Ինչպե՞ս է հնարավոր նվազեցնել գազի սակագինը

Գազի ներտնային սպասարկման համար նախատեսված վճարները հավաքելու գործառույթը «Գազպրոմ Արմենիա»-ից ԱԻՆ-ին փոխանցելն անտրամաբանական կլինի. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե առաջիկայում սպառողները կազատվեն գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման համար սահմանված վճարից: Ըստ «Ժամանակ» օրաթերթի տեղեկությունների` այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխատակիցները, և սպառողները այլևս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայության համար, որը, ըստ էության, չէր իրականացվում:

Սուրեն Պարսյանի խոսքով` այդ գործառույթն ԱԻՆ-ին փոխանցելու հնարավոր որոշումը կհակասի առաջին հերթին ՀՀ օրենսդրությանը: Տնտեսագետը պարզաբանեց, որ, ՀՀ կառավարության 2005թ. համապատասխան որոշման համաձայն, գազամատակարարն է պատասխանատվություն կրում համակարգի անվտանգության համար: «Գազամատակարարը ոչ միայն պետք է ապահովի գազի մատակարարումը, այլև ծառայության հուսալիությունն ու անվտանգությունը»,- նշեց նա:

Նշենք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) հետ կնքված պայմանագրի համաձայն` դեռևս 2007թ.-ից ՀՀ ողջ տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնում է «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն:

Սուրեն Պարսյանի կարծիքով` գազի ներտնային սպասարկման վճարը պետք է ներառվի բնական գազի սակագնի մեջ: «Մարդիկ չպետք է առանձին վճարեն գազի և դրա սպասարկման համար: Չի կարելի տարանջատել այս երկու գործառույթները»,- ասաց նա:

Տնտեսագետը միևնույն ժամանակ նշեց, որ սպասարկման վճարը սակագնի մեջ ներառելը չպետք է ազդի սակագնի բարձրացման վրա: Ըստ նրա` գազի սակագինը հնարավոր է նվազեցնել այլ ծախսերի հաշվին, օրինակ` կորուստների: «Նախ՝ պետք է վերանայել սակագնի որոշման մեթոդաբանությունը ` կորուստների, շահութաբերության կրճատման հաշվին: Պետք է փոխել նաև գազամատակարարմամբ զբաղվող ընկերության աշխատակիցների հաշվարկման մեթոդաբանությունը: Անհրաժեշտ է հստակ սահմանել, թե քանի՞ աշխատակից կարող է ունենալ, օրինակ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, չէ՞ որ աշխատակիցների թիվն էլ է ազդում սակագնի վրա»,- ասաց նա:

Սուրեն Պարսյանի խոսքով` գազի սակագնի փոփոխությունը պետք է գործի անխափան: «Այս ոլորտը տնտեսության կարևորագույն ոլորտներից է և չպետք է դառնա քաղաքական գործընթացների թատերաբեմ, գազի գնի փոփոխման քաղաքականությունը պետք է պարբերաբար վերանայվի և գործի ի շահ սպառողների»,- ասաց նա:

Ներկայումս ՀՀ-ում գազի ընդհանուր բաժանորդների թիվը 692382 է: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 1 կետի համար գազի ներտնային սպասարկման գումարը տարեկան 2270 դրամ է, 2 կետի համար՝ (գազօջախ, գազայրիչ և այլն) 4540 դրամ, իսկ 3 և ավելի կետերի համար՝ 6810 դրամ:

Տպել Տպել