Արթուր Խաչատրյանն ընդունել է Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակությանը

Ապրիլի 11-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ընդունել է Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակությանը` Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի գլխավորությամբ:

Հանդիպման օրակարգային թեմաներից էին կենցաղային թափոնների և սպառված հանքերի կառավարմանը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող հիմնախնդիրները, ինչպես նաև Շիրակի մարզում էկոլոգիական տուրիզմի զարգացումը:

«Ուրախ եմ ողջունելու ձեզ Շիրակի մարզում, պատրաստ ենք համագործակցության ցանկացած բնագավառում, ուրախ կլինենք Շիրակի մարզի և Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու: Մենք արդեն հասցրել ենք Շվեդիայի դեսպանատանը մի քանի առաջարկություններ ներկայացնել, որոնք առնչվում են էկոլոգիական հիմնահարցերին: Շվեդիան այս բնագավառում աշխարհի առաջատար երկրներից է համարվում, մենք պատրաստ ենք սովորել, հետևել օրինակին, սիրահոժար ընդունել ցանկացած աջակցություն և խորհրդատվություն»,- նշել է մարզպետը:

Դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնն էլ կարևորել է մարզերի հետ ապակենտրոնացված շփումները նշելով, որ Շիրակի մարզն իրապես ունի պոտենցիալ. «Կարծում եմ այսօրվա հանդիպումից ու մարզում շրջագայություն կատարելուց հետո պարզ կլինեն համագործակցության ուղղությունները»:

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Օստերյոտլանդի նահանգապետարանի միջազգային հարցերով համակարգող Լինդա Սթրյոմը հուշանվերներ փոխանակեցին:

Նշենք, որ Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ Օստերյոտլանդի նահանգապետարանի աշխատակիցները այսօր կլինեն Արփի լճի տարածքում, կծանոթանան բնությանն ու շրջակայքի հնարավորություններին, կշրջեն նաև մարզի խոշոր աղբավայրերում:

shirak.mtad

Տպել Տպել