Խորհրդաժողով՝ նվիրված Մայիսի 28-ին

1917-ի դեկտեմբերին, Արամ Մանուկյանը, հայ ժողովրդի պաշտպանությանն ու ազատությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ առաջադրելու ժամանակ, նշել էր.«Մենակ ենք և պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու և թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Այդպես էլ եղավ՝ հայությունը համախմբվեց՝ ապավինելով իր ուժերին, ձեռքը զենք առան նաև կանայք՝ ֆիդայիների հետ կողքի-կողքի կատաղի պայքար մղելով: Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ ՀՕՄ-ը խորհրդաժողով էր կազմակերպել՝ «Հայ կանանց դերը զարթոնքից հանրապետություն» խորագրով:

ՀՕՄ Կենտրոնական վարչության վարիչ տնօրեն Վերժինի Թուլումեանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր հավաքվել են 350 ՀՕՄ-ուհիներ՝ եկած տարբեր երկրներից, որպեսզի նախ մայիսի 28-ի հաղթապանծ օրերը հայրենիքում նշեն, ինչպես նաև մասնակցեն գիտաժողովին: Թուլումեանի խոսքով՝ գիտաժողովին մասնակցում են 26 երկրներից ժամանած ՀՕՄ-ուհիներ՝ Լիբանանից, Սիրիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Արևմտյան և Արևելյան Ամերիկայից… «Կարևոր է, որ գիտաժողովի միջոցով պատմական անդրադարձ ենք կատարում հայ կնոջ դերին. հայ կինը միշտ եղել է սյուն՝ ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև ազգի համար: Նման գիտաժողովները շատ կարևոր են, որպեսզի իմանանք՝ որտեղից ենք գալիս, և մեր օրերում ինչպես հայ կինն իր հեռատեսությամբ կարող է ներգրավվել ու իր մասնակցությունն ունենալ տարբեր ոլորտներում՝ կրթական, մշակութային, քաղաքական»,-ասաց Թուլումեանը:

Սիրիայի Օգնության միության Կենտրոնական վարչության անդամ Աննա Տեր-Հակոբյանի խոսքով էլ՝ մեծ ուրախություն է, որ Սփյուռքն էլ իր մասնակցությունն ունի գիտաժողովին: Ըստ նրա՝ ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության համար այս գիտաժողովը մեծ նշանակություն ունի: «Պետք է շեշտել, որ հայ կինն իր դերն է ունեցել յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր ճակատում՝ լինի պատերազմի դաշտում, զոհված ազատամարտիկների կողքին, գիտական աշխատանքներում: Յուրաքանչոյւր ասպարեզում, կարծում եմ, հայ կինն իրեն արդարացրել է և ինչ պարտականություն ստանձնել է՝ լիովին կատարել է: Այսօր էլ այդ դերը չի փոխվել, նույն մարտունակությամբ և խանդավառությամբ գործում են հայ կանայք՝ միայն թե «մարտի դաշտն» է փոխվել: Այսօր գիտությունն ավելի մեծ զենք է, որպեսզի կարողանանք հաղթահարել մարտահրավերները, և հայ կանայք էլ գիտության ասպարեզում իրենց գործն են առաջ տանում»,-ասաց Տեր-Հակոբյանը:

Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն իր ելույթում նշեց, որ հայ տղամարդը, որ, իսկապես, «թուլություն» է ունեցել հայ կնոջ նկատմամբ, և սա երևում է նաև հայ ֆիդայու դեպքում: Մելքոնյանի խոսքով՝ հայ ֆիդային, ում բարձը պետք է լիներ Հայաստանի լեռները, այսինքն՝ նա երդվում էր այլևս իր կողքին չունենար կողակից և քնել լեռների վրա, սակայն ամենատոկուն ֆիդայիներից՝ Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, խախտեցին այդ կանոնը.«Բայց նրանք ստացան իրենց կանանց համապատասխան վերաբերմունքը, որոնք այդ երդումը կիսեցին իրենց ամուսինների հետ՝ քարերը դարձնելով իրենց բարձերը և մինչև վերջ մնալով ամուսնու կողքին: Առաջին աշխարհամարտի տարիներին հայ կինը հրաշքներ գործեց՝ զավակներ ուղարկելով ռազմաճակատ և, ամենակարևորը, առաջին հայկական պետականության մոդելը հանդիսացող Վանի ինքնապաշտպանողության ժամանակ առողջապահական խմբեր ստեղծելուց հետո՝ այդ նույն խմբերը Արամի կողքին էին, երբ կյանքի էր կոչվում 1918-ի դեկտեմբերից մինչև մայիս ամիսը Առաջին հանրապետությունը: Այս կերպ նաև ցրվեց այն թյուր կարծիքը, որ ՀՀ-ն մեզ տրվել է պարապ հողի վրա՝ առանց քաղաքական, տնտեսական, գաղափարական նախադրյալների: Այդ նախադրյալները ենթատեքստի ձևով անկասկած կային և արդեն, երբ կյանքի կոչվեց Առաջին հանրապետությունը, հայ կինը նորից երևաց իր ողջ բարոյական նկարագրով»:

Մելքոնյանը նշեց նաև, որ հետաքրքրական է փաստը՝ երբ ընտրությունների օրենքն էր մշակվում և արդեն իսկ կանանց ընտրվելու իրավունք էր վերապահվելու, հայ կանայք ամոթխած ձևով հրաժարվում էին առաջադրել իրենց թեկնածությունը: Մելքոնյանի գնահատմամբ՝ երևի թե քաղաքական գործունեությունն իրենց տեղը չէր.«Հայ ֆիդայու կողքին մնալ նախընտրում էին, բայց պատգամավոր դառնալ չէին ուզում: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ երբ Արամն իր կնոջը՝ Կատարինեին, խնդրում էր պատմագավոր դառնալ, նա հրաժարվեց, բայց ամուսնու մահից հետո մասնակցեց ընտրություններին ու դարձավ խորհրդարանի անդամ»:

Պատմաբանի գնահատմամբ՝ 3-րդ հանրապետության կյանքում, երբ ազատ ժամանակներ եկան, ընտրությունների վերաբերյալ կարծրատիպերը կոտրվեցին, հայ օրիորդները ցույց տվեցին, թե ով է հայ աղջիկը, ինչպիսի մայր է նրա մեջ հասունանում: «Ես, որ Էդիկ Մինասյանի հետ վիրավոր կամ զոհված զինծառայողների մոր կողքին էինք լինում, ոչ մեկից չլսեցի նման հարց՝ ինչո՞ւ իմ զավակը, որովհետև հայ մոր մեջ խոսում է ազգային ոգին, ազգային նկարագիրը: Մեկ անգամ ևս համոզվում ես, որ հայ կինը ոչ միայն ընտանիքի, այլև ազգի ողնաշարն է, որի առջև մենք մեր գլուխը պետք է խոնարհենք ու հասկանանք՝ հայ ընտանիքի ամրության գաղտնիքը նրա մեջ է: ՀՕՄ-ն, այս կարևոր իրադարձության նախօրյակին նման գիտաժողով կազմակերպելով, մեկ անգամ ևս մատնանշում է իր նախանձախնդրությունը, պատրաստակամությանը՝ հայոց պետականությանը սատար կանգնելու և էլ ավելի սերտ դարձնելու Հայաստան-Սփյուռք կապերը, կյանքի կոչելու մեր երազանքը՝ հայրենադարձությունը»,-ասաց Մելքոնյանը:

Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի խոսքով էլ՝ հայ կանայք շատ մեծ դերակատարում են ունեցել մեր պատմության ընթացքում: Նա հիշեցրեց, որ Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանցի զորահրամանատարներից մեկը վախվորած ասել էր.«Թե ձեռքը զենք վերցրած հայ կին տեսնեք, ուրեմն՝ վերջ, հարկավոր է ամեն ինչ թողնել ու փախչել»:

«Հայ կինը հայոց պատմության դժվարին և ճակատագրական պահերին անմասն չի մնացել մեր գոյապայքարից: Բազմաթիվ հայուհիներ ֆիդայիների հետ կողք-կողքի պայքարել են թշնամու դեմ, արհավիրքի ժամին դարձել են զինվորներ՝ զենքով պահպանել հայի՝ իր լեռնաշխարհում ապրելու իրավունքը»,-ասաց Մինասյանը:

Նա խոսեց նաև Մորուք Կարոյի (Կարապետ Ավոյան) կնոջ՝ Մարթայի գործունեության մասին.«1915-ի կոտորածից առաջ նրանք ինքնապաշտպանողական մարտերին են ակտիվ մասնակցել, Մարթան հագել էր տղամարդու հագուստ, ուսին գցել հրացան և Կարոյի հետ ուս-ուսի մասնակցում էր զինված հրոսակների դեմ պայքարում: մարթան հայտնի էր իբրև լավագույն ֆիդայիներից մեկը: Մորուք Կարոյի հետ նրանք Սարդարապատի ճակատամարտին մասնակցեցին և Մարթան, լավագույնս տիրապետելով ձիավարությանը, սուրը ճոճելով ընթանում էր առաջ: Տղամարդկանց կողքին հայ կանանց գործունեությունը յուրահատուկ դերակատարում ունեցավ ինքնապաշտպանողական մարտերում»:

Նշենք նաև, որ խորհրդաժողովի ավարտին ՀՕՄ-ի անդամներն այցելեցին Սոսե Մայրիկի շիրիմ, ուր 20 տարի առաջ, ՀՀ 80-ամյակի առիթով, ՀՕՄ-ի ջանքերով, հանդիսավոր արարողությամբ հայրենի հողին հանձնվեց մեր անմահ հերոսուհի Սոսե Մայրիկի աճյունը, որը բերվել էր Եգիպտոսից:

yerkir.am

Տպել Տպել