Թավշյա հեղափոխությունը միջազգային հեղինակություն ապահովեց Հայաստանի համար

Վերջին թավշյա հեղափոխությունը իրոք միջազգային վարկ ու հեղինակություն ապահովեցին Հայաստանի համար. մեր պետությունը միջազգային հանրությանը ներկայացավ որպես մոդել-պետություն, մոդել-հասարակություն: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

Նա նկատեց, որ դժվար թե հանդիպենք երկրների, որտեղ երկարատև բողոքի ակցիաները, անհնազանդության շարժումները տեղի ունենան առանց միջադեպերի, առանց մեքենաների ու խանութների հրկիզումների. «Անգամ եվրոպական երկրները նման իրականություն չեն ունեցել: Պետք է նշել նաև, որ պետական ինստիտուտներն ու իրավապահ մարմինները ևս թավշյա զսպիչ գործողությունների դիմեցին, թեև եղան ուժի անհամաչափ կիրառման դեպքեր: Այդուհանդերձ, մենք դուրս եկանք պատվով»,- ասաց Գանդահարյանը:

Շահան Գանդահարյանը վստահություն հայտնեց, որ համակարգային փոփոխությունները մեկնարկեն շուտով. «Սփյուռքի ներգրավվածության առումով կան սահմանադրական սահմանափակումներ, իսկ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելը հեշտ չէ: Թեև քաղաքական կամքը ակներև է այդ արգելքները վերացնելու առումով»,- ընդգծեց նա:

Տպել Տպել