Որեւէ տարաձայնություն մեր ներքին քննարկումների առումով չենք ունեցել

ՀՅԴ-ն դուրս եկավ իշխանական կոալիցիայից, որին անդամակցում էր 2017թ մայիսի 11-ից: «Մենք որեւէ տարաձայնություն մեր ներքին քննարկումների առումով չենք ունեցել: Մենք շատ հավասարակշիռ, սթափ դատողությամբ, փորձել ենք մեր մասնակցությունը ունենալ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար: Կարծում եմ՝ բավականին օգտակար դերակատարություն ունեցել ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Որոշումը կայացվեց մի քանի ժամ տեւած խորհրդակացությունից հետո։ Հաշվի է առնվել նաեւ սփյուռքի կառույցների կարծիքը։ Արդյո՞ք կոալիցիայից դուրս գալը պայմանավորված էր Սերժ Սարգսյանի հրաժարականով: «Ոչ, անձնավորված որեւէ բան այդտեղ պետք չէ ունենալ: Սերժ Սարգսյանի թեկնածության հետ կապված մեր մոտեցումները պայմանավորված է եղել բացառապես կոալիցիոն մեր համաձայնագրով ընդամենը: Իսկ այն համաձայնությունները, որոնք չկան ամրագրված կոալիցիոն համաձայնագրով, կոալիցիայի կողմերն ազատ են արտահայտելու իրենց դիրքորոշումը, եւ մենք մեր մոտեցումները մշտապես արտահայտել ենք»,- նշեց Արսեն Համբարձումյանը:

Իսկ ՀՅԴ անդամները կլինե՞ն Հանրապետության հրապարակում քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցների շարքերում: «Կարծում եմ՝ հանդիպում կունենանք Նիկոլ Փաշինյանի հետ. մենք ունենք հարցեր, որոնց հետ կապված ուզում ենք լսել պարոն Փաշինյանի տեսակետներն ու մոտեցումները, դրանից հետո պարզ կլինեն մեր անելիքները»,- վստահեցրեց Արսեն Համբարձումյանը:

Ո՞վ է վարչապետի՝ ՀՅԴ թեկնածուն: «Երբ ԱԺ նոր ընտրությունները կլինեն, այն ժամանակ կհայտարարենք», նկատեց Արսեն Համբարձումյանը:

Տպել Տպել