Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100- ամյակին նվիրված ընդունելություն

Ս.թ. մայիսի 29-ին Սանկտ-Պետերբուրգի «Ամրոց» համալիրում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին:

Ընդունելությանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչության, Լենինգրադի և Վոլոգդայի մարզերի իշխանությունների, ք. Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Օրենսդիր մարմինների, ԱՊՀ ՄԽՎ-ի ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում հայ համայնքի ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ բանակի սպաներ և կուրսանտներ, հոգևորականներ:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ելույթում անդրադարձավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը պատմությանը, պատմական և վերջին քաղաքական իրողություններին: Իր ելույթում գլխավոր հյուպատոսը մասնավորապես ընդգծեց. «Հայաստանի Հանրապետությունը գնահատում է Ռուսաստանի Դաշնության այն հավասարակշիռ պահվածքը, որը դրսեւորվեց Հայաստանում ժողովրդային շարժման օրերին: Ինչպես օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմավարական դաշնակցային հարաբերությունները եղել և մնում են մեզ համար առաջնային և Հայաստանում այս մասին կա կոնսենսուս: Այդ հարաբերությունները էլ ավելի պետք է սերտանան օգտագործելով թե Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները և թե ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմատեխնիկական համագործակցությունը և թե միջռեգիոնալ հորիզոնական կապերը: Հայաստանում, որ քաղաքական ուժն էլ գա իշխանութան նա պարտավոր է ելնել հենց այս իրողությունից: ՀՀ իշխանություները այսօր ևս հաստատում են իրենց պատրաստակամությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու Ղարաբաղի հակամարտության խնդիրը՝ միջազգային ընդունված նորմերին համապատասխան սակայն որին Նախագահ Ի. Ալիևը ի լուր աշխարհի հայտարարում է «թե Երևանը ևս Ադրբեջանի տարածք է»: Կարծում ենք երկխոսության համար սա անընդունելի պահվածք է:

ՀՀ-ը ինչպես երբեք այսօր էլ ավելի է վճռական պաշտպանելու հայության անվտանգությունը ՀՀ-ում և Արցախում, էլ ավելի է վճռական արդարության վրա հիմնված տնտեսական, իրավական համակարգի կատարելագործմանը և էլ ավելի է զարգացնելու ու խորացնելու բարեկամ ու դաշնակից երկրների հետ կապերի ու փոխադարձ հարգանքի ու շահերի գիտակցմամաբ փոխշահավետ համագործակցությունը և առաջին հերթին մեր դարավոր բարեկամ ռուս ժողովրդի հետ»:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի Կառավարության փոխնահանգապետ Աննա Միտյանինան, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր մարմնի միջազգային հարցերով վարչության ղեկավար Վատանյառ Յագյան, Լենինգրադի մարզի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Անդրեյ Մինինը, Լենինգրադի մարզի Օրենսդիր մարմնի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պուլաևսկին և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը:

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսին և ողջ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ էին հղել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, Վոլոգդայի մարզի Նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը և Կալինինգրադի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Զինիչևը:

Վերջում տեղի ունեցավ համերգային ծրագիր և հանդիսավոր ընդունելություն:

Տպել Տպել