Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը եւ գաղթականության հարցը

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը
և գաղթականության հարցը

Ցարական Ռուսաստանի հետամնաց ծայրագավառը համարվող Հայաստանի տնտեսության վիճակն աննախանձելի էր, իսկ Աշխարհամարտի և թուրքական ներխուժման հետևանքով էլ՝ լիովին կազմալուծված: Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի վնասներ էր պատճառել թուրքական 1918 թ. արշավանքը, բավական է հիշատակել մի երկու փաստ: Հաշվումները ցույց են տվել, որ թուրքական զորքը և թաթարական հրոսակախմբերը Անդրկովկասում ոչնչացրել, թալանել ու ավերել են 329 հայկական գյուղ, որի անմիջական նյութական վնասը կազմել է 460 մլն. ռուբլի (1914 թ. համադրելի գներով):

1918 թ. աշնանը թուրքական զորքը, հետ քաշվելով գրավված հայկական մի շարք շրջաններից, իր հետ տարավ կամ ոչնչացրեց տեղերում հավաքված հացը և մյուս պարենամթերքը, որպեսզի կոտորածներից փրկված հայությունն այժմ էլ սովից ոչնչանար: Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ Լևոն Սարգսյանի հաղորդած տվյալներով՝ թուրքերի հետ քաշվելուց հետո միայն Ալեքսանդրապոլի գավառին հասցված նյութական վնասը հասնում էր 2 մլրդ. ռուբլու (1918 թ. համադրելի գներով): Մյուս կողմից` թուրք-թաթարական շրջափակումների հետևանքով կտրվել էր արտաքին կապը, չկար ապրանքների կանոնավոր արտահանում և ներմուծում: Վիճակն ավելի բարդացրեց 1918 թ. դեկտեմբերի հայ-վրացական կարճատև պատերազմը:

Պատերազմների և այլ պատճառներով Հայաստանի ավերված տնտեսությունը վերականգնելու համար ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյանի (ՀԺԿ) մոտավոր հաշվումներով կպահանջվեր 25 տարի: Բնականաբար անխուսափելի էին սովը և դրան ուղեկից համաճարակային հիվանդությունները` տիֆը և խոլերան: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում սովը, ցուրտը և համաճարակային հիվանդությունները խլեցին շուրջ 180 հազար մարդու կյանք, որոնց մեծ մասը գաղթականներ էին:

Եվ այդ զարհուրելի վիճակը շարունակվեց մինչև 1919 թ. գարունը, երբ Հայաստան հասավ ամերիկյան ալյուրը: Հայաստանի հիմնական օգնողը եղավ ԱՄՆ-ը: Կարճ ժամանակամիջոցում ծովով Բաթում և այնտեղից էլ երկաթուղով Հայաստան հասցվեց 1,3 մլն. փութ (569 վագոն) ալյուր, 257 հազար փութ ցորեն: Հավելենք նաև, որ ամերիկյան նպաստամատույց կոմիտեն (Ամերկոմը) իրականացնում էր 15 հազար որբերի խնամքը, որոնց վրա ծախսվեց 90 մլն. ռուբլի: Հայաստան բերվեցին նաև մեծ քանակությամբ հագուստ, սպիտակեղեն, դեղորայք, խտացրած կաթ, շաքար, կակաո և այլ մթերքներ: Երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռացել ամերիկյան հայափրկիչ մարդասիրական օգնությունը:

Ժողովրդի ֆիզիկական գոյությունը մի կերպ պահպանելու համար կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցներ: Դրսից օգնություն ստանալու նպատակով Եվրոպա և Ամերիկա մեկնեց Հովհ. Քաջազնունին, որին վարչապետի պաշտոնում փոխարինեց Ալեքսանդր Խատիսյանը (1876-1945): Մեծ տերությունների ներկայացուցիչներից օգնություն խնդրելու նպատակով Թիֆլիս մեկնեց խորհրդարանի նախագահ Ավ. Սահակյանը: Խորհրդարանը միաժամանակ որոշում ընդունեց պարենավորման նպատակով դիմել Փարիզի միջազգային պարենավորման կոմիտեին: Կենսականորեն անհրաժեշտ մթերքների` հացի, բամբակի, շաքարի, աղի, գետնախնձորի և այլնի վաճառքի նկատմամբ սահմանվեց պետական մենաշնորհ: Մի շարք դեպքերում պարզապես բռնագրավվում էր ունևոր մարդկանց ունեցվածքը, որպեսզի բաժանեին սովյալներին ու անտուններին: Այնուամենայնիվ, կամաց-կամաց կյանքը սկսեց բարելավվել:

Գաղթականության վիճակը և ներգաղթի խնդիրը

Հանրապետության ներքին կյանքի բարդ խնդիրներից էր գաղթականության և որբերի հարցը: Ինչպես ասվեց, Արևելյան Հայաստանում ապաստանել էին Մեծ եղեռնից մազապուրծ մոտ 300 հազար արևմտահայեր, մի 200 հազարն էլ հայտնվել էին Վրաստանում և Հյուսիսային Կովկասում: Գաղթականության մի հոսք էլ առաջացավ Ադրբեջանի Հանրապետության տարածքից: Ենթարկվելով թուրք-թաթարական բռնություններին ու կոտորածներին` տասնյակ հազարավոր հայեր ներգաղթեցին Հայաստան:

Գաղթականության խնդրով հատուկ զբաղվում էին նախարարների խորհրդի խնամատարության և ներքին գործերի նախարարությունները, խորհրդարանում գործում էր Գաղթականության հարցերի մշտական հանձնաժողովը, ՆԳ նախա-րարությունում ևս հիմնվել էր ներգաղթի հանձնաժողով: Կառավարությունն ու խորհրդարանը պարբերաբար լսել են գաղթականության վիճակի, տեղաբաշխման, պարենավորման, խնամքի, աշխատանքի և այլ հարցեր: Կառավարությունը պետք է կերակրեր, պատսպարեր, հող և աշխատանք տար դժնդակ պայմաններում հայտնված գաղթականությանը: Գաղթական յուրաքանչյուր շնչին օրական տրվում էր կես ֆունտ (200 գրամ) ալյուր, նրա դրամական նպաստը օրական կազմում էր 60 կոպ.:

Գաղթականության մեջ առավել մեծ հոգածություն էին պահանջում որբ երեխաները: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տարածքում կային 40 հազարից ավելի անտեր ու թափառական որբեր: Նրանց խնամքը իրականացնելու համար հիմնվե¬ցին մի քանի տասնյակ որբանոցներ, որոնցից ամենախոշորը Ալեքսանդրապոլում էր:

Պետությունն իր սուղ միջոցներով ի վիճակի չէր հոգալու որբերի խնամքի ծախսերը: Այդ պատճառով որբերին ու գաղթականությանը օգնության ձեռք էին մեկնում արտասահմանյան բարեգործական կազմակերպությունները: Դրանցից առավել աչքի ընկավ Ամերիկյան օգնության կոմիտեն (ԱՕԿ): 1919 թ. մայիսից Ամերկոմը հիմնականում իր վրա վերցրեց որբ երեխաների խնամակալության գործը: Միջոցներ ձեռնարկվեցին որբերին արհեստներ սովորեցնելու, իսկ հասակավոր գաղթականներին` աշխատանքով ապահովելու համար:

Առավել ծանր ու անորոշ էր Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ գաղթականության վիճակը: Բաքվի աղետյալ հայերին օգնելու նպատակով 1918 թ. հոկտեմբերին խորհրդարանը որոշում կայացրեց հատկացնել 500 հազար ռուբլի: Վրաստանի սահմաններում գտնվող հայ գաղթականությանը օգնություն ցույց տալու համար Վիրահայոց Ազգային խորհրդին է փոխանցվում 5 մլն. ռուբլի միանվագ նպաստ, իսկ Իրանում գտնվող հայ գաղթականներին օգնելու համար Հայաստանի արտգործնախարարության հաշվեհամարով բացվում է 300 հազար ռուբլի և այլն:

Առանձնապես ծանր ու վտանգավոր էր Ադրբեջանի իշխանությունների տիրապետության տակ հայտնված հայ փախստականների վիճակը: Անհրաժեշտ էր նրանց վերաբնակեցնել Հայաստանում: Միայն Նուխիի, Արեշի, Շամախու, Գյոկչայի և Ղուբայի գավառներից 20 հազար հայերի՝ հանրապետություն տեղափոխելու ծախսերի համար 1919 թ. ամռանը բացվեց 9,7 մլն. ռուբլու վարկ: Կառավարության, հայրենակցական միությունների և անձամբ գաղթականների թափած ջանքերի շնորհիվ Հայաստան ներգաղթեց ավելի քան 16 հազար մարդ: Իրանահայ գաղթականության վերաբնակեցման, Միջագետքի ու Բաքվի գաղթականությանն օգնելու համար նախարարների խորհուրդը հատկացրեց 10,5 մլն. ռուբլի: Կառավարությունը ծրագրել էր Անդրկովկասյան հարևան երկու հանրապետություններից դեպի Հայաստան 80 հազար հայ գաղթական ընդունել և տեղավորել:

Ներգաղթի խնդիրներով զբաղվող արևմտահայ գործիչ Արմենակ Մաքսապետ¬յանի ներկայացրած ոչ լրիվ տվյալներով՝ 1919 թ. գարնանը Կովկասում կար 222 հազար հայ գաղթական, Բաղդադ-Բակուբեում` 15 հազար, Հալեպում` 80 հազար, Եգիպտոսում 10 հազար և այլն: Պետք էր ներգաղթեցնել ոչ միայն Կովկասում ապաստանած արևմտահայերին, այլև Միջագետքի ու այլ վայրերի գաղթականությանը:

Հանրապետության ղեկավարության քաղաքական հետագա ծրագրերում նախատեսված էր նաև արևմտահայության ներգաղթի կազմակերպումը դեպի Երկիր` Արևմտյան Հայաստան: Կառավարությունը քաջ գիտակցում էր, որ առանց զանգվածային ներգաղթի Միացյալ Հայաստանի գաղափարը կարող է վերածվել մեռած տառի: Բացի այդ՝ նկատի էր առնվում այն հանգամանքը, որ արևմտահայերի ներգաղթը դեպի Երկիր կթեթևացներ կովկասահայ ժողովրդի վիճակը: Բոլոր գործիչները միակամ գտնում էին, որ արևմտահայը պետք է վերադառնա Երկիր ու տեր դառնա իր ունեցվածքին: Խնդիր էր դրված ներգաղթեցնել ոչ միայն Կովկասում ապաստանած արևմտահայերին, այլև Միջագետքի և այլ վայրերում հայտնված գաղթականությանը: 1920 թ. ապրիլին կառավարությունը հատկացնում է 5 մլն. ռուբլի՝ Բակուբեում (Միջագետք) գտնվող եղեռն վերապրած 18 հազար գաղթականներին և մահմեդականների մոտ գտնվող հայ գերիներին ազատելու համար:

1919 թ. հուլիսի 17-ին Փարիզի խաղաղության խորհրդաժողովը հրաման է արձակում հայ գաղթականներին հնարավորություն տալ վերաբնակվելու իրենց նախկին բնակության վայրերում: Նախնական հաշվարկներով՝ միայն Կովկասից դեպի երկիր պետք է ներգաղթեցվեր 300 հազար մարդ: Այդ ծրագրի իրագործման համար կպահանջվեր 3 մլրդ. ռուբլի:

Բայց մինչ զանգվածային ներգաղթի համար կստեղծվեր քաղաքական ու տնտեսական անհրաժեշտ հող, ՀՀ կառավարությունը ջանում էր իր հնարավո¬րու¬թյունների սահմաններում հայ գաղթականության համար ապահովել քիչ թե շատ բավարար կյանքի, աշխատանքի ու կենցաղի պայմաններ: ՀՀ կառավարությունը 1919 թ. կեսերից, հանձին մայիսի 28-ի ակտի, արևմտահայ գաղթականությանը դիտում էր որպես Միացյալ Հայաստանի քաղաքացիների։ Նրանք ևս հանրապետության մյուս քաղաքացիների նման ունեին նույն իրավունքներն ու պարտականությունները` ընտրելու, ընտրվելու, աշխատանքի, սեփականության, զորակոչի և այլն: Արևմտահայերի իրավաքաղաքացիական հարցերի կարգավորման նպատակով արդարադատության նախարարության դիվանին կից գործում էր իրավագիտական հատուկ բաժին:

Հայաստանի կառավարությունը և Փարիզ մեկնած պատվիրակությունը 1919-1920 թթ. ընթացքում ընդհանուր թվով 36 հայց-դիմում են ուղղել Փարիզի խաղաղության խորհրդաժողովին արևմտահայերի ներգաղթի վերաբերյալ: Վերջիններիս տե-ղահանության, կոտորածների, թալանի և այլնի հետևանքով կրած նյութական վնասների հաշվարկմանն ու միջազգային ատյաններին ներկայացնելուն էր ուղղված Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծված «Հայ բնակչությանը թուրքերի պատճառած վնասների ու կորուստների ուսումնասիրման հանձնաժողովի» գործունեությունը: Այն ղեկավարում էին Խ. Վերմիշյանը և Ա. Անաստասյանը: Հավաքված տվյալները 1919 թ. գարնանը ուղարկվեցին Փարիզի խաղաղության խորհրդաժողովին: Ներկայացված հաշվարկներով՝ արևմտահայության կրած նյութական անմիջական վնասները կազմել էին ավելի քան 14 մլրդ. ֆրանկ:

Հայաստանում և արտասահմանում ներգաղթի իրականացման նպատակով կատարվում էին բարեգործական հանգանակություններ: Միայն ԱՄՆ-ում հանգանակվեց 20 մլն. դոլարի իր և ապրանք, որը պետք է բաշխվեր Երկիր վերադարձող ժո-ղովրդին: Այդ նույն նպատակով, նվիրատվության կարգով, Անգլիայում հավաքվել էր 40 հազար ֆունտ ստեռլինգ և այլն: Հատկապես ԱՄՆ-ում նմանատիպ հանգանակությունների կազմակերպման խնդրում քարոզչական զգալի աշխատանքներ տարան Հ. Քաջազնունին, Անդրանիկը, Արմեն Գարոն (Փաստրմաճյանը), Ա. Էնֆիաջյանը և ուրիշները: Միայն Անդրանիկի ջանքերով հավաքվեց 0,5 մլն. դոլարից ավելի:

Փարիզում բացված խաղաղության վեհաժողովը հույսեր էր ներշնչում, որ դրակ-նապես կլուծվի Հայկական հարցը, և արևմտահայերը հնարավորություն կստանան վերադառնալ Երկիր և վերականգնել ու շենացնել ավերված օջախները: Սակայն 1920 թ. կեսերից միջազգային քաղաքական դրությունը Հայաստանի համար այնպես անհաջող դասավորվեց, որ ոչ միայն ներգաղթի խնդիրը փակվեց, այլև արևմտահայ նահանգներում ապաստանած գաղթականների խմբաքանակները հարկադրված էին մասամբ արտագաղթել իրենց հայրենիքից, մասամբ էլ ծպտվելով` աստիճանաբար կրոնափոխվել և ուծացվել:

Հայաստանի անկախության ու պետականության դեմ ուղղված կործանարար գործընթացները, ցավոք, կասեցրին կառավարության կանխագծումները ներգաղթի ասպարեզում: Հայրենիքից զրկված հարյուր հազարավոր տարագիր հայեր ստիպված էին ձեւավորել հայկական Սփյուռքը:

Տպել Տպել