Օր առաջ հարցին լուծում պետք է տալ՝ առաջ շարժվելու համար

Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների այցը Արցախ արդյունավետ էր: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Վահրամ Բալայանը նշեց, որ տարբեր հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի ներքաղաքական կացությունը, քննարկվել են դրա հանգուցալուծման հետ կապված հարցեր, Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրներ:

«Կողմերը մտահոգություն են հայտնել, որ անհրաժեշտություն կա հարցին արագ լուծում տալու, որովհետև մենք ունենք անվտանգության ապահովման խնդիր, ունենք հակառակորդ: Օր առաջ հարցին լուծում պետք է տալ՝ առաջ շարժվելու համար»,- ասաց Վահրամ Բալայանը:

Խոսելով հայաստանյան լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության մասին, թե քննարկվել է խաղաղության հռչակագրի մշակման հարց, Բալայանն ասաց, որ ինքը նման ինֆորմացիա չունի:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ հանդիպման օրակարգը խաղաղության ձևավորումը, համերաշխության պահպանումն են եղել, բայց ոչ նման փաստաթղթի մշակումը:

Ինչ վերաբերում է նրան, որ արցախյան հակամարտության կարգավորման բանակցողը փոխվում է, ապա Վ. Բալայանը նշեց, որ անհնար է հաշվի չառնվի հայության անցած 30 տարվա ճանապարհն ու հնարավոր հետևանքները:

Տպել Տպել