Դաշնակցության առաջարկներն այսօր էլ օրակարգում են

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում, որ ՀՅԴ-ն միշտ իշխանության մեջ է լինում՝ անկախ իշխանությունների փոփոխությունից։ «Նախ՝ էդպես չի, եթե Դուք վերցնեք մեր նոր անկախության 30 տարիները, Դաշնակցությունն ավելի շատ եղել է ընդդիմություն, քան իշխանություն։ Երբ որ ասում եք «միշտ», ճիշտ չեք ասում»,-ասաց Ռուստամյանը։

-Լավ, վերջին տասը տարվա կտրվածքով գոնե եղել է։

-Վերջին տասը տարին «միշտ» չի, ուրեմն։ Նախ՝ էլի վերջին տասը տարվա կտրվածքով էլ էդպես չի։

-Դե, Քոչարյանի ժամանակ եղել եք, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ կոալիցիա եք կազմել, հիմա էլ՝ նույնը։

-Նորից եմ կրկնում՝ վերցրեք նայեք՝ Դաշնակցությունը երբ ա եղել ընդդիմություն, երբ ա եղել իշխանություն, կտեսնեք, որ դա միշտ չի եղել։ Նախ՝ էդ բառապաշարը ճիշտ կիրառեք՝ միշտ չի։ Երկրորդը․ Դաշնակցության խնդիրն ընդդիմության եւ իշխանության մեջ լինելը չի, բազմիցս ասել ենք՝ Դաշնակցությունը որտեղ էլ լինի, այ, եթե Դուք դա նորից 30 տարիներով վերցնեք նայեք, կտեսնեք, որ նույն նպատակներն է հետապնդել։ Էդպես է լինում, որովհետեւ ուշացումով կամ մի քիչ հապաղումով գալիս են նույն ուղեգծին, որը Դաշնակցությունն ա ասել։ Մեղավորը մե՞նք ենք։ Հիմա էս փոփոխությունները, որ եղան, մեկը կգա կգնահատի՞, որ էս անարյուն իշխանափոխությունը, որ կատարվեց, դրա համար մեծ դեր խաղաց նաեւ էն համակարգը, որի համար Դաշնակցությունը պայքարում էր։

-Խորհրդարանական համակա՞րգը նկատի ունեք։

-Իհարկե, եթե լիներ նախագահական համակարգ, էսպես հեշտ հրաժարական չէին տա։ Այ, Դուք դա՛ վերլուծեք։

-Բայց ՀՅԴ-ն ցանկացած փոփոխություն իրեն է վերագրել։

-Չի վերագրել, է, էդպես է փաստը։ Այսինքն՝ խորհրդարանական համակարգի ջատագով ա եղել Դաշնակցությունը…

-Բայց իրականացնող՝ Հանրապետականը։

-Բա իրենց միջոցով պիտի… հիմա նույն ձեւով էլ Նիկոլ Փաշինյանը կարող ա իրականացնի Դաշնակցության ասածները։ Դուրս եկավ՝ մենք ընդհանրապե՞ս դեր չենք ունեցել։

-Դաշնակցությունը, փաստորեն, խորհրդատվական կարեւոր գործառույթ է կատարել իշխանությունների համար։

-Ոչ միայն խորհրդատվական․ օրինակ է ծառայել, փաստեր է բերել, ապացուցել է։ Պարզ է, չէ՞, որ Դաշնակցության առաջարկներն այսօր օրակարգից դուրս չեն եկել։ Ոչ ոք չի ուզում տեսնել։ Ասինքն՝ ինչի՞ մեր ասած օրակարգը պիտի պահպանվի, բայց մենք մեր տեղն ու դերակատարությունը չպիտի՞ պահպանենք, ո՞նց ա լինում էդպես։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

hraparak.am

Տպել Տպել