Կարծիքների բախման մեջ է ծնվել դաշնակցական գործը

Կուսակցությունը ոչնչանում է, եթե այդ կուսակցության ներսում չկա կարծիքների բախում և կարծիքների արտահայտման ներկուսակցական մշակույթ, չկան որոշումների կայացման և գործադրման մեխանիզմներ ու ավանդույթներ, և չկա ներքին կարգապահությունը պահպանելու կարգ ու կամք:

Դաշնակցության հասցեին վերջերս հնչող քննադատությունները, հիմնականում, բյուրեղանում են հետևյալ հարցերի շուրջ.

1. նշվում է Սփյուռքի կառույցների և Հայաստանի կառույցի միջև ենթադրյալ հակասությունների մասին,

2. Դաշնակցությունը, հատկապես նրա ղեկավար մարմինները, մեղադրվում են սխալ քաղաքականության մեջ, ըստ որի, հիմնականում, նկատի է առնվում իշխանությունների հետ համագործակցությունն ու կոալիցիոն համաձայնությունների մեջ ներգրավվելը, որպես արդյունք, մատնացույց է արվում ղեկավարության և շարքերի միջև, իբր, գոյացած անջրպետը,

3. կուսակցությանը մեղադրում են իր որոշ ճանաչված անդամներին շարքերից «անարդարացի» հեռացնելու մեջ՝ այդ հանգամանքը դիտարկելով որպես ազատամտության և այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն,

4. հնչում են մեղադրանքներ՝ կոալիցիոն գործընկերոջը լքելու և ժողովրդական շարժման կողմը հապճեպ անցնելու մեջ:

Եվ, որպես խտացված եզրահանգումներ, նշվում են, որ սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններում կուսակցությունը կարող է չհաղթահարել 5 տոկոսանոց շեմը, եթե չփոխի իր ղեկավար կազմն ու մոտեցումները:

Անդրադառնալով քննադատությունների այս շարքին, հարկ է նկատել հետևյալը:

1. Նախ՝ Դաշնակցության մեջ միշտ էլ եղել է ներքին քննարկում և տարբեր կարծիքների բախման մեջ է ծնվել դաշնակցական գործը, և եթե բոլոր կուսակցականները միշտ ու անպայման համակարծիք լինեին, ապա իրոք ՀՅԴ-ն կվերածվեր մենիշխանական համակարգի: Բայց ներքին քննարկումները չեն վերաճում հակադրությունների և որոշումները գերակա են մնում ողջ աշխարհասփյուռ կառույցի համար: Սա է Դաշնակցության կայունության գրավականներից մեկը:

2. Դաշնակցության մարմինները կատարում են կուսակցության ներկայացուցչական-պատգամավորական ժողովների ռազմավարական որոշումները՝ իրենց կարելիություններին և նախընտրելի մարտավարական սկզբունքներին համապատասխան: Եվ անջրպետել Դաշնակցական մարմիններն ու շարքերը, անշնորհակալ գործ է: Վերջին հաշվով, այդ մարմինները հաշվետու են հաջորդ ժողովին և նրանց աշխատանքներին տրվում են գնահատականներ: Դա, սովորաբար, արվում է խիստ և ազատ քննադատությունների միջոցով: Իսկ մարմինների կազմը հաճախ, երբեմն նաև արմատապես, փոխվում են: Ամենաթարմ օրինակը վերջերս ընտրված ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի կազմն է, որտեղ 9-ից 5-ը երբեք չեն եղել ԳՄ անդամ:

3. Դաշնակցությունից հեռացումների մասով, հարկ է նշել, որ կուսակցությունը միշտ փորձել է հավատարիմ մնալ իր գրված և չգրված կանոններին ու սկզբունքներին և դա ՀՅԴ-ի կենսունակության ևս մեկ գրավականներից է: Էապես խախտելով կուսակցության կանոնագիրը՝ անձն իրեն դուրս է դնում կուսակցական համակարգից, և մարմիններին մնում է միայն արձանագրել այդ փաստը, ինչին ականատես ենք նաև վերջին օրերին:

4. Կոալիցիայից դուրս գալու պատճառները շատ պարզ են՝ ֆորսմաժորային իրավիճակում

ա) կոալիցիան այլևս դե’ ֆակտո չէր գործում,

բ) կոալիցիոն համաձայնագրով նշված նպատակներն այլևս կոալիցիայի շրջանակում չէին կարող իրականացվել,

գ) Սերժ Սարգսյանի հրաժարականով նոր քայլերի անհրաժեշտություն էր առաջացել, այդ թվում ՀՀԿ-ի համար:

Ներազգային բախման իրավիճակում անկողմնակալ և երկխոսության մղող դիրք զբաղեցնելն անչափ կարևոր էր, իսկ կաշկանդումները կնշանակեին՝ վտանգներով լեցուն գործընթացների վրա չունենալ որևէ դրական ազդեցություն: Իսկ, որ ցանկալի հանգուցալուծման հարցում ՀՅԴ-ն ունեցավ դրական ազդեցություն, կարծեմ, ոչ ոք չի կասկածում:

Ինչ վերաբերվում է արտահերթ ԱԺ ընտրություններում ՀՅԴ հնարավորություններին, ապա խորհրդարանական նախորդ ընտրությունների արդյունքները փաստում են, որ կուսակցության ընտրազանգվածը բավականին կայուն է: Դաշնակցությունը միշտ եղել է կազմակերպված փոքրամասնություն, որը տարբեր ժամանակներում իր հետևից տարել է մեծ զանգվածներ՝ չհավակնելով վերածվելու զանգվածային կուսակցության: Նախորդ ընտրություններում հայաստանյան ընտրողների մեծամասնությունը առաջնորդվել է, մեղմ ասած, այլ արժեքներով ու չափանիշներով, և, հիմնականում, չի կատարել գաղափարական-ծրագրային ընտրություն: Օրինական ու գաղափարական ընտրություններ կազմակերպելու պարագայում Դաշնակցությունը ավելի շահեկան վիճակում կհայտնվի: Ներկա պահը ուժերի վերադասավորման շրջափուլ է և հեղափոխության ինստիտուցիոնալացումն ու ժողովրդական շարժման սպասումների ամրագրումը այն ելակետն են, որի վրա կուսակցությունները կառուցում են իրենց նոր ծրագրերն ու մարտավարությունները:

Ամփոփելով, պետք է նշել, որ Դաշնակցության դեմ վերոնշյալ քննադատությունները էապես շինծու են և, հիմնականում, խնդիր ունեն թուլացնել կուսակցության դիրքերը նոր վերադասավորումների փուլում: Դաշնակցությունը կենդանի ազգային օրգանիզմ է՝ իր թերություններով ու առավելություններով և, նման իրավիճակներում, կուսակցությունը համախմբում է իր ռեսուրսներն ու դուրս գալիս ավելի ուժեղ: Իհարկե, քննադատողները դա լավ գիտեն և անկեղծորեն ուզում են կանխել այս հնարավորությունը:

Արտակ Սարգսյան
Երևան, 23.05.2018

Տպել Տպել