուլում լուսաբանել է Արցախում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները:

Որպես Արցախի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար, Սերգեյ Շահվերդյանը շատ կարևոր է համարում պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը, որը հենց նրա օրոք պետական մակարդակի վրա է դրվել որպես առանցքային խնդիր:

Նրա նախաձեռնությամբ Արցախում ստեղծվել է պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը, Տիգրանակերտում ստեղծվել է առաջին պատմամշակութային արգելոցը, Հունոտի Կիրճում՝ բնապատմական արգելոցն է ձևավորվել, Արցախը մասնակցում է միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների, իսկ զբոսաշրջությունը դարձել է երկրի տնտեսական զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը:

Օրերս աշխատանքային այցով Երևանում էր գտնվում Սերգեյ Շահվերդյանի գլխավորած պատվիրակությունը՝ Հայաստանի մշակույթի նախարարության հետ փորձի փոխանակման նպատակով:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ հիմնախնդիրներ կարող է մատնանշել նախարարը Արցախում իր ղեկավարած ոլորտում, Սերգեյ Շահվերդյանը պատասխանեց․ – «Չեմ կարծում, որ Ղարաբաղում մշակութային խնդիրները շատ տարբերվում են ամբողջ Հայաստանի մշակութային խնդիրներից, Ղարաբաղն ու Հայաստանը միասնական մշակութային դաշտի մեջ են, մենք միասնական հայկական մշակույթ կրող քաղաքացիներ ենք, ու խնդիրները, ըստ երևույթին, միասնական են: Մեզ համար, որպես առաջիկա տարիների հիմնական խնդիրներից մեկը առանձնացրել ենք հետևյալը․ մշակույթը պետք է հասանելի լինի բնակչության բոլոր խավերին՝ անկախ նրանից, թե որտեղ է էդ մարդը բնակվում: Սա շատ կարևոր է, որովհետև մշակութային կյանքը հիմնականում կենտրոնացված է լինում մայրաքաղաքում, ու շատ հաճախ գյուղերում, շրջաններում բնակվող մարդիկ կտրված են այդ կյանքից»:

Հայաստանում այս խնդիրը լուծվել է «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, երբ ամենատարբեր թատերահամերգային խմբեր հանդես են գալիս մարզերում՝ քաղաքներում և գյուղերում: Իսկ Արցախում, նախարարի խոսքով, նախ հնարավորություն են ստեղծում մայրաքաղաքից դուրս ապրող բնակիչներին մասնակիցը դարձնել Ստեփանակերտում տեղի ունեցող մշակութային իրադարձություններին՝ եթե դրանք չեն կարող ներկայացվել շրջկենտրոնններում, և իհարկե նույն կերպ մայրաքաղաքային խմբերն ամենատարբեր առիթներով հանդես գալիս շրջկենտրոններում:

«Այս առումով մենք ժամանակացույց ենք մշակել, որով հագեցած կլինի ամբողջ ամռան, աշնան ժամանակաշրջանները նաև մեր շրջկենտրոնների և խոշոր գյուղերի մշակութային կյանքը», – նշեց նախարարը՝ շարունակելով․ – «Մենք այս տարվա հիմնական հրատարակչական գործունեությունը ծավալում ենք, բնականաբար, Արցախյան շարժման 30-ամյակի թեմայով, որը, իհարկե, մի քիչ ստվերի տակ է թողնելու մեր մյուս նախատեսումները: Շատ կարևոր է մեզ համար արցախյան բարբառի ուսումնասիրությունը, այդ ուղղությամբ գիտական հրատարակությունները: Այս առումով ունենք որոշակի աշխատանքներ՝ Արցախի բարբառի բառարան ենք հրատարակել, մի շարք այլ բաներ: Շատ կարևորում ենք Արցախի ավանդական ծիսական երևույթները վերհանելը և հրատարակելը: Ունենք գրողների միության, որը շատ սերտ համագործակցության մեջ է Հայաստանի գրողների միության հետ, և իրենք պարբերաբար պետության աջակցությամբ այլազան հրատարակություններ են իրականցնում: Բավականին աշխույժ այս առումով աշխատանք է ծավալվում: Գրական մամուլ ունենք՝ «Պըլը Պուղի» հանդեսը, որը 28 տարի է, որ հրատարակվում է, ու «Եղիցի լույս» պարբերաթերթը: Այստեղ, իհարկե, խնդիրներ կան․ ինչպեսև ամեն տեղ տպագիր մամուլը մի քիչ դժվար է իրացվում»:

azatutyun.am

Տպել Տպել