Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցությունը ստացվեց. հույս ունեմ այն կշարունակվի

Ես այսօր հաջողեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, մեր խոսակցությունը ստացվեց եւ հույս ունեմ, որ այն շարունակվի, թեպետ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան: Մենք անցած 5-6 օրվա ընթացքում այս տեսակի ծավալուն աշխատանքների մեջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպեսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջեւ կանգնած այս թնջուկին:

Կարեւորն այն է, որ մենք, իբրեւ Դաշնակցություն, համաձայն չենք ձերբակալությունների հետ, նաեւ դեմ ենք, երբ վերջնագրերով են խոսում: Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է երկխոսություն՝ հանուն այս երկրի ու ժողովրդի: Պետք է մենք կարողանանք սթափվել, առիթ տանք, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, որ այդ լուծումը մենք գտնենք ու երկիրը ցնցումների չտանենք:

Կարեւոր է այսօր եւ այս պահին, որ փողոցը շատ ավելի զգույշ լինի, ժողովրդային շարժումը շատ ավելի զգույշ լինի, սադրանքների չենթարկվի, խաղաղ բնույթը պահպանի, որպեսզի հնարավորություն ստեղծենք, որ լուծում գտնվի:

Մենք ամեն ինչ անում ենք եւ այսպիսի ճիգ ու ջանքի մեջ ոչ անհատական ու ոչ էլ կուսակցական շահն է, որ խնդիր է: Երկիրն ու մեր ժողովուրդն է, որ հիմնական արժեք է, մենք դրան ենք հավատում եւ դա է, որ պետք է համոզում դարձնենք բոլորին, որ հանուն երկրի եւ ժողովրդի բոլորը պետք է զիջեն, ինչ-որ բանից պետք է զիջեն, որ ելք գտնվի:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայեյանի կալանավորման օրակարգով Ազգային Ժողովի արտահերթ նիստ չի նախատեսվում եւ նրանց անձեռնմխելիությունից զրկելու հարցը չի ընդգրկվելու խորհրդարանի օրակարգում։

Տպել Տպել