Հալեպի օդանավակայանի վերաբացումը հեռու չէ

Հալեպի օդանավակայանը պատրաստ է վերադառնալ բնականոն աշխատանքի, սակայն, անվտանգության որոշ հարցերից ելնելով, իշխանություններն առայժմ չեն շտապում դիմել այդ քայլին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Հարցը չափազանց կարևոր է, Սիրիայի կառավարությունը լուրջ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Օդանավակայանն, իրականության մեջ, կարող եմ ասել, պատրաստ է: Այն նույնիսկ երբեմն ոչ պաշտոնական թռիչքներ ունի: Ինչպես գիտենք, որոշ շրջաններում դեռ կան զինյալ ահաբեկչական խմբեր և բնականոն թռիչքների պարագայում հնարավոր է հրթիռակոծություններ լինեն, հետևաբար, անվտանգության նկատառումներից ելնելով կառավարությունը դանդաղում է պաշտոնապես օդանավակայանը վերագործարկել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Ամեն դեպքում վերջին շրջանի քաղաքական զարգացումների, բանակի գործողությունների, առաջընթացի լույսի ներքո, Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ օդանավակայանի վերաբացումը հեռու չէ:

Հալեպում ճանապարհները բաց են, ենթակառուցվածքները հիմնականում բարելավված են, կյանքը վերադարձել է բնականոն հուն: Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ նախկինում պայմանների առումով լուրջ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը բավական բարելավվել է:

«Օրեր են եղել, երբ տևական ժամանակ չենք ունեցել ջուր, էլեկտրականություն: Այսօր իրավիճակն այլ է, օրվա 10 ժամից ավելի հոսանք ենք ունենում, ջրամատակարարման հարցը կարգավորվել է: Քաղաքային իշխանությունը զգալի աշխատանք է կատարել փողոցները քարերից, աղբից մաքրելու ուղղությամբ: Այսինքն՝ կարող ենք ասել, որ կյանքը վերադառնում է իր բնականոն ընթացքին»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ սիրիական պատերազմի ընթացքում երկիրը հսկայական վնասներ է կրել, այսօր կառավարությունը կանգնած է խոշոր նյութական պարտավորությունների առջև: Այդուհանդերձ, կառավարությունը ժողովրդի հետ ձեռք ձեռքի տված աշխատանքներ է տանում երկրի վերականգնման ուղղությամբ: Խոսելով Սիրիայի զինված ուժերի հաջողություններից՝ Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այսօր երկրի կարևորագույն տարածքներն ազատագրված են:

Անդրադառալով Հալեպում սիրիահայերի տեղաշարժին՝ Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ արդեն դրական միտումներ նկատվում են, նկատելի թվով ընտանիքներ գործնական քայլերի են դիմել և վերադարձել են: Վերադարձողները և´ Լիբանանից են, և´ արևմտյան երկրներից: Հայերից ոմանք իրենց նախկին գործն են վերականգնում, ոմանք նոր գործ են սկսում: Հիմնականում արհեստագործական, առևտրի ոլորտներում են: Հայ համայնքն իր ազգային կենտրոններով ձեռնամուխ է եղել հայկական կրթօջախների, կառույցների վերականգնման գործընթացին:

Տպել Տպել