Սիրիահայ գաղթօջախին հովանաւորող համահաւաք՝ Զէյթուն քաղաքամասում

«ԱԼԻՔ» – Երէկ, ուրբաթ, դեկտ. 7-ին, կէսօրից յետոյ ժամը 1-ին, Թեհրանի Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակում, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովում Զէյթուն քաղաքամասի պատգամաւորների, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի, Հ. Մ. «Նայիրի» միութեան, Իրանահայ ազգային եւ մշակութային միութեան, «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան եւ Աշխարհատեսների հայկական կենտրոնի (Մաջիդիէ) համագործակցութեամբ, կազմակերպւել էր սիրիահայ գաղթօջախին հովանաւորող համահաւաք: Համահաւաքն սկսւեց Տէրունական աղօթքով՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու երգեցիկ խմբի կատարմամբ, ապա Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանի միջոցով ընթերցւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդի կոչը՝ սիրիահայութեանն օժանդակութիւն ցուցաբերելու մասին:

Համահաւաքում իր արտայայտութիւններն ունեցաւ Պատգամաւորական ժողովում քաղաքամասի պատգամաւոր Աշոտ Սինանեանը՝ կոչ անելով զոհաբերութեան ոգի ցուցաբերելով՝ օժանդակել սիրիահայերին, որոնք ժամանակին օժանդակութիւններ են ցուցաբերել իրանահայութեանը, եւ մի երկրի, որը Մեծ Եղեռնի օրերում ապաստան է տւել բազմաթիւ հայ վերապրողների:
Համահաւաքը վարում էին՝ Արգիշտի Աղաջանեանը եւ Արինէ Ասլանեանը, որոնք միջոցառման ընթացքում ընթերցում էին նւիրաբերութեան ու ողորմածութեան վերաբերող աստւածաշնչական հատւածներ եւ հասարակութեանը ցուցմունքներ տալիս նւիրատւութեան եղանակների մասին:

Համահաւաքի ընթացքում պատանի Քեւին Նազարեանն ասմունքեց՝ «Սաղմոս 118»-ը եւ Պարոյր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծութիւնը, իսկ Արգիշտի Աղաջանեանը՝ Միսաք Մեծարենցի «Տուր ինձ, Տէր, ուրախութիւն անանձնական» բանաստեղծութիւնը:

Համահաւաքի վերջում արտայայտւեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ատենապետ Վազգէն Աբնուսեանը: Նա շնորհակալութիւն յայտնելով ներկաներին՝ նշեց, որ այս համահաւաքը երկու նպատակ էր հետապնդում՝ բարոյական եւ նիւթական օժանդակութիւն՝ սիրիահայ աղէտեալներին: Քանի որ նոյն օրը զուգադիպում էր Հայաստանի ահաւոր երկրաշարժի 24-րդ տարելիցին՝ պրն. Աբնուսեանը ներկայ հասարակութեանն առաջարկեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել Հայաստանի 1988 թ. երկրաշարժի եւ սիրիահայ զոհերի յիշատակը:

Նշելի է, որ եկեղեցու շրջափակում նւիրահաւաքի համար երկու բաժիններ էին նկատի առնւել. առաջինում ստացւում էին կանխիկ գումարներ, իսկ երկրորդում նրանք, ովքեր հնարաւորութիւն չունէին կանխիկ նւիրատւութիւն կատարելու, յայտնում էին իրենց նախատեսած գումարը՝ հետագայում նւիրաբերելու խոստումով:

Տպել Տպել