Մեր ձգտումը լինելու է համայնքի հզորացումը, ինքնության պահպանումն ու ամրացումը

Լիբանանը 9 տարվա ընդմիջումից հետո խորհրդարան է ընտրում: 2009 թվականից հետո Մերձավորարևելյան այդ երկրում, որը հաճախ է վերածվել տարածաշրջանի երկրների առճակատման հարթակի, խորհրդարանական ընտրությունները անընդմեջ հետաձգվել են ներքաղաքական խորացող ճգնաժամի և հարևան Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով:

Կիրակի օրը օրենսդիր նոր մարմին ընտրելու համար ընտրատեղամաս է ներկայացել լիբանանցի ընտրողների մոտ հիսուն տոկոսը՝ 2009 թվականի 54 տոկոսի փոխարեն: Ընդ որում՝ ամենացածր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաք Բեյրութում՝ շուրջ 30 տոկոս:

Ձայների նախնական հաշվարկի համաձայն՝ Լիբանանում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում լուրջ հաջողություն է արձանագրել Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլա» շարժումը, որը Վաշինգտոնը համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Առաջին անգամ 1990 թվականին Լիբանանի խորհրդարան անցած «Հըզբոլա»-ն, որը ներկայացնում է շիա մահմեդականների շահերը, և նրա հետ դաշնակցած քաղաքական ուժերը կարող են տիրանալ Լիբանանի խորհրդարանի մանդատների կեսից ավելիին:

Գործող վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարած դաշինքը, որը նախորդ խորհրդարանում մեծամասնություն էր, նորընտիր խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն է ձևավորելու:

էթնիկական և կրոնական թերևս ամենախայտաբղետ բնակչությունն ունեցող Լիբանանի խորհրդարանի 128 մանդատները ըստ սահմանադրության բաժանված են երկրի 11 համայնքների միջև: Հինգ մանդատ հատկացված է հայ համայնքին: Այս պահի դրությամբ հայտնի են խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից նախկին պատգամավոր Հակոբ Բագրատունին վերընտրվել է, Ալեքսանդր Մաթոսյանն ու Հակոբ Թերզյանը կարողացել են ստանալ խորհրդարան անցնելու համար բավարար ձայներ, պատգամավորական մանդատ կստանան նաև հեռուստալրագրող Փոլա Յագուբյանը, բանակի նախկին սպա Ժան Թալլուզյանը: Այս և մյուս՝ վեցերորդ թեկնածուն, որի անունը առայժմ չի հաղորդվում, Լիբանանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ոչ հայկական կուսակցությունների ցուցակներով:

100-150 հազարանոց հայկական համայնք ունեցող Լիբանանը համարվում է հայկական սփյուռքի կենտրոնատեղի` հաշվի առնելով, որ այստեղ են երեք ավանդական կուսակցությունների գրասենյակները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի և Մերձավոր Արևելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերը։

Լիբանանյան խորհրդարանի վերընտրված հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ որքան էլ տարբեր լինեն վեց հայազգի պատգամավորների հայացքներն ու օրակարգը, այդուհանդերձ պետք է ջանք գործադրեն և մեկ թիմ դառնան՝ հայ -համայնքին հուզող խնդիրները առաջ մղելու համար:

«Որպես Լիբանանի երեսփոխաններ երկրի հետ կապված զանազան խնդիրներ ունենք, որոնցից առաջնահերթը քաղաքացու ավելի բարվոք կյանք ապահովելն է, ենթակառուցվածների խնդիրը լուծելն է: Իսկ հայկական իմաստով՝ բնականաբար մեր ձգտումը պետք է լինի համայնքի հզորացումը, ինչպես նաև մեր ինքնության պահպանման ամրացումը», – նշում է լիբանանահայ պատգամավորը:

Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Լիբանանը նոր օրենսդիր մարմին է ընտրել փոփոխված ընտրական օրենսգրքով, որը ըստ տարբեր գնահատականների շատ ընդհանրություններ ունի հայաստանյան ընտրական օրենսգրքի հետ, ինչը Լիբանանում ևս բուռն քննարկումների ու դժգոհությունների տեղիք էր տվել: Այդուհանդերձ իշխանությունները համոզված են, որ հենց այդ տեսքով ընտրական օրենքն է ի վիճակի զսպել ներքին անկայունությունը:
Լիբանանահայ «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի կարծիքով երկրի նորընտրիր խորհրդարանը ներկայիս տեսքով կարող է նպաստել երկրի կայունությանը և ճգնաժամերի հաղթահարմանը:

«Ես կարծում եմ, որ ստատուս-քվոն հիմնականում կպահպանվի: Գոյացել է համալիբանանյան ընդհանուր կամք դրսևորելու վճռականություն, բազմաթիվ խնդիրներ են լուծվել շնորհիվ բոլոր կողմերի միջև կայացած ընդհանուր համախոհության, որը հեշտ չի եղել, բազմաթիվ ճգնաժամերով է անցել: Ե՛վ ներքին, և՛ արտաքին առումներով կա որոշակի միտում, կան որոշակի վարքագծեր, որոնք այս պահի դրությամբ փորձում են Լիբանանը դուրս պահել տարածաշրջանային այս պատերազմական և լարված մթնոլորտից: Նախադրյալները դա են հուշում», – ասում է «Ազդակ» թերթի խմբագիրը:

Տպել Տպել