Դաշնակցության այսօրվա առաքելությունը

Այսօր տեղեկություն ստացվեց, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

Այսօր Դաշնակցությունը եզակի հնարավորություն ունի իր միջնորդական առաքելությամբ օգնել հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը: Դաշնակցությունը մոտ 3 տարի առաջ նույնպես կարողացավ իր միջնորդական առաքելությամբ հասնել նրան, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չվերածվեց քաոսային վիճակի եւ չհեղվեց անմեղ մարդկանց արյունը: Մեծամասամբ նաեւ ՀՅԴ-ի ջանքերով կարողացան կլոր սեղանի շուրջ նստել Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը:

Դաշնակցությունն արդեն իսկ միջնորդական առաքելության փորձ ունի եւ կարող է այսօր առավել ակտիվ ջանքեր գործադրել երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: Բնականաբար կրկին կլինեն մարդիկ, որոնք կքննադատեն դաշնակցությանը՝ նրանց ներկայացնելով տարատեսակ մեղադրանքներ, կոչ կանեն մերժել դաշնակցության միջնորդական առաքելությունը, բայց հանուն Հայաստանի, հանուն մեր երկրի ապագայի չպետք է ուշադրություն դարձնել նման քննադատություններին եւ կոչերին:

Այսօր բոլոր նրանք, ովքեր կարող են միջնորդական առաքելություն իրականացնել, հանուն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման, պետք է դիտորդի կարգավիճակում չմնան: Եվ այսօրվա ՀՅԴ-ի միջնորդական գործունեությունը գուցե նրանց ամենակարեւոր առաքելությունն է Հայաստանում:

Վարդան Մխիթարյան

top-news.am

Տպել Տպել