«Ապառաժ»-ի խմբագրական. Զարգացման երաշխիքը

Քաղաքակրթության պատմության մեջ առանձնակի դեր ունեն մարդկային հավաքականությունների ըմբոստությունները, որոնք զանազան ձևերով արտահայտվել են որպես հեղափոխություններ, ապստամբություններ կամ ընդվզումներ: Այդ ըմբոստությունները հիմնականում հանդիսացել են մարդկության զարգացման թռիչքային հանգրվանների բեմահարթակներ:

Այս դիտանկյունից՝ սուտ են և մտացածին լիբերալիստական այն տեսակետները, որ իբրև միայն կայունության ապահովմամբ կարելի է ունենալ զարգացում: Զարգացման համար, իհարկե, պետք է ունենալ ոչ միայն կայուն մթնոլորտ, այլ կայացած հիմք, իսկ երբ խարխուլ հիմքի վրա փորձում են կառուցել կայուն «պալատներ», պարզ է, որ վաղ թե ուշ փոշիանում են թե՛ «պալատները» և թե՛ այդ հիմքի վրա կառուցված «զարգացումները»:

Մենաշնորհները, փտախտը (կոռուպցիան), օլիգարխիկ համակարգը և նման ախտերը հենց այն խախուտ հիմքերն էին, որի վրա փորձում էին կառուցել նորանկախ Հայաստանի իշխանական և հասարակական համակարգը: Պատահական չէ, որ մեծ արագությամբ ի չիք դարձան բոլոր հաշվարկները և փլուզվեց համակարգը:

Արդեն իսկ կասկածից վեր է, որ Հայաստանում ծավալված համաժողովրդական շարժումը կարողացել է նվաճել իրական հաղթանակ: Իրական հաղթանակը կայանում է ոչ միայն իշխանությանը ձգտող անձանց հաղթանակով, այլ ժողովրդի մեջ տիրող մտայնությամբ՝ կապանքների թոթափմամբ: Իսկ ժողովրդի ազատագրումը պետականության զարգացման կարևոր և վճռորոշ հանգրվան է: Մերօրյա պատմության մեջ նման պահ ապրել ենք 1988-ին, երբ մեր ժողովուրդը կարողացավ թոթափել ստրկամտությունը և իր մեջ ուժ գտավ՝ իր իրավունքների համար պայքարելու: Այս տարի նշում ենք այդ զարթոնքի 30-ամյակը: Մայիսի ավարտին նշելու ենք մեկ այլ ազատագրական տոն՝ Հայաստանի պետականության վերականգնման 100-ամյակը: Իսկ այժմ, ներկա օրերում պարտավոր ենք արձանագրել ժողովրդի մտայնության ազատագրման այս հաղթանակը ևս:

Այս հաղթանակը առարկայացնելու գործում բավականին բարդ և վճռական որոշումներ կայացնելու դեմ հանդիման է կանգնած հայ քաղաքական միտքը: Քաղաքական գործիչներն ու քաղաքական կուսակցությունները իրավունք չունեն ժողովրդի հաղթանակը, նրանց խանդավառությունն ու ապագայի հանդեպ տեսլականը ոչնչացնել:

25 տարի առաջ, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ՀՀ իշխանությունների անխոհեմ քաղաքականությունը պատճառ դարձավ, որ հայ ազգը չկարողանա ապրել, ոգեշնչվել և իր ապագան կառուցել արցախյան հաղթանակների ոգով ու կուտակված ներուժով:

Չպետք է կրկնել նախկին սխալները: Մեզ բոլորիս պետք է ժողովրդի ներուժն ու հաղթանակով կուտակված, ախտահանված հասարակության ապագայի հանդեպ դրական լիցքեր պարունակող տեսլականը: Դա է երկրի զարգացման միակ և անփոխարինելի երաշխիքը:

«Ապառաժ»-ի խմբագրական 2 մայիսի, 2018թ.

aparaj.am

Տպել Տպել