Պատգամավորական հանդիպումներ Մարտունի քաղաքում

Ապրիլի 11-ին ԱՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Իշխանյանը և Վահրամ Բալայանը հանդիպումներ են ունեցել Մարտունի քաղաքում և պատգամավորական հաշվետվությամբ հանդես եկել Մարտունու շրջանային հիվանդանոցի անձնակազմի և շրջկենտրոնի դպրոցների ուսուցչական կոլեկտիվների համար:

Հանդիպումների սկզբում պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկաներին նախ շնորհավորել է Արցախյան շարժման 30-ամյակի և ՀՀ առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ՝ շեշտելով, որ անցյալն արժևորելով, ճշգրտվում են նաև ապագայի ուղղությունները: Այնուհետև Դավիթ Իշխանյանը ներկայացրել է անցած տարի նույն կոլեկտիվների հետ հանդիպումներից հետո ԱՀ Ազգային Ժողովի և մասնավորապես «Դաշնակցություն» խմբակցության ծավալած գործունեությունը՝ մանրամասնելով նախորդ տարիների հետ համեմատ պետական բյուջեում կատարված փոփոխությունները, բնապահպանության, սոցիալական երաշխիքների, էներգետիայի, լիցենզավորման մասին և այլ ընդունված օրենքները, նաև Սահմանադրության ընդունումից հետո կատարված կառուցվածքային փոփոխությունները:

Դավիթ Իշխանյանը խոսել է Արցախի և այլ երկրների միջև միջխորհրդարանական, բարեկամական կապերի և շրջանակաների ընդլայնման մասին: «ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի և Արցախի ներկայացուցչության ջանքերով հաջողվել է երկու կարևոր բարեկամական խումբ և շրջանակ ձևավորել Վոլոնիայի ու Ֆլանդրիայի նահանգային խորհրդարանների մակարդակով»,- նշել է Դավիթ Իշխանյանը: Նա «Դաշնակցություն» խմբակցության գործունեությունից առանձնացրել է բնակչության հետ հանդիպումները և առաջացած խնդիրները գործադիր մարմինների հետ քննարկելը:

ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն իր ելույթում անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանը և քաղաքացիների անվտանգությանը վերաբերող հարցերին: «Մեր անվտանգության պահպանման լավագույն միջոցներից մեկը Արցախի Հանրապետության միջազգային իրավական ճանաչումը և նրա ինտեգրումն է աշխարհին, որի առումով 6-րդ գումարման Ազգային Ժողովը լուրջ աշխատանքներ է կատարում», – ասել է Վահրամ Բալայանը՝ ավելացնելով, որ ԱԺ-ն բարեկամական խմբեր ունի, որոնք սերտ հարաբերությունների մեջ են Ֆրանսիայի, Լիտվայի, Վոլոնիայի, Ֆլանդրիայի խորհրդարանների հետ: Վահրամ Բալայանը նշել է նաև, որ վերջին երկու տարիների ընթացքում Արցախ են ժամանել 32 պատգամավորական պատվիրակություններ, որոնք այնուհետև դարձել են Արցախի բարեկամներ:

Այնուհետև ներկաները պատգամավորներին են ուղղել իրենց հուզող հարցերը: Մարտունու շրջանային հիվանդանոցի բժիշկներին մտահոգում էին նոր սարքավորումների, հրավիրյալ մասնագետների համար նպաստավոր պայմանների ստեղծման հարցերը, իսկ ուսուցիչները բարձրաձայնել են քաղպաշտպանությանը, դպրոցական ծրագրերին վերաբերող հարցեր:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները խոստացան համապատասխան պատասխանատուների հետ քննարկել և լուծումներ տալ բարձրացված հարցերին:

Նշենք նաև, որ նույն օրը Արցախի Հայ Օգնության Միության Աշանի մասնաճյուղի անդամների ներկայությամբ Մարտունու շրջանային բուժմիավորմանն են հանձնվել հիվանդանոցի աշխատակիցների համար նախատեսված հողաթափեր, որոնք տրամադրվել են ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւմտյան շրջանի շրջանային վարչության կողմից:

aparaj.am

Տպել Տպել