Դատական իշխանությունը Տեղական ինքնակառավարման մարմինները եւ Բանակը

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Դատական իշխանությունը, Տեղական ինքնակառավարման
մարմինները եւ Բանակը

Դատական իշխանությունը

Պետականության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը: Յուրաքանչյուր պետության մեջ ժողովրդավարության մակարդակը կարելի է չափել նաև նրա դատական համակարգով և առաջին հերթին երդվյալ ատենակալների ինստիտուտի առկայությամբ: Սկզբնական փուլում ժամանակավորապես, որոշ փոփոխություններով պահպանվեցին Ռուսաստանյան կայսրության օրենքները` «Հավաք օրինաց»-ը, հին դատաիրավական համակարգը: Հետագայում աստիճանաբար սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ: 1918 թ. դեկտեմբերի 6-ին հաստատվեց արդարադատության նախարար Սամսոն Հարությունյանի (ՀԺԿ) կազմած ՙԴատական հիմնարկությունների մասին՚ օրինագիծը: Դատաիրավական համակարգում մտցվեց եռաստիճան` օկրուգային կամ շրջանային դատարան, դատական կամ դատաստանական պալատ և Սենատ դատական համակարգ: Սենատը կամ ծերակույտը դատական բարձրագույն ատյանն էր: Նա փաստորեն իրականացնում էր մի կողմից՝ վճռաբեկ ատյանի դեր, իսկ մյուս կողմից` որպես օրենքներ պարզաբանող և կարգավորող, և´ Գերագույն դատարանի, և´ Սահմանադրական դատարանի դեր:

Դատաիրավական համակարգի առանձին օղակներից էր դատախազությունն իր բաժիններով և այլն: Դատական հսկողություն էր իրականացվում նաև դատական պալատում և շրջանային դատարաններում: Բոլոր շրջաններում (գավառներում) գործում էին նաև ստորին կամ հաշտարար դատարաններ, որոնք նմանվում էին մի տեսակ ընկերական դատարանների և իրավասու էին լսել միայն փոքր կարևորության հայցեր` առավելագույնը մինչև վեց ամսվա բանտարկության կամ 500 ռուբլու տուգանքի պատժաչափով: 1919 թ. գարնանից վերացվեցին հաշտարար դատարանները: Զինվորականների գործերով զբաղվում էր զինվորական դատա¬րա-նը: Այս դատարաններից զատ` ժամանակի ընթացքում ստեղծվեցին նաև այլ դատարաններ` արտակարգ և ռազմադաշտային, որոնք, սակայն, հիմնվում էին հանգամանքների ստիպողական թելադրանքով և ունեին ժամանակավոր բնույթ:

Հանրապետության արդարադատության մարմինները ենթարկվում էին միայն օրենքին և պատասխանատու էին դարձյալ միայն օրենքի առջև: Դատական ատյանների բարձր պաշտոնյաներին նախարարների խորհրդի առաջարկությամբ ընտրում էր խորհրդարանը, ինչը դարձյալ փաստում է խորհրդարանի բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքը: Ավելին, խորհրդարանի իրավասության մեջ էին մտնում բանտարկյալներին ներում շնորհելը կամ նրանց պատիժը մեղմացնելը և այլն:

Հանրապետության դատական համակարգի ժողովրդավարացման դրսևորում էր 1919 թ. երդվյալ ատենակալների ինստիտուտի հիմնումը: 1919 թ. ապրիլին Երևանում հիմնվեց Հայաստանի իրավաբանական ընկերությունը: Դատավարու¬թ¬յունը և հիմարկ-ձեռարկությունների գործավարությունը տարվում էին պետական լեզվով` հայերենով:

Առաջին Հանրապետությունում ժամանակի սղության ու քաղաքական հանգամանքների պատճառով հնարավոր չեղավ ընդունել ՀՀ Սահմանադրություն, ինչը դժվարացնում էր դատաիրավական համակարգի վրա սահմանադրորեն կանոնակարգված համապատասխան հսկողության իրականացումը: Բանն այն է, որ հայ հասարակական-քաղաքական ու կառավարական շրջանակները սպասում էին Հայաստանի սահմանների ամբողջացմանը՝ 1919 թ. սկզբներին Փարիզում բացված խաղաղության կոնֆերանսում Հայկական հարցի արդարացի լուծմանը և դրա արդյունքում Միացյալ և Անկախ Հայաստանի ստեղծմանը, որից հետո միայն կընդունվեր Միացյալ Հայաստանի սահմանադրությունը:

Տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ)

Իշխանության համակարգում իրենց ուրույն տեղն ունեին տեղական իշխանության` գավառային, քաղաքային և համայնքային մարմինները: 1918 թ. հունիսի 4-ին Թուրքիայի հետ Բաթումում հաշտություն կնքելուց հետո բոլոր առումներով Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր չափազանց ծանր դրության մեջ՝ ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, թուրք-թաթարական շրջափակում, հարյուր հազարավոր գաղթականներ և այլն: Սակայն Աշխարհամարտի ավարտից հետո, երբ պատերազմում պարտված Գերմանիան և Թուրքիան հարկադրված իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից, ՀՀ սահմանները ընդարձակվեցին ներառելով Լոռի-Փամբակը, Ալեքսանդրապոլի գավառը, Էջմիածնի գավառի մնացած մասը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանը, Կարսի նահանգը և այլն:

1919 թ. գարնանը հանրապետության գավառների թիվը անցնում էր մեկ տասնյակից, քաղաքների թիվը` նույնպես: Սոցիալական կազմի տեսակետից հանրապետության բնակչության 85 տոկոսը կազմում էր գյուղացիությունը: Ավելի ուշ` 1920 թ. մայիսին, հանրապետության տարածքը վարչական տեսակետից բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի: Այդ ժամանակ ՀՀ առավելագույն տարածքը հասավ շուրջ 70 հազ. քառ. կմ-ի` 2 մլն բնակչությամբ: Գործնականում ՀՀ սահմանները ձգվում էին Արցախից մինչև Օլթիի ածխահանքերը:

1919 թ. մայիսից, կառավարության նախաձեռնությամբ, մշակվեց և գործողության մեջ դրվեց Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) մասին օրենքը: ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները համարվում էին ռուսական զեմստ-վոների հայաստանյան նմանակը: Խորհրդարանում գործում էր Ինքնավարություն-ների մշտական հանձնաժողով, որը փորձում էր ՏԻՄ-երի գործունեության համար ապահովել համապատասխան իրավաօրենսդրական դաշտ: ՏԻՄ-ի` որպես ժողովրդավարական ընտրովի կառույցի, խորհրդի ու վարչության գործառույթների մեջ էին մտնում տեղական նշանակության քաղաքային ու գավառային խնդիրների` հողահատկացումների, բնակարանային, ֆինանսական (ելևմտի), կրթության, բժշկության, սանմաքրման, բնակավայրերի բարեկարգման, վիճակագրության, տուրքերի գանձման և այլ ոլորտները: Փորձեր արվեցին տարանջատել կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, սահմանները և փոխհարաբերությունների շրջանակները: Օրինակ՝ փորձեր կատարվեցին ՆԳՆ մի շարք գործառույթներ, մասնավորապես միլիցիան հանձնել ՏԻՄ-երի ենթակայությանը և այլն:

Հատկանշական է, որ տեղական ինքնակառավարման` գավառային, քաղաքային, համայնքային մարմինները ընտրովի էին: Դրանք խորհրդարանի ընտրությունների նման ձևավորվում էին բազմակուսակցական (համամասնական) սկզբունքով անցկացված ընտրությունների միջոցով: Տվյալներ կան, որ ընտրությունների արդյունքով, ՀՅԴ-ից զատ, բավականաչափ իրավասու տեղեր են զբաղեցրել և այդ մարմինների աշխատանքներում ընդգրկված են եղել նաև այլ կուսակցություններ` ՀԺԿ, Էսէռ, Սոց.-դեմ. մենշևիկ և նույնիսկ բոլշևիկ, անկուսակցականներ և այլն:

Վերակառուցվեցին քաղաքային ինքնավարությունները: 1920 թ. հունվարին Երևանի քաղաքագլուխ Մկրտիչ Մուսինյանի նախաձեռնությամբ հիմնվեց ՀՀ քաղաքների միություն` իրար հետ համագործակցելու և փորձի փոխանակման նպատակով: ՏԻՄ-եր են ստեղծվել և գործել ՀՀ վարչական տարածքի մեծ մասում` 9 քաղաքում և 6 գավառում` Երևանի, Էջմիածնի, Իջևանի և այլն: Մյուսներում ռազմաքաղաքական, էթնիկ, սոցիալական և այլ խնդիրների պատճառներով հնարավոր չեղավ այն արմատավորել կամ ավարտին հասցնել:

Այսպիսով, մեկ-երկու տարում հայաստանյան շատ քաղաքներում և շրջաններում տեղական ինքնակառավարման արմատավորումը ինքնին վկայում է, որ Հայաստանի իշխանությունները արել են հնարավորինը այն ժամանակների չափանիշներով ժողովրդավարական պետության կայացման ուղղությամբ, որի փորձն ու դասերը ուսանելի կարող են լինել մերօրյա Երրորդ հանրապետության ՏԻՄ-երի վերջնական կայացման համար:

Ազգային բանակը

Հայոց անկախ պետականության ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակն էր: Պատմության փորձը սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը` կենսունակ, որն ունի կարգապահ ու մարտունակ բանակ:
Բաթումի պայմանագրից հետո, Թուրքիայի պահանջով, Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա: Այդ իսկ պատճառով 1918 թ. ամռանը Հայկական առանձին բանակային կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937): Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի: Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը, իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը (սպարապետը)` գեներալ-գնդապետ Թովմաս Նազարբեկյանը (1855-1931):

1919 թ. հունվարից, երբ թուքական զորքն արդեն հեռացել էր Անդրկովկասից, և ավարտվել էր նաև հայ-վրացական պատերազմը, կատարվեց բանակի մասնակի զորացրում: Դրա փոխարեն հայտարարվեց 20-25 տարեկան զինապարտ քաղաքացիների զորակոչ: 1919 թ. սեպտեմբերին ընդունված՝ քաղաքացիների զորակոչի մասին օրենքը տարածվում էր նաև արևմտահայերի վրա: ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե´ զորքով և թե´ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով: Հայոց բանակը համարվում էր մարտունակ: Արդեն 1920 թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, իսկ աշնանը` թուրք-հայկական պատերազմի շրջանում՝ շուրջ 40 հազարի, այդ թվում` 33 գեներալ և 2000-ից ավելի սպա` չհաշված տաղանդաշատ ու փորձառու նախկին հայդուկապետներն ու խմբապետները:

ՀՀ անվտանգության ապահովման նպատակով երկրի ռազմաքաղաքական համակարգի կարևոր կառույցներից մեկը հանդիսացավ հատուկ ծառայությունների` հետախուզության և հակահետախուզության կազմակերպումը, առանց որի անհնարին է պատկերացնել անկախ պետականությունը: Քայլեր արվեցին համակարգելու համար հատուկ ծառայությունների գործունեության հիմնական ուղղությունները` ռազմական, քաղաքական-դիվանագիտական, տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում: ՀՀ անվտանգությանը աջակցություն էր ցուցաբերվում նաև ՀՅԴ կուսակցական խողովակներով:

Հայաստանի երկրորդ խորհրդարանում գործում էր Զինվորական հանձնաժողովը, որը նախագահում էր Ռուբենը (Մ. Տեր-Մինասյան): Խորհրդարանն ու կառավարությունը միջոց ու ջանքեր չէին խնայում հայոց բանակը ամրապնդելու համար: Դա երևում է կառավարության ու խորհրդարանի ֆինանսական հատկա-ցումներից: Վարչապետ Ալ. Խատիսյանի վկայությամբ` հանրապետության պետբյուջեի մեծ մասը ծախսվում էր բանակի ու պաշտպանության նպատակների վրա: Երբեմն հանգամանքների թելադրանքով զինվորական նախարարության անունով վարկեր էին բացվում՝ առանց նախահաշիվների: Այսպես, օրինակ, 1919 թ. սեպտեմբերին զինվորական նախարարության անունով նախահաշվից դուրս բացվել է 11,7 մլն. ռուբլու վարկ՝ ամերիկացիներից զորքի համար կոշիկներ գնելու նպատակով: Անգլիացիներից 600 ջորի, 150 սայլ և զինվորական հանդերձանք գնելու համար հատկացվում է 12 մլն. ռուբլի: 1919 թ. աշնանը բանակի պարենավորման համար հատկացվում է 9,3 մլն. ռուբլի: Արդեն 1920 թ. գարնանը բանակի մատակարարումների համար բացվեց 85,4 մլն. ռուբլու վարկ, մեկ ամիս անց` 35,6 մլն. ռուբլի, արտակարգ ծախսերի համար` 40 մլն. ռուբլի և այլն:

Ֆինանսական հատկացումներ էին կատարվում ոչ միայն բանակի կերակրման ու հանդերձավորման, այլև ռազմամթերքի սեփական արտադրության կազմակերպման ուղղությամբ: Այսպես, 1919 թ. աշնանը մարտական գնդակներ պատրաստելու և փամփուշտներ լցնելու արհեստանոց հիմնելու համար հատկացվեց 6 մլն. ռուբլի: Իսկ մեկ այլ օրենքով Ալեքսանդրապոլի հրանոթային արհեստանոցների կազմակերպման ու կահավորման համար հատկացվեց 2 մլն. 172 հազար ռուբլի և այլն:

Հատկանշական է, որ Առաջին Հանրապետության շրջանում իսկական զինվո¬րական ծառայության մեջ գտնվողները օրենքով ընտրություններին (խորհրդարանի, տեղական ինքնակառավարման մարմինների) մասնակցելու (ընտրել, ընտրվել) իրավունք չունեին: Առաջին Հանրապետության բանակի ապակուսակցականացած լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ վերոհիշյալ բարձրագույն հրամանատարական կազմի 33 գեներալներից գրեթե ոչ մեկը դաշնակցական չէր: Բացառություն էր թերևս միայն Դրոն, որն իր կենսագրությամբ ավելի շատ հայդուկ էր, քան պրոֆեսիոնալ զինվորական:

Մեր օրերում ևս բանակը լիովին ապաքաղաքականացնելու և ապակուսակցականացնելու նպատակով ցանկալի է, որ իսկական զինվորական ծառայության մեջ գտնվող¬ները չմասնակցեն ընտրություններին և դրանով հեռու մնան քաղաքական գործընթացներից: Մեր ժամանակների համար շատ ուսանելի է նաև այն իրողությունը, որ Առաջին Հանրապետությունում երկամյա պարտադիր զինծառայության էին կանչվում զորակոչային տարիքի բոլոր արական սեռի քաղաքացիները` առանց սոցիալական, կրթական և դիրքի խտրության, այդ թվում՝ բոլոր պաշտոնատար անձանց զավակները: Իբրև օրինակ` տեղին է հիշել, որ Հայաստանի ազատության և անկախության համար մղված կռիվներում որպես հայկական բանակի զինվորներ կռվեցին և զոհվեցին վարչապետներ Հ. Քաջազնունու երկու որդիները` Աշոտը և Արամը, Հ. Օհանջանյանի միակ որդին, Ալ. Խատիսյանի եղբայրը և այլք:

Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, սեփական ուժերին ապավինելու գիտակցությունը, մայրենի լեզվի արմատավորումը և այլն: Սակայն ժամանակի պակասը և արտաքին ու ներքին մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի վերջնական ամրապնդումը:

Տպել Տպել