Բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասար մրցակցային պայմաններ ունենան ընտրություններին մասնակցելու համար


«Ամբողջ խնդիրն այն է, թե արտահերթ ընտրություններն ինչ ժամկետում է հնարավոր կազմակերպել։ Կարծում եմ, որ ժամկետների հարցը հավելյալ քննարկման առարկա պետք է դառնա քաղաքական ուժերի կողմից, որովհետև բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները հստակ պետք է տրվեն և, ըստ այդմ, ժամանակացույցը ձևավորվի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ խոսելով վարչապետի ընտրությունից հետո արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների մասին։

Ըստ նրա՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, եթե նպատակն է՝ կազմակերպել ազատ, արդար, թափանցիկ, նախադեպը չունեցող ընտրություններ, ենթադրվում է, որ պետք է փոփոխության ենթարկվի Ընտրական օրենսգիրքը, հարակից բազմաթիվ օրենքներ, դրանից բացի՝ ընթացիկ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն, տեխնիկական խնդիրներ կան, որ պետք է կարգավորվեն։

Արսեն Համբարձումյանի կարծիքով՝ ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, պետք է հավասար մրցակցային պայմաններ ունենան ընտրություններին մասնակցելու համար.

«Գաղտնիք չէ, որ որևէ ուժի օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չի եղել, և տրամաբանական է, որ քաղաքական ուժերը պետք է ունենան նվազագույն անհրաժեշտ ժամանակահատված՝ ընտրական գործընթացին պատրաստվելու համար։ Այս ամբողջ հարցերի կոմպլեքսը պետք է քննարկման առարկա դառնա, և ողջամիտ ժակետներն ըստ այդմ որոշվեն»։

Տպել Տպել