Գեղարքունիքը զարգացնելու հսկայական պոտենցիալ կա

Հայաստանի ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքը, առաջին անգամ կղեկավարի դաշնակցական մարզպետ: Խոսքը ՀՅԴ ԳՄ անդամ, 36-ամյա Իշխան Սաղաթելյանի մասին է, ով ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից է:

Նոր կառավարության կազմում ընգրկվելու, Գեղարքունիքի մարզում առկա խնդիրների, մարզի զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Իշխան Սաղաթելյանի հետ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը նոր կառավարությունում:

-Շատ վճռական եմ տրամադրված, ծանոթ եմ կառավարության ներկայացրած ծրագրին, ծանոթ եմ մարզի խնդիրներին: Մարզը զարգացնելու և առկա խնդիրները լուծելու վճռականությամբ էլ ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը:

-Օրենսդիր և գործադիր մարմիններում Ձեր ունեցած փորձը բավարա՞ր է մարզի կառավարման ղեկը վերցնելու համար, չէ՞ որ Ձեր ուսերին այսուհետ ավելի մեծ պատասխանատվության բեռ է ընկնելու:

-Օրենսդիր մարմնում աշխատել եմ 4 տարի, 2008-2009թթ. եղել եմ ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական, իսկ 2009-2012թթ. ԱԺ պատգամավորի օգնական: Բնապահպանության նախարարությունում աշխատել եմ նախարարի խորհրդական: Աշխատանքային գործունեությանս մեծ մասը եղել է հասարակական հիմունքներով: Իհարկե, մարզպետի աշխատանքը տարբեր է՝ ավելի պատասխանատու է և պարտավորեցնող: Կառավարման ոլորտում ունեցած պատկերացումներս բավարար են, որ գիտակցեմ առկա խնդիրների լրջությունն ու մարզի զարգացման հեռանկարները:

-Զարգացման ի՞նչ հեռանկարների մասին է խոսքը:

-Գեղարքունիքի մարզի համար առաջնային է գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգացումը: Մարզի բնակելի հողերի 64 տոկոսից ավելին գյուղատնտեսական նշանակության հողեր են: Ժամանակին Գեղարքունիքի մարզը եղել է Հայաստանում հացահատիկի և կարտոֆիլի մշակման կարևոր շրջաններից մեկը: Այս ոլորտում մեր մարզը հսկայական պոտենցիալ ունի, որը լիարժեքորեն չի օգտագործվում: Անշուշտ, գյուղատնտեսության ոլորտում որոշակի առաջընթացներ կան, սակայն դրանք բավարար չեն: Բավարար չեն, քանի դեռ մեր գյուղերից մարդիկ արտագաղթում են, չեն կարողանում լրացուցիչ բարիքներ ստեղծել և բարելավել իրենց սոցիալական պայմանները:

– Զբոսաշրջության զարգացման ի՞նչ հեռանկարներ կան Գեղարքունիքում: Սևան քաղաքն, օրինակ, այդքան մոտ գտնվելով Սևանա լճին, զբոսաշրջային քաղաքի տպավորություն ամենևին չի թողնում:

-Սևանը, որպես զբոսաշրջային քաղաք, զարգացման մեծ հնարավորություններ ունի, սակայն ներկայիս ենթակառուցվածքներով բավականին հետ է Հայաստանի մյուս քաղաքներից, հետևաբար` ներդրումների առումով այնքան էլ գրավիչ չէ: Ինչ-որ չափով դա պայմանավորված է նաև բնակլիմայական պայմաններով. Սևանա լճի սեզոնայնությունն առավելագույնը երկու ամիս է, հետևաբար` ներդրողների հետաքրքրությունները վերաբերում են միայն ամառային տուրիզմին: Պետք է կոնկրետ քայլեր կատարել նաև Սևանը ձմեռային տուրիզմի համար գրավիչ շրջան դարձնելու համար:

-Արդյո՞ք ճիշտ է տուրիզմի զարգացման ողջ բեռը Սևանա լճի և մերձափնյա գոտիների վրա թողնելը:

-Երբ ես ասում եմ` Սևան, նկատի չունեմ միայն Սևան քաղաքն իր մերձափնյա շրջաններով: Սևանա լիճն ընդգրկում է 5 շրջան, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր բնակլիմայական պայմաններով: Ճամբարակի, Վարդենիսի շրջանում կարող ենք զարգացնել էկոտուրիզմը կամ գյուղատնտեսական տուրիզմը, Մարտունու, Գավառի հատվածում կարելի է արկածային տուրիզմը զարգացնել և այլն:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո բազմիցս կոչ է արել օտարերկրյա ներդրողներին` Հայաստանում ներդրումներ իրականացնել: Ինչպե՞ս եք պատրաստվում շահագրգռել ներդրողներին, որպեսզի ընտրեն հենց Գեղարքունիքը:

-Անշուշտ, ստեղծված իրավիճակում մենք նոր ոգով, նոր շնչով սկիզբ ենք դնելու նոր ծրագրերի իրագործմանը: Մենք պարտավոր ենք, իբրև պետություն, ներդրողների համար ստեղծել լիարժեք, արդար և հավասար պայմաններ, ապահովել, սակայն, որպեսզի մարզը ներդրողների համար գրավիչ լինի, պետությունը պետք է գործուն և հետևողական քայլեր իրականացնի՝ ենթակառուցվածքներ ստեղծելով, ճանապարհները կարգի բերելով և այլն:

-Գեղարքունիքի մարզում առաջին անգամ է նման բարձր պաշտոն վստահվել դաշնակցականի: Որքանո՞վ է պարտավորեցնող այս պաշտոնի ստանձնումը Ձեզ համար` թե՛ որպես կուսակցականի և թե՛ որպես մարզի բնակչի:

-Պարտավորությունը բավականին մեծ է, քանի որ կառավարությանն իմ թեկնածությունն առաջարկել է Դաշնակցությունը: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի արդարացնեմ նոր կառավարության ու այն մարդկանց հույսերը, ովքեր վստահել են ինձ և իմ կուսակցությանը: Օգտագործելու եմ մեր կուսակցության համահայկական հնարավորությունն ու ներուժը՝ մարզում տարբեր ներդրումային ծրագրեր, այդ թվում սոցիալական, իրականացնելու համար: Խոսքը Սփյուռքի դաշնակցական կառույցների աջակցության մասին է: Արդեն իսկ որոշակի պայմանավորվածություն կա, որ այն մարզերը, որոնց ղեկավարումը վստահված է դաշնակցական գործիչներին, Սփյուռքի մեր կառույցների կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանան:

-Կարծիքներ կան, որ ՀՅԴ-ի կողմից ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրելը և քաղաքական իրողությունների փոփոխությամբ այն դադարեցնելը հանրության տարբեր շերտերի մոտ որոշակիորեն նվազեցրել են ՀՅԴ-ի նկատմամբ վստահությունը: Կիսո՞ւմ եք այդ մտահոգությունը:

-Դաշնակցությունն իր գործունեության 128 տարվա ընթացքում շատ բարդ ուղի է անցել: Մենք երբեք չենք շեղվում մեր որդեգրած ռազմավարությունից, տարբեր իրավիճակներում երբեք չենք անի հայտարարություններ` ինչ-որ շրջանակների հաճոյանալու համար: Մենք ունենք որդեգրած հստակ ռազմավարություն, որը բխում է մեր ժողովրդի շահերից: Իսկ ինչ վերաբերում է պահի տակ ՀՅԴ-ի հեղինակության նվազմանը կամ ավելացմանտ, ապա մենք մեր երկրում մշտապես ունեցել ենք կայուն հետևորդներ: Հուսով եմ` մեր առաջիկա գործողություններով և քայլերով պայմանավորված, նրանց թիվը շեշտակի կավելանա:

-Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նոր նշանակված մարզպետերը չեն կարող զբաղվել գործարարությամբ, նման արգելք սահմանված է նաև ՀՀ օրենսդրությամբ: Ձեր անվան հետ կապված տարբեր բիզնեսներ կան, ի՞նչ կասեք այդ մասին:

-Տարբեր բիզնեսներ` չափազանցված է ասված: Ամեն դեպքում` ես երբեք չեմ ժխտել այն փաստը, որ ժամանակին հիմնել եմ ընկերություն և գործարարությամբ զբաղվել: Ես 22 տարեկանում` դեռևս ուսանողական տարիներին, 50 դոլար կապիտալով ստեղծել եմ ընկերություն, սակայն երբևէ որևէ ընկերությունում տնօրեն չեմ եղել կամ վարչական այլ աշխատանք չեմ իրականացրել: Ընկերությունը հիմնելու ժամանակահատվածում որևէ պաշտոն չեմ զբաղեցրել: Բիզնեսն իմ և ընտանիքիս համար եղել է ապրուստի միջոց: Ներկայումս ես անմիջականորեն չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Ես ամբողջությամբ կիսում եմ պարոն նախարարի տեսակետը: Իմ կարծիքով` մարդիկ չպետք է իրենց բիզնեսն օգտագործեն պաշտոն ստանալու կամ քաղաքականություն մտնելու, և հակառակը` երբեք պաշտոնը չպետք է օգտագործեն բիզնեսը զարգացնելու համար: Սա ինձ համար սկզբունքային է և խոր համոզմունք:

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

Տպել Տպել