Ներդրումների հետ կապված դրական ազդակներ կան

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կառավարության նոր անդամների երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ կարճ ճեպազրույց ունեցավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ բոլոր այն ծրագրերը, որոնք արդյունավետությամբ բարձր են և միտված են ՀՀ մրցունակ տնտեսության արդար տնտեսական կարգերի հաստատմանը, մնալու են, թեև այդ ամենին զուգահեռ մեծածավալ փոփոխություններ են անելու: Մասնավորապես այդ փոփոխություններն արվելու են հակամենաշնորհային քաղաքականության, բիզնես միջավայրի բարելավման, Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման, նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ: Կա նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն:

Ըստ Արծվիկ Մինասյանի, այսօր ներդրումների հետ կապված դրական ազդակներ կան:

«Համակարգը պետք է այնպիսի վիճակի բերենք, որ ներդրողներն ունենան բավարար պաշտպանվածություն: Նոր գործիքներ պետք է առաջարկենք, որ կապերն ու զանգերը վերածվեն իրական ներդրումների: Պետք է լինի քաղաքական ռիսկերից ապահովագրություն, որի մեջ է մտնում փոխարժեքի հնարավոր տատանումից մինչև արտաքին միջամտութուն: Այստեղ Համաշխարհային բանկն է առաջարկություն արել, որ պատրաստ են աջակցել նման համակարգի ներդրման համար»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` այս ժամանակահատվածում կարիք կա թե վարչարարությունը բարելավելու, հնարավոր հովանավորչական դեպքերը բացառելու, հակամենաշնորհային առավել ակտիվ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ և թե այդ ամենը ինստիտուցիոնալ համակարգի վերածելու, այլ ոչ թե թողել միայն անձերի երաշխավորության մակարդակում։

Հարցին, թե արդյոք կարելի է ՀՅԴ–ի կողմից երկարատև համագործակցություն ակնկալել ներկա կառավարության հետ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. « Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ հայոց պետականությունն է»։

yerkir.am

Տպել Տպել