«Ապառաժ»-ի խմբագրական. Զգոնությունը` հրամայական

Անցյալ երկու շաբաթվա ընթացքում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները բուռն էին, եւ որին մասնակից ենք` ուզենք, թե ոչ:

Բացի Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, քաղաքական դիտանկյունից հագեցած շաբաթ ունեցանք: Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, իսկ Հայաստանն անցավ նոր կառավարման համակարգի, տեղի ունեցավ ՀՀ նախագահի երդմնակալությունը եւ սկսվել է նոր վարչապետի ընտրության գործընթացը:

Այս բոլոր իրադարձություններում՝ Սիրիայից սկսած մինչեւ Ադրբեջանի ընտրություններ, իր ազդեցությունն ունի հայությունն ու հայկական հարցը:

Ժամանակին Խորհրդային Հայաստանի ղեկավարները, ղեկավարությանը ծառայող պալատական մտավորականներն ու նույնիսկ հոգևորականները հայ ժողովրդի թիվ մեկ թշնամի էին համարում Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Ինչ լիներ-չլիներ՝ մեղավոր էր Դաշնակցությունը: Այժմ նույն մեղադրողի վիճակում են հայտնվել Թուրքիան ու Ադրբեջանը: Կարծես թե՞ նրանց քայլերն ուղղված են հայկական սադրանքները չեզոքացնելու ու հայության հակաթուրք քայլերը ի չիք դարձնելու համար:

Պարզվում է, որ թուրքական բանակում Աֆրինի ուղղությամբ կատարված գործողությունները որակվել են որպես «իսլամացած հայերի» որջերի ոչնչացման գործողություններ, իսկ Ադրբեջանի նախագահական ընտրությունների դիտորդների զեկույցը որակվել է հայկական լոբբիստական աշխատանքների արդյունք:

Այս ընդհանուր համայնապատկերում ուշագրավ էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ հնչեցրած ելույթը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ հայ ժողովրդի՝ Արցախի արդար իրավունքների ուղղությամբ պայքարելու վճռականությունը՝ շեշտելով նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող պայքարի կարեւորությունը եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության անհրաժեշտությունը:

Կարեւոր հանգամանք էր նաեւ Արամ Առաջին կաթողիկոսի եւ Հռոմի պապի առանձին հանդիպումը, որտեղ Վեհափառը հայտ ներկայացրեց Միջին Արեւելքի քրիստոնյա ժողովուրդների միասնական ճակատ ստեղծելու, ինչպես նաեւ իսլամ-քրիստոնյա երկխոսության անհրաժեշտությունը:

Վերջին շաբաթվա ընթացքում դարձյալ ակտիվացել են Ադրբեջանական կողմի կրակոցները:

Վերը նշված բոլոր իրադարձությունները տեղի են ունենում սրընթաց արագությամբ եւ պարտավորեցնում աչալրջության ու զգոնության դրսեւորում:

«Ապառաժ»-ի խմբագրական, 17 ապրիլի 2018թ.

aparaj.am

Տպել Տպել