Միջազգային ուժերը պետք է վերջ տան իրենց շահերի համար Սիրիան ոտնատակ տալուն

Սիրիայի ժողովուրդն այսքան ժամանակ այդ պատերազմը տարել է, դիմացել է, և եթե շարունակություն կա, սիրիացին այլ անելիք չունի, քան այդ ահաբեկչության դեմ պայքարը շարունակելը. այս մասին Tert.am-ին ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը՝ ի պատասխան հարցի, թե Սիրիայում ինչպես են գնահատում այն փաստը, որ ներսիրիական պատերազմն առաջիկայում կարող է տեղափոխվել երկրի սահմաններից դուրս և վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի:

Ժիրայր Ռեիսյանը հավելեց նաև, որ մինչ աշխարհը կանխատեսում, հաշվարկում է սցենարներ, թե ԱՄՆ-ի կողմից Սիրիայում խոստացված հրթիռային հարվածների դեպքում երրորդ համաշխարհայինը կսկսվի՞, թե ոչ, Սիրիայում մարդիկ ապրում են այն կյանքով, ինչ վերջին 5-6 տարիներին, այսինքն՝ առօրյա կյանքով:

Հիշեցնենք, որ BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտնել է լրագրողներին, որ Սիրիային ուղղված ռազմական հարվածների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

«Նախագահն իր տրամադրության տակ մի քանի տարբերակ ունի, և մի շարք տարբերակներ մնում են քննարկման սեղանին»,- ասել է Սանդերսը չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես հայտնել են BBC-ի աղբյուրները, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է միանալ ռազմական գործողությանը, սակայն ստիպված է խնդրել ԱՄՆ-ին՝ սպասել գործողությունների իրականացման հարցում, մինչ նա չխորհրդակցի խորհրդարանականների հետ: Առաջիկա օրերին արձագանքի վերաբերյալ որոշում կկայացնի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: Եվ ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ Սիրիայի դեմ Արևմուտքի ռազմական օպերացիան, որը սպասվում էր չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշեր, հետաձգված է, բայց ոչ չեղարկված:

Հարցին, թե Սիրիայի խորհրդարանը չի՞ պատրաստում որևէ հայտարարություն, տեքստ՝ կողմերին սրացման չգնալու վերաբերյալ, հայազգի պատգամավորն ասաց. «Սիրիան միշտ էլ աշխատել է իր օրակարգը բոլորի սեփականություն դարձնել, ով կհավատա՝ կհավատա, ով չէ՝ իր խնդիրն է։ Սիրիան մեկ խնդիր ունի հստակ՝ վերջ տալ այս ահաբեկչությանը, պատերազմին, վերականգնել խաղաղությունը»:

Արդյո՞ք Սիրիայի կառավարությունն ունի փաստարկներ, ապացույցներ, որ քիմիական զենք իր կողմից չի կիրառվել, ինչն էլ պատճառ էր դարձել Թրամփի կողմից նախագահ Բաշար ալ Ասադին «կենդանի» անվանելու համար, իսկ ՌԴ-ին էլ նրան աջակցելու մեջ մեղադրելու համար:

Այս հարցին ի պատասխան Ժիրայր Ռեիսյանն ասաց. «Եթե չեմ սխալվում՝ Դիմագրքի էջերի վրա բազմաթիվ պատկերներ կան, ֆիլմեր էլ կան այդ մասին խոսող, որից շատ պարզորեն կտեսնեք, որ եղածն ընդամենը քարոզչական պատերազմ է, քան իսկապես մտահոգությունների պատճառով է»:

Մյուս կողմից, սիրիական թնջուկն էլ ավելի է բարդանում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությամբ, որ դեռ չեն պատրաստվում դուրս գալ Աֆրինից: Ժիրայր Ռեիսյանն այս առնչությամբ ավելացնում է, որ այդ քարոզչական պատերազմը միջազգային ուժերի հակամարտության պատերազմ է, հետևաբար՝ միայն մեկ բան ունի ասելու՝ նրանք պետք է վերջ տան իրենց շահերի համար Սիրիան ոտնատակ տալուն:

Տպել Տպել