Բարքերը փոխելու համար անհրաժեշտ է նախևառաջ կարգերը փոխել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ

Հարգելի գործընկերներ,

Հարգելի պարոն Սարգսյան,

Մեր դիրքորոշումը Ձեզ առաջադրելու հետ կապված հիմնավորված է ոչ միայն նրանով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ իրավաքաղաքական հիմքերը՝ պայմանավորված ԱԺ ընտրություններին ՀՀԿ արձանագրած արդյունքներով և այն հանգամանքով, որ կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ՀՀԿ-ին է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, այլև նախևառաջ նրանով, որ մենք միասին անցել ենք հուսադրող և մեր երկրի համար չափազանց բախտորոշ մի երկար ճանապարհ: Սակայն որ ամենակարևորն է, ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան կերտելու առաքելություն:

Մենք միասին լավագույն հիմքերն ենք ստեղծել արդար Հայաստան և միասնական ու պաշտպանված Արցախ ու Սփյուռք ունենալու համար:

Դրա ամենապերճախոս վկայություններից են՝ առավել ժողովրդավարական և ժամանակակից մեխանիզմներով օժտված խորհրդարանական համակարգի հիմնադրումը, որ հնարավորություն է ընձեռում արձանագրելու արդեն IV հանրապետության սկզբնավորման մասին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և Համահայկական հռչակագրի ընդունումը, Արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված արժանապատիվ և հայանպաստ բանակցությունների իրականացումը:

Միևնույն ժամանակ, պարոն Սարգսյան, մենք պարտավոր ենք չթերագնահատել և տեսնել առաջընթացի մեր ճանապարհին առկա խոչընդոտներն ու վտանգները:

Սկիզբ առած բարեփոխումները շարունակելու ներկա փուլի հետ կապված մեր գնահատականներում, մենք, իհարկե, առաջնորդվում ենք առկա խոչընդոտներն ու մարտահրավերները հաղթահարելու մեր միասնական պատասխանատվության գիտակցումով:

Ըստ այդմ, օրվա խնդիրն է չեզոքացնել առարկայական և ենթակայական այն բոլոր մտահոգությունները, որոնք բխում են հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերից: Կարծրատիպեր, որից առաջացած չվերացող դժգոհությունը փորձել ու փորձելու են օգտագործել սկսված գործընթացների քաղաքական հակառակորդները:

Այս գործընթացը վարկաբեկելու ամենատարածված բանաձևը «միևնույնն է ոչինչ չի փոխվելու» կանխավարկածն է, որ արտահայտվում է հիմնականում հետևյալ ձևակերպումներով՝

– փոփոխությունները ծխածածկույթ են իշխանությունների վերարտադրության համակարգը հավերժացնելու համար,

– վերնախավում անձերը նույնն են, ուրեմն ոչինչ չի կարող փոխվել:

Այս կարծրատիպից հրաժարվելը մեր հիմնական մարտահրավերն է:

Պատճառների պատճառը, որ ծնել է այս կարծրատիպը, այն է, որ երկիրը երկար տարիներ շարունակ ունեցել է անձնակենտրոն ղեկավարում և դառը փորձ է կուտակել՝ պայմանավորված նախագահի ունեցած գերլիազորություններով և գերանձնավորված պատասխանատվությամբ:

Մենք հենց այս պատճառն ենք վերացրել, բայց մարդիկ սա կգնահատեն, երբ որ դրա դրական հետևանքները տեսնեն, ինչպես որ ձևավորվել են նման բարդույթներ՝ նախորդ համակարգի բացասական հետևանքների հարատևության արդյունքում: Իսկ մարդկանդ հանդիպող բացասական հետևանքները հիմնականում հոռի բարքերն ու անարդարություններն են, հովանավորչությունն ու խնամի-ծանոթ-բարեկամական կադրային քաղաքականությունն է: Սրա վերջը պետք է տրվի:

Անշուշտ, բարքերը փոխելու համար անհրաժեշտ է նախևառաջ կարգերը փոխել: Մենք, այս գիտակցումով է, որ միասին փոխել ենք հին կարգերը, սակայն դա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար:

Այս նոր կարգերը պետք է օր առաջ կյանքի կոչվեն: Բայց ոչ այն տրամաբանությամբ, որ նոր գինին լցվի հին տիկերի մեջ կամ հին շորի վրա նոր կարկատան դրվի: Դրա ծանր հետևանքներին ծանոթ ենք Աստվածաշնչից:

Այդ առումով, հասարակության լայն խավերի մոտ հույսը կարող է արթնանալ, եթե այս փոփոխությունների արդյունքում վերացվեն արմատավորված բացասական հետևանքները, և մարդիկ հնարավորինս արագ իրենց կենցաղում զգան և ճաշակեն համակարգային այս ծավալուն փոփոխությունների դրական պտուղները:

Սա է մեզ կապող պատասխանատվության իմաստն ու բովանդակությունը:

Մենք լիահույս ենք, որ Ձեզ հետ միասին, պարոն Սարգսյան, կարող ենք և պարտավոր ենք, ցրելով բոլոր կասկածները, ապացուցել, որ Ձեր կողմից III հանրապետության III նախագահի պաշտոնից հետո IV հանրապետության I վարչապետի պաշտոնի ստանձնումը որևէ հատվածական շահ չի հետապնդում, այլ կոչված է, օգտագործելով Ձեր հսկայական փորձը, նոր էջ բացել մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար և նոր շունչ հաղորդել մեր երկրի առաջանցիկ զարգացմանը:

Հաջողություն Ձեզ, Ձեր այս նոր առաքելության մեջ:

Տպել Տպել