Նոր վարչապետի ընտրությունից հետո պատեհ առիթ կառաջանա բանակցային գործընթացում նոր շեշտադրումներ անելու

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգտվելու առիթը, հավանաբար, փայփայում էին Ադրբեջանի տարբեր շրջանակներ` այդ թվում և պաշտոնական: Բայց, հավանաբար, իրենք էլ ունեն իրենց հաշվարկները և այդ հաշվարկները ելնում են իրական արդյունքները արձանագրելու հաշվարկներից:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Հետևելով ՊԲ պաշտոնական տեղեկատվությանը` տեսնում ենք, որ արցախյան կողմը, հետևելով առաջնագծում իրադարձությունների զարգացմանը, ունի հավանական ռազմական գործողությունները կասեցնելու պատրաստականությունը»,- նշեց պատգամավորը:

Նա գտնում է, որ պետք է լինել բավականին զգոն և իրատես` իրավիճակը ճիշտ գնահատելու և այդ իրավիճակին համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

Նրա կարծիքով Ադրբեջանը միշտ էլ իր տեսակետների հնչեցման հիմքում փորձել է համապատասխան հիմնավորումներ ստեղծել` ռազմական գործողությունները վերսկսելու և ընդլայնելու համար: «Հայաստանում կայանալիք վարչապետի ընտրությունից և սկսված ներքաղաքական գործընթացի ավարտից հետո արդեն կուրվագծվի, թե հայկական կողմից ինչպիսի նոր մոտեցումներ է ցուցաբերվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և ինչպիսի քաղաքականություն է որդեգրվելու. արդյոք այն լինելու է նախորդ տասնամյակների ուղղակի շարունակությունը, թե հիմքում ունենալով այդ տասնամյակների քաղաքական գիծը` նոր գիծ է որդեգրվելու»,-նկատեց Դ. Իշխանյանը:

Ըստ նրա` բանակցային գործընթացում հայկական կողմը ժամանակին ունեցել է բացթողումներ և դիվանագիտական որոշակի սայթաքումներ, որոնց մասին բարձրաձայնվել է դեռ տարիներ առաջ:

Դավիթ Իշխանյանը գտնում է` Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումից հետո պատեհ առիթ կառաջանա նոր շեշտադրումներ անելու` ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման ու ծավալման առումով: «Կարծում եմ, որ նոր քաղաքական գիծ որդեգրելու առումով պետք է ունենալ բավականին լուրջ քաղաքական հենարան և քաղաքական ռեսուրսներ: Եվ այս առումով բանակցային գործընթացում նախորդ տասնամյակների կուտակած քաղաքական կապիտալը և գրանցած «հաջողություններն ու անհաջողությունները» կարծում եմ պետք է լինեն ուղենշային` գործընթացի հետագա փուլերի համար»,-ընդգծեց նա:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Տպել Տպել