Իսրայելի հերթական խաղը. Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը հանվել է օրակարգից

Մայիսի 30-ին Իսրայելի խորհրդարանում պետք է քվեարկության դրվեր Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը, սակայն երեկ հայտնի դարձավ, որ հարցը խորհրդարանի այս շաբաթվա օրակարգում չի ներառվել: Հարցը օրակարգից հանել է խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:

Նրա մամուլի քարտուղարը պարզաբանել է, թե իբր Էդելշտեյնը մտավախություն է ունեցել, քանի որ պարզ չէր, թե արդյո՞ք մեծամասնությունը կողմ կքվեարկեր նախագծի ընդունմանը:

Նախքան այս որոշումը` Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ: Նա ասել էր, որ լավատեսորեն տրամադրված չէ հարցի քննարկման հարցում, քանի որ վստահ է, որ սա Իսրայելի հերթական խաղն է: «Տպավորություն ունեմ, որ դա Թուրքիայի դեմ ճնշման հերթական փորձն է: Ամեն անգամ, երբ Իսրայելը Թուրքիայի հետ խնդիրներ է ունենում, մեջտեղ է բերում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,-մեզ հետ զրույցում ասել էր Կարապետյանը:

Գասպար Կարապետյանի խոսքով` Իսրայելի որդեգրած այս քաղաքականությունը տարիների փորձ ունի: «Վերջին 10- 15 տարիների ընթացքում ամեն անգամ, երբ Թուրքաիյի հետ խնդիր է առաջանում, Իսրայելը Ցեղասպանության հարցն է առաջ քաշում: Արտասովոր ոչինչ չկա, ամեն անգամ նույն պատմությունն է»,- նշել էր Գասպար Կարապետյանը:

Տպել Տպել