Խնդիրը ընդհանուր քաղաքական հայտարարի գալն է

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 26-ին տեղեկացրել է, որ վարչապետի ընտրության հարցով խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 1-ին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, կարող են նաև քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ և առաջադրել վարչապետի մեկ թեկնածու: Խորհրդարանական բոլոր խմբակցությունները պնդում են, որ թեկնածու դեռևս չեն առաջադրել։

ՀՅԴ-ն Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի խոսքով՝ քննարկումներ անցկացնելու համար այսօր կամ վաղը կհանդիպեն համաժողովրդական շարժման և Դաշնակցության ներկայացուցիչները: Ասաց՝ որևէ տարբերակ չեն բացառում՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելը, այնպես էլ սեփական թեկնածուով հանդես գալը: Առաջադրման դեպքում, Համբարձումյանի խոսքով, կանխակալ մոտեցում չեն ունենա նաև ՀՀԿ թեկնածուի հարցում: «Խնդիրը ընդհանուր քաղաքական հայտարարի գալն է», – ասաց Համբարձումյանը:

Դաշնակցությունը մի շարք հարցեր ունի ճշտելու Փաշինյանի հետ: Պատրաստ չեն լինի նրան ձայն տալ, եթե իրենց բարձրացրած հարցերի շրջանակի վերաբերյալ Փաշինյանն ունենա այլ մոտեցումներ:

«Մեզ համար շատ կարևոր է, որ վարչապետի թեկնածուն խորհրդարանի կողմից առաջադրվի համախոհությամբ: Կարծում եմ, որ քաղաքական կոնսուլտացիաները պիտի գնան այս ուղղությամբ: Եթե հաջողություն չարձանագրվի, այդ պարագայում չի բացառվում, որ մայիսի 1-ին կայանալիք նիստի ժամանակ առաջադրվեն մի քանի թեկնածուներ: Իսկ արդեն այդ պարագայում չի բացառվում, որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկը, նկատի ունենալով նաև ուժերի հարաբերակցությունը և ստեղծված իրավիճակը, բավարար թվով ձայներ չհավաքի: Եվ այդ պարագայում կլինի երկրորդ փուլ վարչապետի ընտրության, որը ևս դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացում կունենա: Այսինքն՝ այդքան էլ միանշանակ չէ, որ ամսի 1-ին կամ 2-ին, եթե քաղաքական համաձայնություն չձևավորվի, մենք հանգուցալուծում կունենանք»:

Համբարձումյանը ծանոթ է շրջանառվող տեսակետներին, թե իրենք նաև պորտֆելների հետ կապված խնդիր են փորձում կարգավորել, և հավաստիացրեց, թե իրենց համար «ամենևին կարևոր չէ իշխանության մեջ լինել-չլինելու հարցը»․ – «Մեր համար կարևոր է, որ մեր տեսակետների, մեր մոտեցումների հետ օրվա իշխանությունները հաշվի նստեն»:

Ներկայացնելով կոալիցիայից Դաշնակցության դուրս գալու դրդապատճառները՝ Համբարձումյանն ասաց․ – «Հայաստանում իրականում ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, և այս իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու հարցում պատասխանատու են բոլոր դերակատար քաղաքական ուժերը: Եվ մեր պատկերացմամբ, կոալիցիայից դուրս գալու քայլը կարող է նպաստել մեր գործողությունների ազատության տեսանկյունից, և կարծում ենք, այն առաքելությունը, որ մեքն ստանձնել ենք՝ բանակցային հարթակ ձևավորելու, կարող ենք այս կարգավիճակով ավելի արդյունավետ իրականացնենք, որպեսզի կարողանանք ճիշտ ելքեր գտնենք իրավիճակը հանգուցալուծելու համար»:

azatutyun.am

Տպել Տպել