Հրանտ Մարգարյան. «Մենք նախագահի թեկնածու ունենք»

Նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափի վերաբերյալ կուսակցությունում երկու տրամադրվածություն կա` կա’մ ունենալ սեփական թեկնածու, կա’մ կարողանալ համախմբվել միասնական թեկնածուի շուրջ: Չի բացառվում, սակայն, որ ՀՅԴ-ն առհասարակ չմասնակցի նախագահական ընտրություններին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, բայցեւ հիշեցրեց, որ վերջնական որոշում կայացվելու է դեկտեմբերին կայանալիք ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովում:

Նա եւս մեկ անգամ վստահեցրեց, որ կարեւորն իրենց առաջարկած յոթ կետերը իրականություն դարձնելն է, եւ երբ այս գաղափարն են առաջ քաշում, թող տպավորություն չստեղծվի, թե ՀՅԴ-ում նախագահի թեկնածու չկա: «Մենք թեկնածու չենք փնտրում, որ պաշտպանենք, մենք թեկնածու ունենք: Մենք մեր թեկնածուի մասին չենք խոսում, որովհետեւ համարում ենք, որ կարեւորը օրակարգային կետերն են»,- հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Մեր այն հարցին էլ, թե որքանո՞վ է իրատեսական համարում, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածում, Հրանտ Մարգարյանն արձագանքեց. «Թեկնածու կարող է դառնալ, իսկ միասնական թեկնածո՞ւ` չեմ կարող ասել»:

Տպել Տպել