Տնտեսության վերականգնմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումները

Արարատ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը

Տնտեսության վերականգնում եւ զարգացում կրթամշակութային կյանք

1919 թ. գարնանից, երբ հանրապետության տարածքը զգալիորեն ընդարձակվեց, և ժողովրդի վիճակը փոքր-ինչ կայունացավ, կառավարությունը որոշ ջանքեր գործադրեց տնտեսությունը կարգի բերելու ուղղությամբ:

Ժամանակին Արևելյան Հայաստանը ցարական Ռուսաստանի ագրարային կցորդն էր։ Այդուհանդերձ, կարճ ժամանակամիջոցում հանրապետության սոցիալ-տնտեսական և կրթամշակութային կյանքում ևս արձանագրվեցին դրական փոփոխություններ: Հայաստանն իր համեմատական կայունացմանը և բարգավաճմանը հասավ Ալ. Խատիսյանի վարչապետության շրջանում: Այդ ընթացքում վերանորոգվեցին ու գործարկվեցին բազմաթիվ գործարաններ, ջուլհականոցներ ու արհեստանոցներ` օճառի, կաշվի, կոնյակի, հախճապակու, ծխախոտի, մանածագործության և այլն: Երևանում, Ալեքսանդրապոլում և մյուս քաղաքներում կային մի քանի տասնյակի հասնող ջուլհականոցներ և մանածագործական այլ արհեստանոցներ, կիսամանուֆակտուրային մեխանիկական ձեռնարկություններ: 1919 թ. վերջին Հայաստանում արդեն գործում էր ծխախոտի 5 ֆաբրիկա: Պետականացվեց Շուստովի կոնյակի գործարանը (խորհրդային շրջանի «Արարատ» տրեստը): 1919 թ. հանրապետությունում ստացվել է 1,7 միլիոն աստիճան խաղաղի սպիրտ: Սարիղամիշում և Դիլիջանում հիմնվեցին սղոցարաններ, վերսկսվեց Կողբի ու Կաղզվանի աղահանքերի և Ալավերդու ու Զանգեզուրի պղնձահանքերի շահագործումը: Վարչապետ Ալ. Խատիսյանի հայտնած տվյալներով՝ արդեն 1920 թ. ամռանը ՀՀ-ում գործում էին արդյունաբերական 67 ձեռնարկություններ:

Փորձեր արվեցին հայ և օտարերկրացի կապիտալիստներին ներգրավել Հայաստանի տնտեսության զարգացման մեջ: Արդյունաբերության, ընդերքի և ջրային պաշարների հետազոտման ու շահագործման, հիդրոէլեկտրակայանների, ջրանցքների, հաղորդակցության ուղիների և այլնի մեջ ներդրումներ կատարելու համար պետությունը վարում էր հովանավորչական քաղաքականություն, և նախապատվությունը տրվում էր հայ ազգային կապիտալին: Այսպես, օրինակ, 1920 թ. հունվարին ՀՀ նախարարների խորհուրդը հաստատում է Զանգու (Հրազդան) գետի ջուրը էներգետիկ նպատակներով շահագործելու համար Իլյա Մայիլյանի «Մայիլյան և որդիք» առևտրական ընկերության ներկայացրած կոնցեսիոն պայմանագրի նախագիծը: Դրա հիման վրա մերժվում է անգլիացի կապիտալիստի համանման առաջարկը: Ընդ որում, հայ կապիտալիստի ներկայացրած նախագծով Զանգվի ջրային ուժից ստացված էլեկտրաէներգիան օգտագործվելու էր շրջակա բնակչության կարիքների, արդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև Արարատյան դաշտի երկաթուղային գծերի էլեկտրաֆիկացման նպատակով: Ավելին, Սևրի պայմանագրին սպասող Հայաստանի կառավարությունը 1920 թ. հուլիսին հաստատել էր Արագած-Կարս-Բաթում էլեկտրական երկաթուղու շինարարության կոնցեսիան, որին մասնակցելու էին հայ և օտար կապիտալիստներ:

Կառավարությունը պաշտպանում էր սեփականության ձևերի բազմազանությունը, օտար ներդրումները, տնտեսավարման ազատությունը, պետության կողմից կանոնակարգվող ազատական-շուկայական հարաբերությունները և այլն: ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը դեռ մտադիր չէր սոցիալիզմ կառուցել, որովհետև ստիպված էր ժողովրդի հետ միասին մաքառել արտաքին թշնամու, սովի, ցրտի, համաճարակի, խավարի դեմ: ՀՅԴ-ն և նրա կառավարությունը իրավացիորեն կարծում էին, որ տնտեսապես ու քաղաքականապես հետամնաց, որբերով ու գաղթականներով լեցուն Հայաստանում վաղաժամ ու ավելորդ է խոսել սոցիալիզմի մասին:

Դրա համար էլ պետք էր առաջին հերթին անցկացնել հողային բարեփոխություն (ռեֆորմ) և կարգի գցել տնտեսության այդ բնագավառը: Կառավարությունը և խորհրդարանը ընդունեցին մի շարք օրենքներ կալվածատիրական բոլոր հողերի բռնագրավման և դրանք գյուղացիներին անհատույց հատկացնելու վերաբերյալ: Կառավարությունը ձեռնպահ մնաց միայն Մայր աթոռի կալվածքների բռնագրավումից, քանի որ նրա միջոցներով էին պահվում հոգևոր կրթօջախները և գաղթականության առանձին հատվածներ: Հողային հարցը լուծելու նպատակով ստեղծվեցին հողային կոմիտեներ ու հողային հատուկ մարմիններ:

Առաջնորդվելով հողի սոցիալիզացման էսէռական ծրագրով` հողը տրվում էր այն մշակողներին` արտադրական (ըստ աշխատող ձեռքի ու բանող անասունի) և սպառողական (ըստ ուտող բերանների թվի) նորմաներով: Հողը պատկանում էր համայնքին ու տեղական ինքնակառավարման մարմիններին և դադարում էր առուծախի առարկա լինելուց: Տեղական ինքնավարությունները իրավասու էին իրենց պատկանող վարելահողերն ու խոտհարքներն անմիջապես վարձակալության տալ հողի կարիք ունեցողներին և այն սեփական աշխատանքով մշակողներին:

Հայաստանի բնակչությանը սովահարությունից փրկելու և երկրի արտադրողական ուժերը վերականգնելու ու խթանելու ամենահուսալի ուղին սեփական գյու¬ղա-տնտեսության զարգացումն էր: 1918 թ. հոկտեմբերի 25-ին ընդունվեց հողահարկի մասին օրենքը: Արդեն 1919 թ. մարտ ամսին` գյուղատնտեսական աշխատանքները սկսվելուն պես, 50 մլն. ռուբլի վարկ բացվեց սերմացու և գյուղատնտեսական գործիքներ (ինվենտար) ձեռք բերելու համար: Նույնքան վարկ էլ բացվեց հաջորդ տարի` գյուղատնտեսական գործիքներ գնելու համար: 1919 թ. ամռանը արտասահմանից ստացվեցին 15 հազար գերանդիներ ու մանգաղներ և մատչելի գներով վաճառվեցին ազգաբնակչությանը: 1920 թ. մայիսին հանրապետության գյուղնախարարությունը ձեռք բերեց 9 տրակտոր և այլն:

Տեղաշարժեր կատարվեցին անասնապահության բնագավառում: Ստեղծվեց պետական օրինակելի կաթնատնտեսություն Կարսի նահանգում: Հանրապետությունում վերանորոգվեցին ու կառուցվեցին մի շարք ջրանցքներ: Կատարվեցին ճահճուտների չորացման և աղուտների վերացման աշխատանքներ: Ռուս ինժեներ-տեխնոլոգ Ս. Զավալիշինի գլխավորությամբ մշակվեցին 200 հազար դեսյատին աղուտային և ճահճացած հողերի մելիորացման և 255 հազար ձիաուժ հզորությամբ էլեկտրակայանների կառուցման հաշվարկային նախագծեր, որոնք հետագայում գործողության մեջ դրվեցին արդեն Խորհրդային Հայաստանում: Հայաստանի ընդերքը ուսումնասիրելու համար բաց թողնվեց 1 մլն. ռուբլի և այլն:

Արտասահմանում` Լոնդոնում, տպագրվեց պետականության խորհրդանիշ համարվող հայկական թղթադրամը (ռուբլին) ու փոխադրվեց Հայաստան: Բայց մինչ այդ շրջանառության մեջ էին հայկական չեկերը: Բացի այդ՝ ՀՀ-ն Անդրկովկասի մյուս երկու հանրապետությունների հետ համատեղ օգտվում էր Անդրկովկասի Կոմիսարիատի և ապա Սեյմի կառավարության դրամանիշներից` բոներից: Շրջանառության մեջ էին նաև արտասահմանյան վալյուտան (արժույթը)` ռուսական ռուբլին, դոլարը, ֆրանկը, ֆունտ ստեռլինգը, թուրքական լիրան, պարսկական թումանը: Ազատ շրջանառության միջոց էին ոսկե և արծաթե դրամները և այլն: Հիմնվեց պետական բանկ (գանձատուն): Բարձրացվեց ակցիզային (անուղղակի) հարկը: Կազմակերպվեց մաքսային գործը: Հայաստանի կառավարությունը իրականացնում էր առևտուրը խրախուսող մաքսային քաղաքականություն: Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով հիմնվեցին առաջին և երկրորդ կարգի մաքսային հետևյալ կետերը` Ջուլֆայի, Սարիղամիշի, Կարաուրգանի, Կաղզվանի, Իգդիրի, Քոլագերանի, Նորագավիթի, Ուզունթալայի և Շահթախթիի: Մաքսատները առաջնորդվում էին Հայաստանի խորհրդարանի կողմից մշակված և ընդունված կանոնադրությամբ:

Հանրապետության ներսում ամեն տեսակ ապրանքների ու կենսամթերքների տեղափոխությունն ազատ էր: Ազատ էր նաև արտասահմանից Հայաստան ներկրվող ապրանքների մուտքը: Դրանք մաքսային հարկման չէին ենթարկվում, ուստի և բյուջեի համալրման աղբյուր չէին համարվում: Ներկրվող ապրանքները պարզապես սահմանագլխին ցուցակագրվում էին: 1919 թ. կեսերին Հայաստանը հասցրեց նաև առանց մաքսատուրքի տարանցիկ (տրանզիտ) ազատ առևտրի պայմանագրեր կնքել Վրաստանի և Ադրբեջանի հետ: Մասնավորապես Ադրբեջանի հետ կնքված պայմանագրով Հայաստան պետք է փոխադրվեր 8 մլն. փութ նավթ, բայց հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա բարդացման հետևանքով այն չկենսագործվեց: Վրաստանի հետ հարաբերությունները շատ ավելի բարվոք էին:

Կարգի բերվեցին հաղորդակցության ուղիները: Անկախության առաջին ամիսներին Հայաստանն ուներ ընդամենը 7 վերստ երկարությամբ երկաթուղի, 2 շոգեքարշ և 20 վագոն, իսկ 1920 թ.` 418 վերստ երկաթուղի, 40 շոգեքարշ և 630 վագոն: Ընդունվեցին նոր երկաթուղային գծեր կառուցելու, ինչպես նաև Սևանա լճի վրա շոգենավեր աշխատեցնելու նախագծեր պատրաստելու որոշումներ: 1919 թ. մայիսին հիմնվեց Սևանի լճային նավատորմ, և ջուր իջեցվեց ռազմաբեռնատար «Աշոտ Երկաթ» երկկայմ առագաստանավը` 1 հրանոթով, 2 գնդացիրով և լուսարձակով: Երկաթուղային գործունեության կենտրոն դարձավ Ալեքսանդրապոլը, ուր կային համապատասխան արհեստանոցներ: Այնտեղի երկաթուղային հանգույցը ռազմավարական կապող օղակ էր Երևանի և Կարսի միջև: Առաջին Հանրապետության շրջանում ևս Հայաստանը Ադրբեջանի կողմից հաճախակի ենթարկվել է երկաթուղային շրջափակումների, տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու նպատակով հաճախ նավթամթերքը կանխամտածված ուշացվում էր կամ պարզապես արգելափակվում: Դեռ այն ժամանակ երիտասարդ Հայաստանի Հանրապետության համար հրամայական պահանջ էր դարձել հարևան հանրապետության վառելիքային կախվածությունից ազատվելը: Հայ-ադրբեջանական առավել լարվածության շրջանում հայկական երկաթուղին հարկադրված վառելափայտով էր աշխատում: Բացի երկաթուղուց՝ Հայաստանում կային շուրջ 2 հազար վերստ ընդհանուր երկարությամբ խճուղիներ: Հանրապետության ճանապարհներով ամսական, ընդհանուր առմամբ, փոխադրվում էր միջին հաշվով մի քանի մլն. փութ բեռ: 1919 թ. երկրորդ կեսից սկսեց աշխուժանալ առևտուրը: Երկրից արտահանվում էին բամբակ, կոնյակ, այլ խմիչքներ, բուրդ, կաշի, մորթի, պղինձ, աղ, չոր խոտ և այլն:

Այդուհանդերձ, հանրապետության տնտեսության աքիլեսյան գարշապարը մնում էին ֆինանսները, որոնք ուղղակի կախված էին առևտրից և արդյունաբերությունից: 1918 թ. սեպտեմբերից մինչև 1920 թ. հունվարի 1-ը հարկերից ստացված եկամուտները կազմել էին ընդամենը 30 մլն. ռուբլի, մինչդեռ ծախսերը ամսական կազմել են միջին հաշվով 17,5 մլն. ռուբլի: Հասկանալի է, որ նման պայմաններում, իր ընթացիկ ծախսերը ծածկելու համար, կառավարությունը ստիպված էր լրացուցիչ թղթադրամ բաց թողնել (էմիսիա), որի հետևանքով էլ սկսեց արագորեն արժեզրկվել ռուբլին: Պետբյուջեի ծախսերը գնում էին հիմնականում երկու խոշոր հոդվածներով` ա) բանակի ու երկրի պաշտպանության և բ) գաղթականության ու որբերի պահպնության վրա:

Սոցիալ-դեմոկրատ (Սպեցիֆիկ) Բախշի Իշխանյանի գլխավորած՝ Հայաստանի պետական ընդհանուր վիճակագրության գլխավոր բաժանմունքի հավաքած տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում (1919 թ. մարտից մինչև 1920 թ. մարտի 1-ը) Հայաստանից արտահանվել է (չհաշված բամբակը) ընդամենը 170 հազար փութ կամ ավելի քան 36 մլն. ռուբլի արժողությամբ ապրանք, որի հիմնական տեսակներն էին խմիչքները և կաշվեղենը: Վիճակագրական բաժանմունքի հրապարակած մեկ այլ տվյալով` ընդամենը չորս ամսում (1919 թ. նոյեմբեր-1920 թ. փետրվար) Հայաստանից արտահանվել է 49929 փութ բամբակ: Այսպիսով, ոչ լրիվ տվյալներով` մեկ տարում Հայաստանից արտահանվել է շուրջ 220 հազար փութ համախառն ապրանք:

Այդ նույն ժամանակ հանրապետություն էին ներմուծվում շատ ավելի մեծ ծավալի ապրանքատեսակներ` նավթամթերք, հացահատիկ, ալյուր, բրինձ, շաքար, ձուկ, օճառ, թեյ, բուսական յուղ, կտորեղեն (մանուֆակտուրա), ապակի, դեղորայք և այլն: Արտահանման և ներմուծման ծավալային մեծ խզումը ցույց տալու համար նշենք, որ վերը նշված ժամանակահատվածից ավելի պակաս ժամկետում (ընդամենը 9 ամսում) Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ավելի քան 5,5 մլն. փութ համախառն ապրանք, որի արժեքը կազմել է մոտ 443 մլն. ռուբլի: Բայց այստեղ պետք է վերապահում անել այն իմաստով, որ Հայաստան ներմուծված այդ ապրանքների (5,5 մլն.) ընդհանուր ծավալում շուրջ 77 տոկոսը կամ 4,2 մլն. փութը կազմել են ամերիկյան ապրանքները և մասնավորապես ամերիկյան օգնության հացամթերքը:

Առևտրատնտեսական կյանքի աշխուժացման նպատակով հիմնվեց Հայաստանի կոոպերատիվների միությունը (Հայկոոպը): Հայաստանում կային 280 կոոպերատիվներ` 112 հազար անդամներով: Գործի դրվեց և ընդլայնվեց փոստ-հեռագրային ծառայությունը: 1919 թ. բացվեցին փոստ-հեռագրման 15 կետեր: 1920 թ. սկզբին հանրապետությունում կար 3250 վերստ երկարությամբ հեռագրալար: Ինչ վերաբերում էր հեռախոսային ցանցին, այն բնականաբար դեռևս թույլ էր զարգացած: Այդուհանդերձ, 1920 թ. մայիսին ավելի քան 60 հազար բնակչություն ունեցող Երևանում կար 250 հեռախոս: Հետագայում խորհրդային-կոմունիստական քարոզչամեքենան, հասկանալի նկատառումներով, 1920 թ. Երևանի բնակչության թիվը ներկայացրել է ավելի քան կրկնակի պակաս:

Հանրապետության կառավարությունը հատուկ նշանակություն էր տալիս ճարտարապետաշինարարական աշխատանքներին, որի պատմական ավանդույթն ունեցել է շինարար անունը վաստակած հայ ժողովուրդը: Հատկապես մեծ ուշադրություն է տրվել քաղաքաշինությանն ու մասնավորապես մայրաքաղաքի վերաշինությանը: Այդ նպատակով 1920 թ. մայիսի 8-ին խնամատարության և վերաշինության նախարարությանը կից ստեղծվեց ճարտարապետական գլխավոր վարչություն, որը ղեկավարում էր հայ մեծանուն ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանը: Նշված վարչությունը հասցրեց կատարել մի շարք նախագծային աշխատանքներ: Հենց այս շրջանում էլ հանճարեղ ճարտարապետ Ալ. Թամանյանը գծեց 60-հազարանոց Երևանի զարգացման փաստորեն առաջին գլխավոր հատակագիծը, որի համար հատ¬կաց-վեց 23 մլն. ռուբլի վարկ:

Խնդիր դրվեց պատշաճ ուշադրություն դարձնել հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանների վերականգնմանն ու պահպանությանը: Այդպիսի հուշարձանների թվին էին դասվում Սարդարի պալատը, Անիի հուշարձանները, հանրապետության տարածքում գտնվող տա-ճարները, եկեղեցիները, ամրոցները, մզկիթները և այլն:
Աննկարագրելի ծանր էր բնակչության բժշկական սպասարկման և սանիտարահիգիենիկ վիճակը: 1918 թ. թուրքական արշավանքից հետո Հայաստանում հաշվվում էր ընդամենը 9 հիվանդանոց` 300 մահճակալով: Թուրքերի հեռանալուց հետո վիճակը նկատելիորեն բարելավվում է, և արդեն 1919 թ. կեսերին բացվում են 30 հիվանդանոց` 1600 մահճակալով, 5 բժշկական և 15 բուժակային կետեր: Հիմնվում է կենտրոնական դեղատնային պահեստ: Պլանավորվել էր անցկացնել կոյուղի Երևան, Ալեքսանդրապոլ, Կարս, Նոր Բայազետ, Էջմիածին և այլ քաղաքներում, բոլոր բնակավայրերը մատակարարել առողջարար ջրով, չորացնել հիվանդաբեր ճահիճները, բացել առողջարաններ, մսուր-մանկապարտեզներ և այլն:

Կրթամշակությին կյանքը

Դրական տեղաշարժեր կատարվեցին մշակութային կյանքի զանազան բնագավառներում: Հայոց անկախ պետականության վերականգնումը հայրենիք վերադառնալու նպաստավոր պայմաններ ստեղծեց հայ մտավորականության համար: Հայաստան եկան կամ արդեն տեղում աշխատում էին գիտության ու մշակույթի բազում գործիչներ` Ալ. Թամանյանը, Թ. Թորամանյանը, Հ. Աբելյանը, Հ. Մանանդյանը, Մ. Աբեղյանը, Ն. Աղբալյանը, Լ. Շանթը, Յու. Ղամբարյանը, Ստ. Մալխասյանը և շատ ուրիշներ: Նրանք լրջորեն լծվեցին գիտակրթական գործի բարելավմանը:

Առաջընթաց ապրեց կրթական գործը: 1918 թ. սեպտեմբերին հիմնվեց հանրային կրթության առանձին նախարարություն, խորհրդարանում գործում էր դպրոցական հանձնաժողովը: Չանսալով եղած դժվարություններին` հոկտեմբերի 1-ից սկսվեց նոր ուսումնական տարին: Ուսուցիչների վարձատրության չափը 2,5 անգամ գերազանցում էր նվազագույն աշխատավարձը: Հանրապետությունում գործում էր «Դպրոցների մասին» օրենքը: Նրանում պաշտպանվում էր այն գաղափարը, որ դպրոցը պետք է լինի ապաքաղաքականացված ու ապակուսակցական, մի պարագա, որը ուսանելի պետք է լինի նաև մերօրյա կրթօջախների համար: ՀՀ-ում դպրոցը դադարում էր պետության մենաշնորհը լինելուց, այսինքն` պաշտպանվում էր ազատ դպրոցի գաղափարը, և որ յուրաքանչյուր ոք իրավունք ուներ սեփական միջոցներով դպրոց բացել:

1920 թ. հունվարի սկզբին ընդունվեց օրենք եկեղեցին պետությունից անջատելու մասին: Ապրիլ ամսին ընդունված մեկ այլ օրենքով հայոց հոգևոր ուսումնական հաստատությունները և ծխական եկեղեցական դպրոցները աշխարհիկացվելու ու պետականացվելու էին: Ամբողջ Հայաստանը բաժանված էր ուսումնական 11 օկ-րուգների: Դպրոցական համակարգը դարձավ երկաստիճան` տարրական և միջնակարգ: Եթե 1918/19 ուստարում Հայաստանն ուներ ընդամենը 133 տարրական դպրոց` 383 ուսուցչով և 11136 աշակերտով, ապա 1919/20 ուստարում` 456 տարրական դպրոց, 1047 ուսուցիչ և 41188 աշակերտ: Բացի այդ՝ հանրապետությունում գործում էր միջնակարգ 20 ուսումնական հաստատություն` 283 ուսուցչով և 5162 սովորողով: 1920 թ. հունվարից տարրական դպրոցներում սահմանվեց անվճար կրթություն:
Մշակվեցին դպրոցական ուսումնամեթոդական ծրագրեր: Նիկոլ Աղբալյանի և Գևորգ Ղազարյանի նախարարության շրջանում քայլեր արվեցին արմատախիլ անելու համար ուսման սխոլաստիկ բնույթը` կրթությանը կից կարևորություն տալով նաև աշակերտների աշխատանքային դաստիարակությանը, պրոֆեսիոնալ կողմնորոշմանը, արհեստների տիրապետմանը: 1920 թ. մայիսից հայերենին չտիրապետող ուսուցիչները ազատվեցին աշխատանքից: Դպրոցն ու կրթությունը դառնում էին ավելի ու ավելի ազգային ու հայեցի:

Առանձին քայլեր ձեռնարկվեցին կրթության ոլորտում չքավոր, գաղթական և որբ երեխաներին ընդգրկելու ուղղությամբ: Պետության հաշվին նրանց տրվում էր պատսպարան, անվճար սնունդ, գրենական պիտույքներ: Կրթության նախարարության ոչ լրիվ տվյալներով` օգնության կարիք ունեցող այդպիսի դպրոցահասակ երեխաների թիվը հասնում էր շուրջ 22 հազարի: Այս առնչությամբ նաև հիշարժան է կրթության և արվեստի նախարար Ն. Աղբալյանի նախաձեռնությամբ 1920 թ. հունվարի 5-ին խորհրդարանի ընդունած օրենքը` սկսած 1914 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի ազատագրության կռվում զոհված զինվորների զավակներին պետական գանձարանի հաշվին անվճար դպրոցական պիտույքներ բաժանելու մասին և այլն:

Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը քայլեր ձեռնարկեցին նաև անգրագիտության վերացման (հաղթահարման) ուղղությամբ: Այդ կապակցությամբ անցկացվելու էին անվճար վեցամսյա ուսուցմամբ դասընթացներ մի քանի կատեգորիայի հասակավորների համար` անգրագետների, կիսագրագետների և գրագետ հասակավորների: Վերջիններիս դպրոցը կոչվում էր ժողովրդական համալսարան: Այդ դասընթացներին կարող էին հաճախել հանրապետության բոլոր քաղաքացիները` առանց ազգի, կրոնի ու սեռի խտրության: Ուշադրություն էր դարձվում նաև նախադպրոցական հիմնարկների ստեղծմանը: Այդ նպատակով 222 հազար ռուբլի վարկ բացվեց` հանրապետության 15 վայրերում մանկապարտեզներ բացելու համար:

Հայաստանի ազգային-մշակութային կյանքում նշանակալի իրադարձություն եղավ պետական համալսարանի հիմնադրումը: 1919 թ. մայիսի 16-ին կառավարությունը որոշում կայացրեց բացել հայկական համալսարան: 1920 թ. հունվարի 31-ին առաջին անգամ Հայաստանի հողի վրա բացվեց ժամանակի չափանիշներով բարձրագույն ուսումնական հաստատություն (իհարկե, եթե չհաշվենք միջնադարյան համալսարանները): Մայրաքաղաքում հարմար շենք չլինելու պատճառով այն ժամանակավորապես բացվեց Ալեքսանդրապոլում, իսկ հաջորդ ուստարուց փոխադրվեց Երևան: Համալսարանի հանդիսավոր բացման ժամանակ վարչապետ Ալ. Խատիսյանը մասնավորապես արտահայտեց հետևյալ խորիմաստ խոսքերը. «Մենք կործանեցինք բռնության շղթան, իսկ այժմ եկել է ժամանակը` փշրելու տգիտության շղթան»: Բացման օրը համալսարանն ուներ 8 դասախոս և 200 ուսանող: Համալսարանի ռեկտոր նշանակվեց նշանավոր իրավագետ, պրոֆեսոր Յու. Ղամբարյանը:

1919 թ. նոյեմբերին Ղարաքիլիսայում (Վանաձոր) բացվեց ժողովրդական համալսարան, ուր կարդացվում էին դասախոսություններ` ժողովրդական առողջապահության և հասարակական-քաղաքական թեմաներով: Համազգային նշանակություն ուներ պետական պատկերասրահի, ազգային գրադարանի, հնագիտական, ազգագրական և այլ թանգարանների բացումը: Կառավարությունը ձեռք բերեց 100 հազար ռուբլու նկարներ: Ուշադրություն էր դարձվում ժողովրդական թատրոններին, ազգագրական երգ-երաժշտությանը, հնությունների պահպանմանը, պատանիների ֆիզիկական դաստիարակությանը: Սկիզբ դրվեց սկաուտական շարժմանը և այլն: Ծրագրվում էր 1920 թ աշնանը Երևանում բացել կոնսերվատորիա, պետական թատրոն, բժշկական, գյուղատնտեսական կրթօջախներ, Ալեքսանդրապոլում` գեղարվեստի ուսումնարան, Կարսում` ռազմական գիմնազիա և այլն: Սակայն 1920 թ. աշնան թուրքական ներխուժման հետևանքով այդ գործերը մնացին կիսակատար:

Հայաստանի Հանրապետությունում գրողները հովանավորվում և նպաստ էին ստանում պետությունից: Հայ գրողների, գիտնականների և հրապարակախոսների նյութական պայմանները քիչ թե շատ մեղմելու նպատակով 1919 թ. հուլիսին նախարարների խորհուրդը հատկացնում է 100 հազար ռուբլի: Հեղինակների երկերի հրատարակության համար հատկացվեց 3,2 մլն ռուբլի, նույնքան գումար էլ՝ գիտական և գեղարվեստական գրականության թարգմանությունների համար: 1920 թ. մարտի 5-ին օրինագիծ մտցվեց խորհրդարան՝ վաստակավոր գրողներին օգնելու համար գրողների ընկերությանը 1,5 մլն. ռուբլի վարկ բաց թողնելու մասին: Ն. Աղբալյանի օրենսդրական նախաձեռնությամբ հաստատվում է օրինագիծ` Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ կրթական գործին նպաստելու համար 1,5 մլն. ռուբլի հատկացնելու վերաբերյալ: Եվ կառավարությունը որոշում է իր պահուստային ֆոնդից հատկացնել նշված գումարը: Բացի այդ՝ նախարար Ն. Աղբալյանի նախաձեռնությամբ նախահաշիվ կազմվեց Զանգեզուրում 82 դասարաններով 45 տարրական և մեկ միջնակարգ դպրոց բացելու համար:

Կրթական համակարգի կարևորագույն բաղադրիչներից էր Լեզվի մասին օրենքը, որով հանրապետության սահմաններում պետական պաշտոնական լեզուն համարվում էր հայերենը: Օրենքը պարտավորեցնում էր պետական պաշտոնատար անձանց մեկ տարվա ընթացքում տիրապետելու հայերենին (բանավոր և գրավոր): Բացի այդ՝ գերատեսչություններում, հաստատություններում, հիմնարկ-ձեռնարկություններում, բանակում և այլուր հաղորդակցման, քաղաքացիների ընդունելությունների անցկացման, գրագրության և գործավարության լեզուն համարվում էր միայն հայերենը: Առանձին օրենքով հանձնարարվել էր հանրային կրթության և արվեստի նախարարությանը Երևանում և Ալեքսանդրապոլում բացել հայոց լեզվի դասընթացներ պետական պաշտոնատար անձանց համար: Պաշտոնատար անձանց լեզվի իմացությունը ստուգելու համար հիմնվելու էին հանձնաժողովներ: Հայոց լեզու չիմացողները ենթարկվելու էին քննության և անհաջողության դեպքում ազատվելու էին պաշտոնից: Լեզվի կանոնները խախտելու դեպքում յուրաքանչյուր հիմնարկություն կամ քաղաքացի կարող էր հայց ներկայացնել դատարան, որի վճիռը պարտադիր էր բոլորի համար: Ցավոք, միշտ չէ, որ հետևում էին լեզվի մասին կանոններին. մի շարք հիմնարկներում` ռազմական, ֆինանսական, առողջապահական, դեռևս շարունակում էր պահպանվել նաև ռուսերենը:

Պետական-պաշտոնական գործավարության հայացման գործում ոչ պակաս դժվարություն էին ստեղծում օտար տերմինները, պակասում էին դրանց հայերեն համարժեքները: Օտար տերմինները հայացնելու և հայոց լեզուն օտարաբանությունից մաքրելու նպատակով Թիֆլիսում հիմնվեց մի հանձնաժողով` Ստ. Լիսիցյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձեռնամուխ եղավ համանման բառարանի կազմմանը: Խորհրդարանը նախնական 150 հազար ռուբլի վարկ բացեց իրավաբանական, բժշկասանիտարական, տեխնիկական և գիտական-դպրոցական տերմինների բառարաններ կազմելու և հրատարակելու համար և այլն:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության ներքին, տնտեսական և կրթամշակութային կյանքում փոփոխությունները ակնբախ էին: Չնայած սկզբնական շրջանում առաջին վարչապետ Հ. Քաջազնունու նկարագրած հանրապետության սոցիալ-տնտեսական աղետալի կացությանը, այնուամենայնիվ կարճ ժամանակում հնարավոր եղավ դնել տնտեսության հիմքերը, տեղաշարժեր արձանագրել կրթամշակութային ոլորտում, բացել համալսարան և այլն:

Տպել Տպել