Արմենուհի Կյուրեղյանը՝ վարչապետի թեկնածուի ընտրության մասին

Եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, նա պետք է ներկայացնի երկրի զարգացման իր տեսլականը։ Լսելով նրա մոտեցումները, համադրելով այն ՀՅԴ ծրագրերի, տեսլականների հետ՝ մենք կկայացնենք մեր որոշումը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Վերջինս նշեց, որ ՀՅԴ-ն կլսի նաև վարչապետի մյուս թեկնածուների ծրագրերը և հետո միայն որոշում կկայացնի։

Լրագրողների հարցին` տեղեկություններ ունեք, որ մյուս խմբակցությունները և՞ս թեկնածուներ են առաջադրելու, Արմենուհի Կյուրեղյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ մյուս խմբակցությունները թեկնածու չեն առաջադրելու։ Ես չգիտեմ՝ նրանք կառաջադրեն, թե ոչ, բայց Սահմանադրությամբ նախատեսված հնարավորություն ունեն բոլոր խմբակցությունները»։

Կյուրեղյանը նշեց, որ ՀՅԴ գերագույն մարմինն էլ նիստ կգումարի և կորոշի՝ ներկայացնե՞լ սեփական թեկնածու, թե ոչ։

Խոսելով այն մասին, թե ինչու Դաշնակցությունը դուրս եկավ իշխանական կոալիցիայից՝ պատգամավորն ասաց, որ համապատասխան համաձայնագիրը կոնկրետ խնդիրների լուծման համար էր, իսկ ներկայում այն չէր կարող իրականացնել իր նպատակը, կդառնար առոչինչ։

«Մենք միշտ ժողովրդի հետ ենք։ Մենք նպաստում ենք շարժմանը։ Ես ուրախ եմ, որ ՀՀ բնակիչը քաղաքացի է, պահանջատեր է։ Երկխոսության կայացման գործում, խաղաղության կայացման գործում մենք մեր դերը հաստատ ունեցել ենք»,- նշեց նա։

Իսկ իշխանական կոալիցիայից պարբերաբար դուրս գալը Կյուրեղյանն այդպես մեկնաբանեց. «Իշխանական կոալիցիայից մտնել-դուրս գալը միշտ նպատակ է ունեցել կոնկրետ խնդիր լուծելու»։

Տպել Տպել