Սա ֆորսմաժորային իրավիճակի հետ կապված համագործակցություն է

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՅԴ-ն հանկարծ որոշեց միանալ հեղափոխական շարժմանը, նշեց. «Երբ սկսվեց հեղափոխական շարժումը ՀՅԴ-ն գտնվում էր ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ, ֆորսմաժորային իրավիճակը նկատի ունենալով՝ մենք հանդես եկանք մի քանի հայտարարություններով, որտեղ առաջարկում էինք իրավիճակից դուրս գալու ելքերը և ճանապարհային քարտեզը, փորձել ենք լուծումները գտնել քաղաքական դաշտում: Բանակցելու փորձեր արվեցին: Բայց եկավ մի պահ, և արձանագրեցինք, որ երկխոսության ճանապարհով հանգուցալուծում գտնելու մեր մոտեցումները տարբերվում էին այն մոտեցումներից, որ ունեին մեր գործընկերները… Մեր գնահատմամբ՝ կոալիցիան դադարել էր գոյություն ունենալ»:

Անդրադառնալով տեսակետին, որ միգուցե ՀՀԿ-ն հանձնում էր իշխանությունը, իսկ ՀՅԴ-ն դա չէր ուզում, դրա համար էլ լքել է նավը, Արսեն Համբարձումյանը նշեց, որ եթե կոալիցիան լքելու ցանկություն ունենային դա կանեին ապրիլի 16-17-ին, երբ վարչապետ էր ընտրվում Սերժ Սարգսյանը. «Մեր կողմից լքելու կամ դավաճանելու քայլ չի արվել… Եթե ՀՅԴ-ն ամեն գնով իշխանության մեջ մնալու խնդիր ունենար, 2009-ին դուրս չէր գա իշխանությունից, Լ. Տեր-Պետրոսյանի կողմից էլ իշխանության մեջ մնալու առաջարկ է եղել Դաշնակցությանը: ՀՅԴ-ի համար երբեք իշխանության մեջ լինելը ինքնանպատակ չի եղել»:

Արսեն Համբարձումյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին և համաժողովրդական շարժմանը պայմանավորված չի եղել կառավարության մեջ մաս կազմելու պայմանով. «Սա ֆորսմաժորային իրավիճակի հետ կապված համագործակցություն է»:

Համբարձումյանի դիտարկմամբ՝ տեղի ունեցածը իշխանափոխություն է, իսկ հեղափոխությունը նոր է սկսվում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տպել Տպել