Հայաստանի ու Արցախի համար նոր հեռանկարներ են բացվում

Արցախում ապրող ամեն մի քաղաքացի սրտի տրոփով սպասում է, որ Հայաստանում միշտ այսպիսի դրական տեղաշարժեր լինեն, ՀՀ-ում տեղի ունեցող ամեն մի դրական զարգացում այս կամ այն ձևով անդրադառնում է նաև Արցախի անվտանգության հարցերի լուծմանը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մտավախություն է ստեղծվել, թե Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգտվելով՝ Ադրբեջանը կարող է որոշակի գործողությունների ու սադրանքների դիմել, Վ. Բալայանը նշեց. «Այսօրվա Հայաստանի Հանրապետության երիտասարդության խանդավառության պայմաններում Ադրբեջանը նման քայլի չի գնա, որովհետև փողոցում գտնվող այն երիտասարդը, որ դուրս է եկել իր խնդիրները ներկայացնելու, ես համոզված եմ, որ զենքը ձեռքին կպաշտպանի իր հայրենիքի սահմանները: Հենց այդ պատասխանատվությունն է, որ հանրությունն իր վրա վերցրեց: Այս տեսանկյունից ադրբեջանցիները հիմար չեն, այդ ամենը հաշվի են առնում և հաշվարկում են:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հոխորտանքներին, մեր զրուցակցի խոսքով, դրանք նոր բան չեն, և իրենք էլ լավ գիտեն, որ այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ պատրաստ է պաշտպանել իր երկրի սահմանները: «Շատ դեպքերում թույլն է հոխորտում: Մենք պետք է այդ ամենը լսենք և հաշվի առնենք այն առումով, որ մեր վառոդը միշտ չոր պահենք, բնակչությունը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի, այսպես ապրելով՝ թշնամին մեզ համար վտանգավոր չէ:

Ունենալ բանակ, փորձել երկրի տնտեսությունը, ժողովրդավարական ինստիտուտները զարգացնել. սա այն ճանապարհն է, որ կլինի պատասխանը մեր թշնամիներին»:

Վ. Բալայանը վարչապետի այցը Արցախ համարեց խորհրդանշական և հավելեց, որ այսօրվա իշխանությունները աշխարհին ցույց տվեցին, որ Արցախի հիմնահարցերն իրենց համար գերակա են: Նրա խոսքով՝ նոր հեռանկարներ կբացվեն ՀՀ-ի և Արցախի համագործակցության համար՝ բոլոր առումներով:

Վ. Բալայանը դրական քայլ գնահատեց ՀՀ պաշտպանության նախարարի ոլորտում Դավիթ Տոնոյանի նշանակումը: Նրա դիտարկմամբ՝ անհրաժեշտ է առաջին հերթին բանակի տեխնիկական հագեցվածության վրա ուշադրություն դարձնել: Բալայնն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ունենա իր սեփական ռազմական արդյունաբերությունը:

Մանրամասները՝ տեսանյությում:

Տպել Տպել