Մանրածախ առևտուրը մենաշնորհացվում է, ինչը խնդիրներ է առաջացնում

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը մտահոգություն հայտնեց, որ մենաշնորհացվում է մանրածախ առևտուրը, ինչը խնդիրներ է առաջացնում:

«2017 թվականին մանրածախ առևտուրը 5,5 տոկոս աճ է գրանցել, այն դեպքում, երբ առևտրի օբյեկտների թվաքանակը կրճատվել է 3,5 տոկոսով, հիմնականում իրենց գործունեությունը նվազեցրել են փոքր կրպակները»,-ասաց նա և հայտնեց, որ այդ աճը հիմնականում ապահովել են խոշոր առևտրային ցանցերը:

Սուրեն Պարսյանը մանրածախ առևտրի առաջնային խնդիրներից մեկը համարեց այն, որ առ այսօր կանոնակարգված չէ խոշոր, մեծ, փոքր խանութները՝ ըստ տարածքի: Նա նկատեց, որ խոշոր առևտրի կենտրոնները մեծացնում են իրենց գործունեությունը` խանգարելով երթևեկությանը, բնակչությանը անհանգստություն պատճառելով:

Բացի այդ, նա ասաց, որ խոշոր առևտրային ցանցերը մատակարարներին պարտադրում են լրացուցիչ վճարներ կատարել, օրինակ՝ ցուցակագրված վճար, ինչը կարևոր հարց է, կանոնակարգված չեն նաև զեղչերի տեսակները, առանձնահատկությունները և սուպերմարկետները մարքեթինգային այնպիսի ակցիաներ են անում, որ թվում է սպառողին, թե իբրև խնայողություններ են անում: «Խոշոր առևտրի կենտրոններում չգրանցված աշխատողների ռիսկեր կան, որոնք կարող են ապահովել մրցակցային առավելություն: Բացի այդ, սուպերմարկետներում մսի, մրգի, բանջարեղենի վաճառքի իրականացումը արվում է այլ անհատ ձեռնարկատերերի անուններով»,-ասաց նա:

Ըստ նրա` մանրածախ առևտրի կենտրոնները ոչ թե հարկային բեռի խնդիր ունեն, այլ մրցակցության և պահանջարկի:

Tert.am-ի հարցին, թե ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ է, ինչո՞ւ մտահոգությունները չեն ներկայացրել կառավարությանը, բացի այդ գիտենք, թե խոշոր առևտրի ցանցերը ում են պատկանում, այստեղ շահերի բախման խնդիր չե՞ք տեսնում, Սուրեն Պարսյանն ասաց, որ իրենց առաջարկությունները հրապարակել են անցած հինգշաբթի, և դրանք ստացել են նաև կառավարության գործիչները:

«Սրանք հայեցակարգային դրույթներ են և նախատեսվում է, որ հետագայում միս ու արյուն կստանան օրենսդրական ակտերում»,-ասաց նա և նշեց, որ բացի օրենսդրական կարգավորումից, լուծումները վերաբերում են վարչական մեթոդներին:

Ինչ վերաբերում է շահերի բախմանը, նա ասաց, որ իրենք մենաշնորհների դեմ պայքարը չեն ապահովում այս կամ այն անձով: «Մեծածախ առևտրի գործունեությունը պետք է սահմանափակենք մանրածախներով»,-ասաց նա և նշեց, որ իրենց քաղաքականությունն անկեղծ է:

Բացի այդ, նա նշեց, որ այս հարցերի բարձրաձայնումը արդեն բերել է նրան, որ ուսումնասիրություն է կատարվել առևտրի ցանցի կենտրոններից մեկում և արդյունքում գրանցված աշխատողների թիվն ավելացել է:

Տպել Տպել